Հայաստանը կանդամակի Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել կրթական համակարգի միջազգայնացման նոր նախաձեռնությամբ. Հայաստանն առաջիկայում կարող է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA), որը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Այն հնարավորություն է տալիս համեմատել և համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ՝ համապատասխան աստիճանում:
Համակարգի գնահատումը կատարվում է 15 տարեկան սովորողների շրջանում գիտելիքների և հմտությունների ստուգմամբ՝ թեստային առաջադրանքների տարբերակով՝ համակարգչի միջոցով: PISA -ի առաջադրանքները 4 ուղղությամբ են կազմվում՝ ընթերցանություն, մաթեմատիկա, բնագիտություն և համակարագչային իմացություն:
Աշակերտների միջազգային գնահատման ծրագիրը (PISA) օգնում է վերհանել ազգային կրթության համակարգի խնդիրներն ու բացթողումները, որը կարող է արդյունավետ հիմք հանդիսանալ կրթության քաղաքականության մշակման համար: PISA համակարգով իրենց գիտելիքներն են ստուգել ավելի քան 549 հազար սովորողներ՝ աշխարհի շուրջ 80 երկրներից, այդ թվում 44 –ը միջին եկամուտներ ունեցող : Մինչև հունիս PISA-ի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
Համակարգին անդամակցում են կրթության համաշխարհային առաջատար համարվող մի շարք երկրներ, մասնավորապես՝ Սինգապուրը, Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի երկրները: Տարածաշրջանային երկրներից համակարգին անդամակցում են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Մոլդովան և այլն: