
Վենեսուելացի լուսանկարիչը շահել է World Press Photo մրցույթը

Վենեսուելացի լուսանկարիչ Ռոնալդո Շեմիդտի լուսանկարը լավագույնն է ճանաչվել World Press Photo-ի վարկածով: Հեղինակավոր միջազգային մրցույթի հաղթողների եւ մրցանակակիրների հայտարարման արարողությունը կայացել է ապրիլի 12-ի երեկոյան Ամստերդամում։
Լուսանկարում պատկերված է վազող այրվող տղամարդը հակագազով՝ 28-ամյա Խոսե Վիկտոր Սալասար Բալսան, որը 2017 թվականի մայիսի 3-ին Կարակասում մասնակցել է հակակառավարական ցույցերին: Նրա հագուստն այրվել է, երբ պայթել է մերձակայքում հրկիզված մոտոցիկլետի վառելիքի բաքը: Առաջին եւ երկրորդ աստիճանի այվածքներով նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն է ցույց տրվել:
World Press Photo-ն լուսանկարիչների ամենահեղինակավոր միջազգային մրցույթն է, որն իր պատմությունն սկսել է 1955 թվականից: Դրա նպատակը բարձր ստանդարտների պահպանումն ու զարգացումն է ֆոտոլրագրության եւ ֆոտովավերագրության բնագավառում:
Այս տարի ընտրության ընթացքում ժյուրիի անդամները դիտել են ավելի քան 73 հազար լուսանկար, որոնք արել են 4,5 հազար լուսանկարիչներ 125 երկրներից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: