«Այս պահին փողոցում գտնվում է Հայաստանի ընդհանուր բնակչության մանրակերտը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ փողոցում պայքարող քաղաքացիները փորձում են թույլ չտալ Սահմանադրության առաջին հոդվածի երկրորդ կետի խախտումը։
«Սահմանադրության առաջին գլխի երկրորդ կետն ասում է, որ իշխանության յուրացումը կազմակերպության կամ անձի կողմից հանցագործություն է։

Այսօր փողոց դուրս եկած մարդիկ փորձում են թույլ չտալ այդ հանցագործության կատարումը։ Այն, ինչ հիմա է կատարվում, ռեալ պայքար է հանցագործության դեմ։ Այդ հանցագործության զգացողությունն ունեն նաև այդ հանցագործությունն իրականացնողները, որոնք ռիսկ չարեցին Երևանում իրենց թեկնածուին առաջադրել և գնացին Ծաղկաձոր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
Խառատյանի խոսքով՝ Ծաղկաձորի ընտրությունն էլ պատահական չէր.

«Ծաղկաձորն այսօր այն տարածքն է, որտեղ կենտրոնացած են Հայաստանի օլիգարխները՝ իրենց բոլոր հյուրանոցներով, զվարճանքի վայրերով, ռեստորաններով, սպորտային համալիրներով։ Ես նույնիսկ մտածում եմ, որ Հայաստանի արտաքին պարտքի զգալի մասը հենց այդ տարածքում է թաղվել և հարություն առել՝ այս բոլոր շքեղությունները կառուցելով։ Ծաղկաձորը չունի ընդդիմադիր բնակչություն, եղած-չեղած 10 հազար հոգի է այնտեղ ապրում, որոնք հազիվ սպասարկում են օլիգարխներին։ Տեղն ընտրված էր անվրեպ»։

Ազգագրագետը նկատեց՝ հիմա փողոցում այն զանգվածը չէ, որի մասին նախկինում խոսում էր Սերժ Սարգսյանը.

«Նա բազմիցս ասել է՝ սա ի՞նչ ժողովուրդ է, սա ի՞նչ ժողովրդի կամք է, թոշակառուների հավաք է։ Հիմա թոշակառուների հավաք չէ․ այս պահին փողոցում գտնվում է Հայաստանի ընդհանուր բնակչության մանրակերտը՝ մտավորականներ, գրագետներ, անգրագետներ, արհեստավորներ։ Սա այն հրապարակն է, որը շատ գիտակցված փորձում է երկրի ընդհանուր բնակչության իրավունքը պաշտպանել»։

168.am-ը հետաքրքրվեց՝ իր կարծիքով՝ այս պայքարն ի՞նչ արդյունք կունենա։ Ի պատասխան՝ ազգագրագետը նշեց, որ երկու արդյունք է սպասվում.

«Լավ արդյունքն այն կլինի, որ, եթե չհաջողվի կանխել այս պրոցեսը, ապա Հայաստանի բռնապետացումը զգալիորեն կդանդաղի, և հնարավոր է՝ մշակվի գործողությունների ծրագիր, որը չհասցնեն բացարձակեցման։ Վատ արդյունքն այն կլինի, որ իշխանության ուզուրպատիան շատ արագ կլինի, և այս ամբողջ հասկացող զանգվածը կընկնի ուղղակի այնպիսի ճնշման տակ, որ մեզ ոչ այնքան անհայտ 37 թիվը կարող է շատ մոտենալ, եթե արդեն շատ չի մոտեցել»։

Տեսանյութեր

Լրահոս