«Եթե նույնիսկ մենք քայլենք Սևանա լճի վրայով, կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք մեզ կմեղադրեն լողալ չիմանալու մեջ». Էդուարդ Շարմազանով
«Այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է մեծ հաջողություններ»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` թվարկելով այդ հաջողությունները` Հայաստանն իրականացրեց նախաձեռնող արտաքին քաղաքականություն և դարձավ տարածաշրջանային գործոն, շուրջ մեկ տասնյակ երկրներ ճանաչեցին Ցեղասպանությունը, ՀՀ-ն դարձավ ԵԱՏՄ անդամ, համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ, ՀՀ-ն ամրապնդել է իր անվտանգության համակարգը, և այլն:
«Եթե նույնիսկ մենք քայլենք Սևանա լճի վրայով, կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք մեզ կմեղադրեն լողալ չիմանալու մեջ»,- ասաց Է.Շարմազանովը` մաղթելով, որ կասկածները տարիներ հետո վերածվեն համոզմունքի, թերությունները` ձեռքբերումների:
Լրագրողների հետ զրույցում Է.Շարմազանովը բնական համարեց ժողովրդի անհնազանդությունը, քանի որ իշխող համակարգից դժգոհությունները բնորոշ են բոլոր հասարակություններին. «Մարդիկ ոչ միայն Հայաստանում են դուրս գալիս փողոց, այլ նաև՝ Գերմանիայում, Ճապոնիայում և ժողովրդավար այլ երկրներում»: