«Ոչ, հարգելիներս, այդ իշխանությունը չէ, որ փողոցում ընկած է, այլ լավ ու դրական իմաստով՝ մեր երկրի երիտասարդ սերուցքը». Ռուբեն Բաբայան
Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց վերջին օրերին Հանրապետության ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների՝ նոր վարչապետի դեմ քաղաքացիների ընվզման և դրանց արձագանքների մասին, անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի ընտրությունը:
«Արդեն այն տարիքում եմ, որ հավատում եմ միայն գործողություններին, այլ ոչ խոսքերին: Վերջիվերջո, մենք զարգացում կամ անկում ենք ապրում գործողությունների արդյունքում, այլ ոչ թե խոսքերի, այնպես որ՝ կապրենք և կտեսնենք,- ասաց Ռ. Բաբայանը՝ հավելելով,- Ի՞նչը ինձ դուր չեկավ. վարչապետի թեկնածուի ներկայացման ձևը՝ Ծաղկաձորում: Չգիտեմ՝ դա նի՞ստ էր, թե՞ համագումար, բայց այդ փորձը՝ անպայման վերականգնել նախորդ համակարգի՝ Սովետական Միության բոլոր ձևերը… դա այնպիսի մի դեժավյու էր: Ժամանակը պահանջում է ոչ միայն նոր գաղափարներ, այլ նաև նոր ձևեր, սա է ժամանակի հրամայականը»:
Ռուբեն Բաբայանը, սակայն, նկատեց՝ դրանից ավելի կարևոր է այն, թե ինչ է կատարվում արդեն այսօր:
«Այս ամենը լուրջ մտորելու տեղիք է տալիս: Խոսք էր գնում, թե իշխանությունը փողոցում ընկած է և պարզապես պետք է գնալ ու վերցնել այն: Ոչ, հարգելիներս, այդ իշխանությունը չէ, որ փողոցում ընկած է, այլ լավ ու դրական իմաստով՝ մեր երկրի երիտասարդ սերուցքը: Այս իշխանությունները տարիներ շարունակ այնքան էին տարված իրենց վերարտադրման, սեփական նեղ անձնական խնդիրների լուծման ճանապարհներ որոնելով, որ չէին էլ նկատում, որ այս երկրում երիտասարդներ կան, ովքեր լուրջ խնդիրներ ունեն, և նրանք ուզում են, որ այդ խնդիրները լուծվեն: Երիտասարդներն այս երկրի այն առողջ կորիզն են, ում իրական պահանջը հենց համակարգային փոփոխություններն են, ու այն, ինչ անում են նրանք արդեն օրեր շարունակ քաղաքի և հանրապետության տարբեր տարածքներում, հենց այդ խնդրի լուծմանն ուղղված քայլեր են:
Ես ասել եմ, նորից կրկնում եմ՝ անձերով ոչինչ չի փոխվելու, պետք է փոխել համակարգը, և ահա մեր երկրի երիտասարդները շատ վճռական տրամադրվածությամբ լծվել են հենց այդ գործի իրականացմանը: Այստեղ է, որ շատ վտանգավոր բան եմ տեսնում՝ ավելի սարսափելի հետևանքների է հանգեցնելու ոչ թե արյունահեղությունը, որը, անշուշտ, և ամեն գնով պետք է բացառել, բայց անդառնալի հետևանքներ է ունենալու այս երիտասարդների հուսախաբությունը, եթե հանկարծ նման բան տեղի ունենա»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով օրեր առաջ նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանի հնչեցրած որոշ մտքերին, Ռ. Բաբայանն ասաց. «Ես, ճիշտն ասած, լավ չեմ հասկացել, թե ի՞նչ է նշանակում՝ «հանգած հրաբուխ» այս պարագայում, կամ ո՞ւմ է արդյոք այն ուղղված, բայց մի բան հստակ է՝ հանգած հրաբուխը հնարավոր չէ արթնացնել, եթե այն իրապես հանգած է, առավել ևս՝ բզբզալով: Ուզում է՝ միլիոնավոր բզբզողներ լինեն, մեռած մարմինը հնարավոր չէ կենդանացնել: Փոխարենը՝ հրաբուխն ունի օրենքներ՝ այն կուտակում է համապատասխան էներգիան, և տեղի է ունենում ժայթքում: Սա է օրենք, իսկ այդ հրաբուխն անպայման ժայթքելու է՝ ուզեն, թե չուզեն»:
Անդրադառնալով հնչեցված հարցին, թե ինչո՞ւ էր նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը տևական ժամանակ լռություն պահպանում, այն պարագայում, երբ երկրի ներսում պայթյունավտանգ իրավիճակներ էին հասունացել, պարոն Բաբայանը պատասխանեց. «Գիտե՞ք, ինձ համար ավելի հեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է աղմկում գետը, քան՝ ինչո՞ւ է նորանշանակ նախագահը լռում»: Ի վերջո, արդեն օրեր անց նա ինչ-որ բան ասաց այդ թեմայով: