«Կրթության նախարարությունը պետք է ներողություն խնդրի երիտասարդներից». Անահիտ Բախշյան
Կրթության փորձագետներ Անահիտ Բախշյանը, Նարինե Դիլբարյանն ու «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում քննարկեցին «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» նախագծի նպատակահարմարությունը, ինչպես նաև անդրադարձան այն հանգամանքին, որ այդ նախագիծն ըստ էության առաջ քաշվեց ապրիլ ամսվա առաջին կեսին:
Անահիտ Բախշյանը վերջին նկատառման վերաբերյալ հարցադրում արեց. «Ինչպես հիշում ենք, ոչ վաղ անցյալում, ընդամենը երկու տարի առաջ, հենց ապրիլի սկզբին՝ քառօրյա պատերազմի օրերին էր, որ ազգովի ականատես եղանք մեր տղաների անուրանալի քաջության, խիզախության ու նվիրումի դրսևորումներին, և հիմա առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է հենց այս օրերին Կրթության նախարարությունը նմանօրինակ բովանդակությամբ ինչ-որ նախագիծ առաջ բերի, որտեղ մեր երիտասարդների հասցեին հնչում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ անկարգապահ ու անդաստիարակ, թունամոլ և թմրամոլ»:
Անահիտ Բախշյանը նկատեց՝ այսպիսի փաստաթղթի հրապարակմամբ Կրթության նախարարությունն ամենաքիչը վիրավորել է այն երիտասարդների հիշատակը, ովքեր քառօրյա պատերազմի օրերին վերին աստիճանի հայրենանվեր ու դաստիարակված կերպար ցույց տվեցին, հետևաբար՝ ամենաքիչը, որ կարող է անել Կրթության նախարարությունը, ներողություն խնդրելն է մեր երիտասարդներից:
Նարինե Դիլբարյանն էլ, իր հերթին՝ նկատեց՝ բռնապետության տպավորություն է թողնում ոչ միայն «ռազմահայրենասիրական» տերմինը, այլ նաև դրան է տանում ողջ տեքստը, որից կազմված է վերոհիշյալ նախագիծը:
Նարինե Դիլբարյանն այն տպավորությունն ունի, թե այս տեքստը պարզապես արտատպված է ռուսական որևէ աղբյուրից.
«Սկսեմ նրանից, որ արդեն երկար տարիներ ես դասավանդում եմ համալսարանում և ոչ միայն այն կարծիքին չեմ, որ մեր երիտասարդներն անդաստիարակ ու թունամոլ են, ինչպես նշված է այդ տեքստում, և այլն, այլ նրանք շատ ավելի լավն են, քան մենք կարող ենք պատկերացնել: Դաստիարակության հարցը մշտապես և միշտ պետք է օրակարգում լինի, բայց եթե անգամ ընդունենք, որ մեր երիտասարդները հայրենասիրության պակաս ունեն, ինչպես գրված է այդ տեքստում, որը, չգիտեմ նույնիսկ՝ ովքեր են հեղինակել, ապա դա կարելի է անել ոչ թե նմանօրինակ փաստաթղթերով և անհեթեթ միջոցներով, այլ, օրինակ, պատեհ առիթն օգտագործելով, որ առաջիկայում նշվելու է Առաջին Հանրապետության հարյուրամյակը, ներկայացնել մեր այն փառահեղ հերոսների վարքը, որ մենք ունեցել ենք այդ տարիներին՝ Բաշ Ապարանի հերոսամարտում, և՝ ոչ միայն:
Ես գրեթե համոզված եմ՝ շատ քչերին է հայտնի, օրինակ, Սիլիկյանի անունը, կամ թե այն, թե ինչ ռազմական սխրանքներ է գործել նա ու նրա նման շատերը, թեկուզ հենց Առաջին Հանրապետության ստեղծման տարիներին: Այդ մասին բարձրաձայնում են անգամ թուրք ռազմական գործիչները:
Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու, օրինակ, մեր հեռուստատեսության եթերով, ամենալավ ժամերին ցույց չեն տալիս այսպիսի մարդկանց մասին պատրաստված հաղորդումներ, ֆիլմեր ու սերիալներ, և փոխարենը՝ նման անհասկանալի փաստաթուղթ են հրապարակում, որը, նորից եմ կրկնում, ուղղակի անհեթեթություն է»:
«Ստեղծվել է մի գաղափար, որն իրականում անկատար ու թերի է, բայց օգտվելով այս առիթից, հայտնվել են ինչ-որ մարդիկ, որոնք սկսել են խոսել հայրենասիրական դաստիարակության դեմ՝ հայտարարելով, թե միլիտարիզացվում է երիտասարդությունը, և այլն,- անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» նախագծին՝ ասաց Գագիկ Գինոսյանը՝ հավելելով,- Ես ուզում եմ հիշեցնել, որ նույնը մտածում էին թուրքերը, երբ հայերին արգելում էին զենք կրել, որի հետևանքն այն էր, որ ընդամենը մի քանի ասկյարով գնդակահարում էին հայերի: Եթե նման հասարակություն ենք ուզում տեսնել, ուրեմն ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր երիտասարդներին պետք չէ:
Ես տարբեր ընտրությունների նախօրյակներին մշտապես ասում եմ՝ չկա Հայաստանում որևէ կուսակցություն, որը երբևէ խոսել է քաղաքացի դաստիարակելու գաղափարից: Եթե քաղաքացի չի դաստիարակվում, ու երկիրը չունի այնպիսի քաղաքացի, որ սրտացավ ու պատասխանատու է իր քաղաքի ու երկրի համար, ապա ո՞րն է լինելու մեր ապագան:
Ես կոչ չեմ անում թնդանոթի միս դաստիարակելու, այլ Սողոմոն Թեհլերյաններ ու Շահան Նաթալիներ, ովքեր պատրաստ կլինեն պայքարելու ոչ միայն արտաքին թշնամու, այլ նաև ներքին տականքի դեմ»: