Այս իրավիճակում կա երկու տարբերակ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլը թեժ է ստացվում, և 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո կարծես թե վերջնականապես էներգազրկված քաղաքական դաշտը վե­րադառնում է ակտիվության փուլին, որը սակայն բավակա­նին անորոշ է թե´ իր հեռանկա­րով, թե´ օրակարգով:

Խոսքը եր­կարաժամկետ հեռանկարի և օրակարգի մասին է, որը հայկական ընդդիմադիր քաղաքակա­նության Աքիլլեսյան գարշա­պարն է եղել ու, կարծես թե, շարունակում է մնալ այդպիսին: Այլ կերպ ասած՝ քաղաքական դաշ­տի, ընդդիմադիր դաշտի ակտի­վության մասին խոսակցությու­նը դեռևս մնում է, քանի դեռ շա­րունակում են բաց լինել հարցե­րը, որոնք եթե նախորդ ակտի­վացումների դեպքում սովորա­բար տրվում էին պոստֆակտում, ապա այժմ տրվում են ակ­տիվացումից առաջ կամ առն­վազն դրան զուգահեռ:

Առայժմ նկատելի է, որ իրավապահների, ոստիկանության հետ դեմ առ դեմ կանգնելուց բացի, այլ իրավիճակ ու քայլ չի նշմար­վում:

Այդ պարագայում մնում է երկու տարբերակ՝ կա´մ բախվել իշխանության ուժին ու նահան­ջել, կա´մ ստեղծել իրավիճակ, երբ ոստիկանությունը պարզա­պես կհրաժարվի ուժ կիրառել և, այսպես ասած, կանցնի հանրու­թյան կողմը:

Բայց դրա համար անհրաժեշտ է տասնյակ, իսկ գուցե հարյուր հազարավոր քաղաքացիների կայուն ներկայու­թյունը հրապարակում: Կայուն ներկայությունը, անշուշտ, չունի միայն հստակ ֆիզիկական իմաստ կամ նշանակություն:

Կայուն ներկայությունը ամենից կարևոր մասով նշանակում է առնվազն միջնաժամկետ ապագայի տեսլական, ընդ որում՝ ոչ միայն ոստիկանության, այլ նաև ընդհանրապես պետական կառավարման հա­մակարգի տարբեր առանցքա­յին սեգմենտների համար, որոնք սովորաբար կազմել են իշխանության վարչահրամայա­կան ուժը:

Բայց այդ մասշտաբի բազմու­թյուն հավաքելու համար, որին էլ, այսպես ասած, կզիջի և կմի­անա վարչահրամայական մե­խանիզմի հիմնական մասը, այդպիսով իրականություն դարձնելով իշխանափոխությունը, նախ պետք է կայուն միջնաժամկետ հեռանկարների տեսլական մատուցել հասա­րակությանը` չաշխատելով մի­այն մեկ անձից կամ թեկուզ ամբողջ համակարգից  եղած դժգոհության վրա:

Եթե այդ դժգոհության վրա ընդդիմադիր արդյունավետ պայքար չէր ծավալվել նախկինում, երբ բազմազան և խայտաբղետ չէր տեղեկատվական դաշտը, ու հան­րությունը կողմնորոշվում էր, այսպես ասած, իշխանության աղբյուրներին կա´մ հավատա­լով, կա´մ չհավատալով:

Իսկ, որպես կանոն, չէին հավա­տում, հազիվ թե ներկա­յիս տեղեկատվական խայտաբ­ղետության ու բազմազանու­թյան պայմաններում հնարա­վոր լինի զուտ դժգոհության վրա կառուցել այդպիսի պայ­քար:

Առավել ևս, որ ակնհայտ է մի բան` ինչ-ինչ, բայց տեղեկատվատեխնոլոգիական հար­թությունում արդյունավետ աշ­խատանքի հմտություն իշխա­նությունը ձեռք է բերել բավա­կանին շոշափելի կերպով: Կայուն միջնաժամկետ տեսլա­կան չկա նաև հենց դժգոհ հան­րության համար, որն ինքն էլ տեսել ու համոզվել է, որ միայն, այս­պես ասած, բացասական «քվե­արկությունը» ելք չէ, և անհրա­ժեշտ է ավելին:

Այդպիսով, կա նոր թեժություն, որը, սակայն, գործնականում զուրկ է նոր բաղադրությունից և բովանդակու­թյունից, հետևաբար՝ մեծ է հին արդյունքի կամ հետևանքի կրկնության հավանականու­թյունը:

Իշխանության «դիմակը» կարող է պատռվել հերթական անգամ, հերթական անգամ իշ­խանությունը կարող է ստանալ «համազգային» հայհոյանքների ահռելի մի չափաբաժին, բայց խնդիրն այն է, որ իշխանությունը ոչ միայն վարժվել է այդ ամենին, այլ վաղուց գտել թերևս դրանից նույնիսկ սնուցվելու և ավելի լեգիտիմանալու տարբերակը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս