«Վարչապետը կընտրվի, որից հետո գուցե այս տրամադրությունները մեղմվեն». գերմանացի քաղաքագետ

«Դժվար է ասել, թե ինչ արդյունք կտան երևանյան զարգացումները, քանի որ ընթացքից է շատ բան կախված»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանցի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Երևանում ծավալվող իրադարձություններին, որոնք ուղղված են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Ալեքսանդր Ռարն ասաց, որ մոտիկից չի հետևում իրադարձություններին, ավելին՝ միջազգային մամուլում այդ իրադարձություններն ակտիվորեն չեն լուսաբանվում: Սակայն, ըստ նրա, նման ակցիաները և քայլերը խոսում են երկրում առկա խնդիրների, ինստիտուցիոնալ պայքարի գործիքների անարդյունավետության կամ այն մասին, որ որոշ գործիչներ կամ հասարակության հատվածներ այդ պայքարը նպատակահարմար չեն համարում:

«Այնուամենայնիվ, փողոցային պայքարը, այն էլ՝ քաղաքի կյանքի ապակայունացումը` գործադուլը, դասադուլը, տրանսպորտի գործունեության խոչընդոտումը, ծայրահեղ միջոց է միշտ, որից պետք է հնարավորինս խուսափել, իսկ եթե չեն կարողանում խուսափել, ապա պետք է փորձել խուսափել բախումներից:

Նման ակցիաները և նման միջոցների գործադրմամբ պայքարը կարող է արդյունքների բերել, եթե հասարակության մեծ մասը լինի փողոցում, իսկ եթե սա մի քանի հարյուր մարդկանց նախաձեռնություն է, ապա նման դեպքերում սովորաբար և անհրաժեշտաբար իշխանությունը միջոցներ է ձեռնարկում երկրի մյուս քաղաքացիների բնականոն կյանքը վերադարձնելու համար»,- ասաց Ռարը:

Ըստ նրա, դժվար է ասել, թե ինչ արդյունք կտան երևանյան զարգացումները, քանի որ ընթացքից է շատ բան կախված: «Այնուամենայնիվ, կարծում եմ` վարչապետը կընտրվի և կլինի նախորդ նախագահը, որից հետո գուցե այս տրամադրությունները մեղմվեն»,- նկատեց Ալեքսանդր Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս