Սոցցանցերից հրաժարվելը մարդուն ավելի երջանիկ է դարձնում. գիտնականներ
Սոցցանցերից հրաժարվելը մարդու օրգանիզմում նվազեցնում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Դա հետեւում է այն հետազոտությունից, որը հրապարակվել է Journal of Social Psychology հանդեսում:
Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի մասնագետները որոշել են ուսումնասիրել Facebook սոցիալական ցանցից կարճատեւ հանգստանալու հետեւանքները: Նրանք ընտրել են 138 մարդու, որոնցից 60-ը պետք է հրաժարվեին ցանցում շփվելուց:
Մնացածները կարող էին սովորականի պես նստել Facebook-ում: Բոլորից թքի նմուշներ են վերցրել եւ հարցում արել կյանքից բավարարվածության, սթրեսի մակարդակի, տրամադրության եւ մենակության զգացողության մասին:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդամենը հինգ օրով Facebook-ից դուրս գալը բավական է, որպեսզի նվազի սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Հսկողության տակ գտնվող այն խմբի մոտ, որը չէր հրաժարվել Facebook-ից, դա չի դիտվել»,-ասել է Քվինսլենդի համալսարանի Հոգեբանության դպրոցի ավագ դասախոս եւ հետազոտության առաջատար հեղինակ Էրիկ Վանմանը:
Չնայած այն բանին, որ հորմոնների մակարդակով ուսումնասիրվողների մոտ վիճակը փոխվել էր, գիտափորձից հետո սթրեսի մակարդակի նրանց սեփական գնահատումները չէին փոխվել: Նաեւ շատերն իրենց կյանքից պակաս բավարարված էին իրենց զգում եւ երջանիկ էին կրկին սոցիալական ցանց վերադառնալու համար:
«Մենք խոսեցինք ու հասկացանք, թե ինչ է տեղի ունենում նրանց եւ նրանց ընկերների հետ: Ամեն անգամ, երբ ես դուրս էի գալիս Facebook-ից, թեթեւության վայրկենական զգացողություն էի ունենում, որը տեւում էր մի քանի օր: Բայց դրանից հետո ես սկսում էի զգալ, որ ինչ-որ բան բաց եմ թողնում, ինչպես բաց թողած օգուտի սինդրոմը (հետաքրքիր իրադարձություն բաց թողնելու կպչուն վախ), եւ ես ստիպված էի լինում վերադառնալ: Եվ շրջափուլը վերստին սկսվում է»,-անկեղծացել է Վանմանը:
Սակայն, նրա կարծիքով, չարժե հապճեպ եզրակացություններ անել: Դա կապված է նրա հետ, որ նման փոքրիկ գիտափորձը պատկերացում չի տալիս այն բանի մասին, թե կոնկրետ որքան ժամանակ է հարկավոր կորտիզոլի մակարդակը նվազեցնելու համար, եւ այն կրկին չի ավելանա արդյոք, եթե մարդը երկար ժամանակ չվերադառնա սոցցանց:
Նաեւ Վանմանը կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր սոցցանցի համար նման էքսպերիմենտների արդյունքները տարբեր կլինեն: Հետագայում հոգեբանները պլանավորում են անցկացնել ավելի ընդգրկուն ուսումնասիրություն՝ ազդեցությունները քննելու երկար ժամանակի ընթացքում, հաղորդել է Sputnik-ը: