Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆրանսիայի հրապարակ է եկել. նա խոսեց Նիկոլ Փաշինյանի հետ
Քիչ առաջ Հայաստանի Ֆրանսիայի հրապարակ եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ցանկանում էր տեսնել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա այնտեղ չէր:
Հիշեցնենք, որ երեկ Ն. Փաշինյանի հրավիրած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները փակեցին Ֆրանսիայի հրապարակը և գիշերեցին այնտեղ: Այս պահին հրապարակը դեռ փակ է:
Լրագրողների հետ զրույցում Ր. Հովհաննիսյանն ասաց, որ սա երկարատև պայքարի շարունակությունն է: Հարցին, թե հնարավո՞ր կլինի, ի վերջո, իշխանափոխություն իրականացնել՝ Ր. Հովհաննիսյանն ասաց, որ յուրաքանչյուր գործողություն գումարվում է նախորդին ու որակական և տարածական առումով՝ ուժեղացնում է շարժումը.
«Այս պայքարը շարունակությունն է այն երկարատև պայքարին, որ տարել է մեր ժողովուրդը տարիների ընթացքում: Դրանք մի շղթա են կազմում, այդ շղթայի տրամաբանության մեջ հնարավոր է իշխանափոխությունը»:
Անդրադառնալով Ն. Փաշինյանի այն տեսակետին, որ եթե հավաքվի այնքան ժողովուրդ, որը Ֆրանսիայի հրապարակից մինչև Փակ շուկա կհասնի, հնարավոր կլինի իշխանափոխությունը՝ Ր. Հովհաննիսյանն ասաց, որ ինքը չգիտի, թե որն է այդ կախարդական թիվը, բայց համոզված է, որ դա հնարավոր կլինի անել, եթե ժողովուրդը պատրաստ լինի երկար կանգնելու:
Հարցին՝ միայն Սերժ Սարգսյանին հեռացնելը բավարա՞ր է՝ Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ սա մի ամբողջ համակարգի աղտահանում է, անուններով պետք չէ խոսել.
«Որևէ մեկը չի կարող իրեն հավասարեցնել պետության հետ, որ ինքն է պետությունը և վերջ: Հայաստանում գործող ղեկավարները գտնում են, որ իրենք անփոխարինելի են, և Աստծո առաջ ասում են, որ «պետական շահն ասում է, որ ես պետք է ուխտադրույժ լինեմ»: Պետական գործիչը պետք է ասի՝ ես պետության մասնիկն եմ, բայց պետությունը չեմ»:
Նա չցանկացավ մեկնաբանել իրենց կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, որ Ր. Հովհաննիսյանը «հաճախորդ» է: Նա ասաց, որ դա Զ. Փոստանջյանի տեսակետն է, ինքն էլ իր տեսակետն ունի, որը չի ուզում ասել:
Լրագրողների հետ զրույցից հետո Ր. Հովհաննիսյանը նաև խոսեց Ն. Փաշինյանի հետ: