«Ոչ մի իշխանափոխություն տեղի չի ունեցել»
Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգին: Լրացել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, և կառավարման նոր համակարգում նոր նախագահի լիազորությունները ստանձնել է Ազգային ժողովի կողմից ընտրված Արմեն Սարգսյանը:
Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ նոր վարչապետին:
Մինչ բոլորը սպասում են լսել նոր վարչապետի անունը, հասարակական տարբեր շերտերում ամփոփում են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների ձեռքբերումներն ու բացերը:
Թեմայի շուրջ «168 Ժամի» հետ զրույցում ՏՏ ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն ասաց՝ ինչպես և նախորդ երկու նախագահների, այդպես նաև Սերժ Սարգսյանի օրոք երկրի հիմնական՝ պաշտպանության բնագավառում հաղթելու հրաման չունեցանք:
Ըստ մեր զրուցակցի՝ այդպես եղավ նաև մնացյալ բոլոր ոլոտներում՝ արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և այլն.
«Հիմնական խնդիրը սա էր, որ նախորդ բոլոր նախագահներն էլ, ովքեր, ի դեպ, իրար շատ նման էին, չարեցին: Երեքն էլ ֆինանսական առումով երկիրը հանձնեցին Միջազգային արժութային հիմնադրամին, այսպիսով, բացարձակ ոչնչացման մատնելով տեղական արդյունաբերությունը: Երեք նախագահներն էլ հլու-հնազանդ ծառայեցին Ռուսաստանին՝ դառնալով նրա տեղապահները: Հետևաբար՝ նրանցից և ոչ մեկն իրեն որպես նախագահ չի դրսևորել:
Այսքանից հետո արդեն ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել: Դրա փոխարեն՝ մեղադրում եմ ինքս ինձ, իմ շրջապատին, կամ իմ նման մարդկանց, որ բավարար կոնսոլիդացիա չապահովեցինք, որպեսզի մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն՝ ինքներս անեինք այն, ինչ նրանք չցանկացան անել»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որդեգրած քաղաքականությանը՝ պարոն Վարդանյանը նկատեց.
«Ղարաբաղյան հարցում, 1994 թվականից ի վեր, բոլոր նախագահները ենթարկվել են ռուսական տարրին, որ ներմուծվեց մեր բանակ, և մեր բանակը հաղթող կեցվածքից վերափոխվեց դեպի ռուսական ցամաքային զորքերի կանոնակարգող օրգանի, որի հետևանքով բանակի զարգացման փոխարեն՝ մենք ունեցանք դեգրադացիա, ընդ որում, բոլոր առումներով՝ զինվորը դեգրադացվեց խրամատում, սպան՝ Պաշտպանության նախարարության հսկա շենքում, մի խոսքով, բանակային ղեկավարությանը դարձրեցին կոմերսանտներ:
Ամենակարևորն այն էր, որ երեք նախագահներն էլ իրենց պաշտոնավարման տարիներին խախտեցին Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ իր բոլոր օրենսդրական լուծումներով:
Անկախության հռչակագիրը հստակ ընդգծում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման գիծը, և թե՛ ՀՀ ղեկավարները, թե՛ ԼՂՀ ղեկավարները, ըստ էության, դրժեցին ամենակարևոր համար մեկ պետական փաստաթուղթը, որը սահմանում էր մեր պետականությունը, հետևաբար՝ դրժելով նաև պետականությունը: Իհարկե, նրանք դա արեցին գիտակցաբար, իսկ մոտալուտ ռեգիոնալ պատերազմների պայմաններում դա շատ կարևոր դեր է խաղալու:
Ընդհանրապես, 1991 թվականի հանրաքվեից հետո բոլոր օրենդրական ակտերը, որոնք խախտել են վերամիավորված Հայաստանի թեզը, այդ թվում՝ նաև վերջին Սահմանադրությունն ու վերջին զարգացումները, բոլորն անխտիր անօրինական են: Վաղը չէ մյուս օրը պատմության դատ է լինելու, չէ՞ որ Անկախության հռչակագրի վերջին կետում գրված է՝ բոլոր օրենդրական ակտերը պետք է բխեն Անկախության hռռչակագրից, հետևաբար, բոլոր այն մարդիկ, ովքեր վերամիավորված Հայաստանի Անկախության հռչակագրի որոշումը խախտել են, դատվելու են, որպեսզի մեկ այլ անգամ անկախ վերամիավորված Հայաստանի օրենսդրությունը խախտող չլինի: Պատմությունը դրան է բերելու»:
Անդրադառնալով այն հարցին, որ նոր նախագահի ընտրությամբ, միևնույն է, երկրի իշխանությունը շարունակում է մնալ նույնը, և մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին, որպես ապագա վարչապետ՝ մենք կլսենք Սերժ Սարգսյանի անունը, Կ. Վարդանյանն ասաց.
«Իհարկե, ոչ մի իշխանափոխություն տեղի չի ունեցել, պարզապես առաջ է եկել մի նոր պաշտոնյա, այդքան բան: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելուն, ապա մինչև նոր վարչապետի նշանակումը չլինի, ես վստահ չեմ, որ այդ պաշտոնում կարող է հայտնվել հենց Սերժ Սարգսյանը, որովհետև, նորից եմ կրկնում, նա ընդամենը ռուսական կողմի նշանակած տեղապահ է մեր երկրում, և նա ինքն էլ չգիտի, թե ի՞նչ ծրար կստանա, և այդ ծրարի մեջ ի՞նչ բովանդակությամբ նամակ կլինի: Այդպիսի հարցերը Սերժ Սարգսյանը չի լուծում»:
Խոսելով նորընտիր նախագահից սպասվելիք ակնկալիքների մասին՝ Կ. Վարդանյանը խորհուրդ է տալիս բացել Սահմանադրությունը և տեսնել, որ նոր նախագահից ոչ մի ակնկալիք ունենալ չենք կարող: «Իսկ եթե բացեք Սահմանադրության համապատասխան դրույթներն ու որևէ ակնկալիքի հիմքեր, այնուամենայնիվ, գտնեք, ինձ էլ ասեք՝ իմանամ»:
Մեր այն դիտարկմանը, թե՝ զրույցի ողջ ընթացքում անցած 10 տարիներից որևէ ձեռքբերում այդպես էլ չառանձնացրեցիք, Կարեն Վարդանյանն այսպես պատասխանեց.
«Բոլորիս մարմնում էլ բջիջները շարունակում են բազմանալ: Դա, իհարկե, դրական պրոցես է: Նույնն է նաև երկրի ներսում: Ինչ-որ բջիջներ այնուամենայնիվ բազմանում են, բայց դրանք կարող են լինել նաև վիրուսային բջիջներ, օրինակ, գրիպի վիրուսը տարին մի քանի անգամ ակտիվանում է՝ հիմա դա լա՞վ է, թե՞ վատ, ես այդ հարցին ո՞նց պատասխանեմ, հիմա դուք ասեք: Փոխարենը՝ իմ խնդրանքով բացեք Անկախության հռչակագիրը և այս զրույցի ենթատեքստում նայեք այդ հռչակագրի բոլոր կետերը՝ ո՞րն է կատարվել, ո՞րը՝ ոչ:
Պետական գործչի աշխատանքը ես միայն այդպես կարող եմ գնահատել՝ Անկախության հռչակագրի նկատմամբ նրա վարքագծով: Ընդ որում, պատմությունը նույնպես ՀՀ երեք նախագահներին հենց այդ սկզբունքով է գնահատելու»: