Բաժիններ՝

«Գեղեցիկ ծերությունն ընտրյալների համար է, ծերացեք գեղեցիկ». Վաժա Մխիթարյան

Միջազգային CMC վարսահարդարների, մատնահարդարների և դիմահարդարների կոնֆեդերացիայի փոխնախագահ, Ռուսաստանի CMC կոնֆեդերացիայի նախագահ Վաժա Մխիթարյանն այս օրերին Երևանում է: Նա Հայաստան է այցելել տեղում հայ մասնագետների համար եռօրյա սեմինար անցկացնելու համար: Մեզ հետ զրույցում Վաժա Մխիթարյանն ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես մարզերից ու Արցախից սեմինարին մասնակիցներ ներգրավելու ուղղությամբ:

Մեր զրուցակիցը նկատեց՝ վաղուց ապացուցված փաստ է՝ հայերը, լինեն Հայաստանում թե աշխարհի որևէ այլ կետում, տաղանդավոր են՝ ինչպես արվեստում, այնպես էլ՝ արհեստների մեջ, և աշխարհը վաղուց հաշվի է նստում այս իրողության հետ: Հայաստանում այս ոլորտում ևս խնդիրներ կան, և պատճառը, ըստ պարոն Մխիթարյանի՝ արհեստավարժ մասնագետների պակասն է և միջոցների սղությունը՝ այստեղ հրավիրելու միջազգային որակի մասնագետների, որոնք վարպետության դասերի միջոցով տեղի մասնագետներին կփոխանցեն իրենց հմտությունները:

Վաժա Մխիթարյանի հետ մենք զրուցել ենք աշխարհում և Հայաստանում գեղեցկության տենդենցների, միջազգային փառատոներում և բեմերում հայ մասնագետների նվաճումների մասին, ինչպես նաև անդրադարձել ենք հարցերին, թե ի՞նչ նախասիրություններ ունեն հայ աղջիկները՝ նորաձևության հարափոփոխ տենդենցներում, և որքանո՞վ են դրանք հաջող կերպարների վերածվում առօրյա կյանքում և երեկոյան միջոցառումների ժամանակ:

Կարդացեք նաև

– Ինչպես յուրաքանչյուր ոլորտում, նորաձևության մեջ հատկապես՝ ամեն երկիր ունի իր ազգային առանձնահատկությունները: Ինչ վերաբերում է հայերին, ապա պետք է նկատեմ, որ այս առումով նույնպես հայերը բավական պահպանողական են: Իսկ ի՞նչ է պահպանողականությունը, ես կասեի՝ վատ ճաշակի դրսևորում:

Մարդիկ այստեղ, չգիտես ինչո՞ւ, վախենում են համարձակ փոփոխություններից, մինչդեռ արդյունքում՝ կորցնում են ավելին, քան, եթե փորձեին արտաքին տեսքում ավելի համարձակ նորամուծությունների գնալ: Այստեղ՝ Հայաստանում, ամենուր համատարած միօրինակություն է: Կուրորեն նորաձևության հետևից շարժվելը, ի դեպ, նույնպես վատ ճաշակի դրսևորումներից մեկն է: Մինչ դուք ընկած եք նորաձևության հետևից, աշխարհի նորաձևության տներն արդեն այլ տենդենց են առաջ քաշում, որի արդյունքում դուք դարձյալ հայտնվում եք նորաձևությունից դուրս:

Փոխարենը՝ ավելի լավ կլինի ուշադրություն դարձնել ոչ թե նորաձևությանը, այլ գրագետ ոճի մշակմանը: Իրականում դրանք իրարից սկզբունքորեն տարբեր երևույթներ են: Գեղեցկությունը նկատելը ճաշակի հարց է, իսկ այն ստեղծելը՝ արվեստի գործ: Ճաշակը սովորեցնել հնարավոր չէ: Այն մայրական կաթի հետ կա՛մ կա, կա՛մ չկա: Այլ հարց է, որ այն կարելի է մշակել, կատարելագործել և հղկել, որի համար էլ ստեղծված են պրոֆեսիոնալները:

– Որո՞նք են հայաստանյան այս ոլորտի խնդիրները:

– Առաջին հերթին՝ այն, որ այստեղ գրեթե բոլորին թվում է, թե իրենք ամեն ինչ գիտեն, այլևս սովորելու ոչինչ չունեն: Մարդիկ այստեղ չափազանց ամբիցիոզ են: Ոչ մեկն իրեն վարսավիր չի համարում, ում հետ խոսում ես, ասում է՝ ես ոճաբան եմ: Ու քիչ է մնում ասեմ՝ ներեցեք, որ նստած եմ խոսում ձեզ հետ, բայց ես վարսավիր եմ: Արդեն 52 տարի շարունակ այս ոլորտում եմ ու ինձ ոճաբան չեմ հայտարարում, ես վարսավիր եմ, էլ չեմ խոսում այն մասին, թե ես ամեն ինչ գիտեմ, նման բան չի կարող լինել, ինչպես ասում են՝ դար ապրիր, դար սովորիր:

– Պարոն Մխիթարյան, ի՞նչ է կատարվում աշխարհում՝ նորաձևության ոլորտում:

– Կատարվում է այն, որ արդեն վաղուց ոչ ոք նոր բան չի ստեղծում, և այսպես է ոչ միայն նորաձևության ոլորտում: Նորաձևությունը միայն կրկնվում է՝ ամեն 10-15 տարին մեկ անգամ: Իմ ողջ մասնագիտական կյանքի ընթացքում արդեն չորս անգամ նորաձևություն է փոխվել:

Տարբերությունը միայն ավելացող մանրուքներն են, որ հավակնում են ինչ-որ բան փոխել և համարվել նորը, և որպեսզի դրանք հաջողվեն, անհրաժեշտ է ճաշակ և վարպետություն: Հետևաբար, այսօր լավագույն մասնագետ է համարվում նա, ով որևէ բան կատարում է ավելի բարձր որակով, քան դա արդեն արվել է իրենից առաջ: Այնպես որ, շատ ճիշտ է ասված՝ նորը լավ մոռացված հինն է:

– Դուք խոսեցիք այն մասին, որ նորաձևությունն ու ոճը տարբեր բաներ են: Խոսե՞նք դրանց տարբերությունների մասին:

– Օրինակ, դուք մասնակցում եք մի երեկույթի, որին ներկա են քաղաքի ամենանորաձև մասսաները, ովքեր չեն խնայի 2000 դոլար տրամադրել մի զույգ կոշիկի կամ բլուզի համար: Նորաձևության ամենավերջին ճիչով զինված մասսաների մեջ ներս է մտնում մի կին, որ հագին ունի պարզ սև շրջազգեստ՝ ֆրանսիական դասական բարձրակրունկ սև կոշիկներով, և պարանոցին փայլում է ադամանդե մեկ քարիկ:

Սա կոչվում է գրագետ և մշակված ոճ ունեցող կին, ով, հավատացեք, երբեք և ոչ մի պարագայում ավելի վատ չի նայվի, քան այդտեղ ներկա՝ նորաձևության վերջին ճիչով զինված կանայք: Նորաձևության և ոճի տարբերությունն առկա է նաև որակի մեջ: Իմ հագին այսինչ նորաձևության տան հեղինակած կոստյումն է:

Բացարձակ նմանությամբ կոստյումներ են ստեղծվում նաև Չինաստանում կամ Թուրքիայում: Եվ երբ երկու տարբեր մարդիկ իրար կողք կողքի հայտնվում են միևնույն կոստյումներով՝ բրենդային և կրկնօրինակված տարբերակով, և, եթե անգամ դուք չեք տեսնում նրանց կոստյումների պիտակը, միևնույն է՝ անգամ անզեն աչքով անհնար է չնկատել այդ հագուստների որակական տարբերությունները: Այնպես որ, ոճը նաև որակի մեջ է:

– Հայաստանում վերջին տարիներին տրենդային նորամուծություն են համարվում ազգային հագուստի կամ զարդանախշերի էլեմենտները: Դա ձեզ գրավո՞ւմ է:

– Շատ: Ես վրացահայ եմ, ծնվել եմ Վրաստանում, և մանկուց աչքս սովոր է տեսնել վրացական կանանց հատուկ ընդգծված ոճը: Ճիշտ է՝ հիմա Թբիլիսին այս առումով դիրքերը զիջել է, որովհետև այնտեղ են հայտնվել մեծ թվով թուրքեր, արաբներ ու իրանցիներ, բայց միևնույն է՝ անհնար է չնկատել, թե որքան են վրացիներն ընդգծում և տուրք տալիս իրենց ազգային արժեքներին, այդ թվում՝ նաև նորաձևության մեջ: Այստեղ՝ Հայաստանում, խնդիրը միայն հագուստի կամ կրած զարդերի մեջ չէ, այլ մտածողության:

Անցյալ տարի որպես հյուր ինձ հրավիրել էին մասնակցելու գեղեցկության մրցույթին: Ես մեծ սպասելիքներով եկա Հայաստան, հատուկ մասնակցելու այդ միջոցառմանը՝ հույսով՝ տեսնելու գեղեցկուհի հայուհիներին: Բացվում է բեմի վարագույրը, բեմ են դուրս գալիս աղջիկները, և հանկարծ ինչ-որ անհասկանալի աֆրիկյան մոտիվներով երաժշտություն է: Ինչի՞ համար, կամ ո՞ւմ է դա պետք, թե՞ դուք կարծում եք՝ դրանով որևէ մեկին կարող եք զարմացնել: Ո՛չ, աշխարհը վաղուց տուրք է տալիս անհատականությունների դրսևորմանը:

