
Թրամփը զայրացել է՝ իմանալով, թե որքան ռուս դիվանագետների է արտաքսել ԵՄ-ն. The Washington Post

Նախագահ Դոնալդ Թրամփը սաստիկ բարկացել է՝ իմանալով, որ Ֆրանսիան եւ Գերմանիան չորսական դիվանագետների են արտաքսել, մինչդեռ ԱՄՆ-ը՝ 60: Այդ մասին գրել է The Washington Post-ը:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի օգնականները տակավին մարտի 24-ին նրան ներկայացրել էին գործողությունների պլան, որի համաձայն ԱՄՆ-ը պետք է արտաքսեր «գրեթե նույնքան ռուս դիվանագետների, որքան որ եվրոպական դաշնակիցները»: Թերթը պարզաբանում է, որ նրանք նկատի են ունեցել դիվանագետների ընդհանուր թիվը, սակայն Թրամփը որոշել է, որ խոսքը վերաբերում է Եվրամիության յուրաքանչյուր առանձին վերցված երկրի եւ ցասումով է լցվել:
Բարձրաստիճան պետական պաշտոնյաների խոսքով՝ նախագահն սկսել է օգնականներին հանդիմանել անցենզուր խոսքերով եւ գոռալ, թե «իրեն չի հուզում ընդհանուր թիվը», քանի որ ստացվում է, որ իր վարչակազմն է Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքը բռնում:
Մարտ ամսվա վերջին արեւմտյան երկրները միասին վերցված արտաքսել են 150 ռուս դիվանագետների: Դա տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի Սոլսբերիում Պետական հետախուզական վարչության նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորումից հետո, որի համար Լոնդոնը մեղադրել է Մոսկվային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: