«Այս շարժման նպատակը ո՞րն է, թե՞ սա ընդամենն ինչ-որ ժամանակավոր պրոյեկտ է՝ «դեղին քարտ» ցույց տալու համար իշխանությանը». Քաղտեխնոլոգ

«Եթե զուտ շենքեր են փակում, ապա այդ շենքերը կարող են շատ կարճ ժամանակ փակել, խնդիր չկա, միգուցե մի շաբաթ կամ 10 օր փակեցին, բայց եթե գործողությունների հետագա ծրագիր չկա, այդ շենքերի փակումը դառնում է ինքնանպատակ, և ինքնըստինքյան այդ գործողությունները սկսում են խնդիրներ ստեղծել այդ շենքում աշխատողների մոտ, ինչը կարող է վնաս բերել հենց այդ նույն քաղաքական գործընթացին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ պատրաստվում են պետական գերատեսչական շենքեր շրջափակել:

Ա. Բադալյանի խոսքով՝ եթե դրան հետևելու են այլ գործողություններ, ապա դա արդեն օգուտ կտա. «Այսինքն՝ կախված է նրանից, թե այդ շենքերի փակման գործողությունը մեծ ծրագրի դետա՞լ է, թե՞ ինքնանպատակ: Այս պահի դրությամբ մենք չենք կարող ասել»:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը լիդերներն աննախադեպ գնահատեցին:

Ա. Բադալյանի կարծիքով՝ աննախադեպ էին 2008 թվականի մարտի 1-ից առաջ տեղի ունեցող հավաքները.

«Որովհետև այնտեղ իրոք աննախադեպ մեծ քանակությամբ մարդիկ կային: Եղել են օրեր, որ մոտավորապես 180-200 հազար մարդ էր հավաքվում Ազատության հրապարակում: Իսկ երեկվա հանրահավաքին 5-10 հազար մարդ կար, ինչը բավականին մեծ թիվ է՝ վերջին մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ժամանակ մարդկանց թվաքանակի համեմատ, սակայն աննախադեպ չէր»:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ՀՀ-ում 5-10 հազար հոգի միշտ պատրաստ է ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնել, և համապատասխան ֆինանսավորման և աջակցության շնորհիվ՝ այդ թիվը կարող է մի քանի անգամ ավելանալ. «Եթե լինի Արևմուտքից ընդգծված աջակցություն, ապա չի բացառվում, որ այդ շարժումները կարող են հաջողության արդյունք ունենալ, այսինքն՝ հանգեցնել իշխանափոխության»:

Հարցին՝ հիմա այդ աջակցությունը չե՞ք տեսնում, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Այս պահի դրությամբ կա դիտորդական դիրք, կեցվածք, որովհետև արդեն ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը կա, բայց ասել, որ բացահայտ աջակցություն կա, չէ՛, այս պահի դրությամբ մենք դա չենք տեսնում: Խնդիրն այն է, որ դեռևս անհասկանալի են այս շարժման վերջնական նպատակները:

Այս շարժման տակտիկական քայլերն են երևում, բայց հետագա գործողություններն ի վերջո որո՞նք են: Խոսում են ինչ-որ հեղափոխական կոմիտեներ ստեղծելու մասին, սակայն ինչ-որ ավելի կոնկրետ քայլեր դեռևս չեն երևում, որովհետև անհասկանալի է՝ այդ հեղափոխական կոմիտեներն ինչպե՞ս են իշխանությունը վերցնելու մարզերում կամ Երևանի տարածքում, և այլն: Իշխանությունը դեռևս վերցված չէ»:

Խոսելով այն մասին, թե ինչքանո՞վ գործընթացի վրա կարող է ազդել այն, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցրեց Ֆրանսիայի հրապարակում գիշերելը՝ Ա. Բադալյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե հետագայում ինչ գործողություններ կանեն.

«Որովհետև ցանկացած գործողություն, միջոցառում, եթե սկսում է մի քանի օր կրկնվել, այն կորցնում է հետաքրքրությունը և ինքն իրեն սկսում է արդեն մարել: Դրա համար մի քանի օր գիշերել հանրահավաքի վայրում՝ արդեն որոշ ժամանակ հետո էլ արդյունք չի տալիս, այսինքն՝ պետք է ինչ-որ նորություն մտցվի: Խնդիրն այն չէ՝ իրենք գիշերը կմնա՞ն հանրահավաքի վայրում, թե՞ չեն մնա, խնդիրն այն է, թե հետագայում ի՞նչ գործողություններ պետք է ծրագրավորվի, իսկ մենք տեսնում ենք, որ որոշակի ուղղորդում կա»:

Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ ուղղորդման մասին է խոսքը՝ Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Օրինակ՝ կա վերևից ինչ-որ հրահանգ, որ որոշակի սահմաններ չանցնեն, եթե սահմաններն անցնում են, ստանում են ոստիկանների կողմից հակահարված, բայց ոստիկանությանն էլ է հրահանգված՝ սահմաններ չանցնել: Երևում է, որ կա ինչ-որ ֆինանսավորում, իսկ դա որոշակի ծավալի ֆինանսավորում է»:

Դիտարկմանը, թե երեկվա հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սփյուռքից շատ հայեր փոխանցումներ են անում իրենց հաշվեհամարներին՝ քաղտեխնոլոգն այսպես արձագանքեց. «Դե, շատ բան կարող են հայտարարել, խնդիրն այն չէ, թե ինչ են հայտարարում, այլ այն է, որ տեսնում ենք, որ ֆինանսավորում կա: Կարող է՝ ինչ-որ մարդիկ ինքնաբուխ որոշակի գումար փոխանցեն, բայց սա ինքնաբուխ որոշակի գումարի խնդիր չէ»:

Մեր ճշտող հարցին, թե ավելի մեծ գումարների մասի՞ն է խոսքը՝ Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Հավանաբար: Եվ հետո, մենք տեսնում ենք, որ բավականին հետաքրքրություն են դրսևորում արևմտյան լրատվամիջոցները, չեզոք են լուսաբանում ռուսական լրատվամիջոցները:

Շարժումը, որը նպատակ ուներ թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ, փաստորեն չիրականացավ, Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ: Բայց պետք է հասկանալ՝ ի վերջո, այս շարժման նպատակը ո՞րն է, լավ, ի՞նչ են ուզում, թե՞ սա ընդամենն ինչ-որ ժամանակավոր պրոյեկտ է՝ «դեղին քարտ» ցույց տալու համար իշխանությանը, իսկ ո՞վ է ուզում «դեղին քարտ» ցույց տալ իշխանությանը՝ Արևմուտքի՞ց, Ռուսաստանի՞ց, թե՞ ներհայաստանյան իշխանական շահագրգիռ կողմերից»:

Տեսանյութեր

Լրահոս