Անհատականություն եղեք ամեն ինչում, և հատկապես՝ մեր ազգային հագուստի և զարդանախշերի տարրով, ինչպես դուք ասացիք, որովհետև դրանք ամեն հայի անհատական դրսևորման լավագույն ձևերից մեկը կարող են դառնալ նորաձևության մեջ: Չմոռանանք, որ մենք հնագույն մշակութային արժեքների կրող ենք՝ շատ առումներով, իսկ ազգային արժեքները յուրաքանչյուր ժողովրդի հպարտության առիթն են:

– Մասնագիտական հայացքով նայելիս՝ որո՞նք կլինեին ձեր երեք խորհուրդները հայ աղջիկներին և կանանց:

– Առաջին հերթին՝ թող նրանք դադարեն նմանակել հոլիվուդյան աստղերին, որովհետև, դրա արդյունքում, որպես կանոն, դառնում են պարզապես ծիծաղելի: Փոխարենը՝ ավելի լավ կլիներ, որ նրանք ընդգծեին իրենց անհատականությունն ու մշակեին սեփական ոճը: Երկրորդ խորհուրդս՝ երբեք չկրել այնպիսի հագուստ, որը գրագետ կերպով չի փակում կնոջ կամ աղջկա մարմնի թերությունները: Իսկ անթերի մարդ չկա, եթե, իհարկե, անթիվ-անհամար պլաստիկ վիրահատությունների միջով չի անցել, ինչպես մեր հայրենակցուհի Շերն է, ով 26 վիրահատություն է տարել՝ ոտքից մինչև գլուխ, եղունգներից մինչև մազերն ու ուղեղ: Եվ երրորդ՝ ամենակարևոր խորհուրդս է՝ գտնել սեփական ոճը:

– Դուք դե՞մ եք պլաստիկ վիրահատություններին:

– Դեմ չեմ, հատկապես, երբ ամեն մարդն ինքն է որոշում՝ ինչ տեսք է ուզում ունենալ ինքը: Բայց, երբ դուք տեսնում եք ծերացած և մումիա հիշեցնող մարմնի վրա արհեստականորեն երիտասարդացրած դեմք, դա, մեղմ ասած, վախենալու է, եթե չասեմ՝ էժանագին և ծիծաղելի, որովհետև, իմ կարծիքով, դա նկատելիորեն ավելի է ընդգծում կնոջ ծերությունը:

Ամեն տարիք ունի իր առավելություններն ու գեղեցկությունը, հատկապես՝ կնոջ համար, էլ չասեմ, որ այն, ինչ բնական է, արդեն իսկ գեղեցիկ է: Գեղեցիկ երիտասարդություն շատերին է տրված, երիտասարդությունն արդեն իսկ գեղեցիկ է, իսկ ա՜յ, գեղեցիկ ծերությունն ընտրյալների համար է, այնպես որ, ծերացեք գեղեցիկ:

– Պարոն Մխիթարյան, տարբեր տարիների դուք աշխատել եք շատ հայտնի կանանց հետ: Կասե՞ք՝ ովքեր են եղել նրանց շարքերում:

– Երբ այս հարցն ինձ տալիս են, ես պատասխանում եմ՝ ամեն կին, ով հայտնվել է իմ վարսավիրական բազկաթոռի մեջ, ինձ համար արդեն հայտնի մեկն է, միայն նրա համար, որ կին է: Նա կարող է լինել հայտնի կամ ոչ, բայց կին է, և սրանով արդեն ամեն ինչ ասված է:

Ես հպարտ եմ եղել մասնագիտական ծառայություններս մատուցել նրանցից յուրաքանչյուրին: Իսկ արարողակարգի համար թվարկեմ հայտնի կանանց անուններ, ովքեր եղել են ինձ մոտ՝ Ստալինի դուստրը և թոռը, համապատասխանաբար՝ Սվետլանա Ալիլուևան և Օլգան, Վալենտինա Տերեշկովան, Ելենա Օբրազցովան, ինչպես նաև ռուսական քաղաքական էլիտայի շատ ու շատ կանայք:

Իսկ ընդհանրապես, իմ ողջ մասնագիտական գործունեության ընթացքում ինձ մոտ հաճախած յուրաքանչյուր կնոջ ես ընդունել, սպասարկել և ճանապարհել եմ՝ ինչպես թագուհու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս