Կառավարությունն «Արմենիա վայն» գործարանին տարածք է վաճառելու
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված պետական գույքն օտարելու մասին նախագծով նախատեսվում է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 11 հասցեում գտնվող 9527.6 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.251 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող Դիջիթեյն ընկերության աշխատակիցների համար ավտոկայանատեղի, լոգիստիկ կենտրոն, մարզասրահ և ֆուդկորտ կառուցելու նպատակով:
Կառարավարության որոշման մեջ ասված է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 11 հասցեում գտնվող 9562.8 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.251 հեկտար մակերեսով հողամասն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 12032018-01-0206) (այսուհետ՝ Գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Գնորդ) (գտնվելու վայրը՝ ք. Երևան, Չկալովի փողոց, տուն 43):
Սահմանել.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով 2018 թվականի փետրվարի 27-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 958 262 900 ՀՀ դրամ,
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 600 000 000 ՀՀ դրամ, ներառյալ 1.251 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 133 982 210 ՀՀ դրամ,
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գնի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 1 147 536 ՀՀ դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո՝ մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, դրանում նախատեսելով, որ վերջինս պարտավորվում է՝
1) 3 տարվա ընթացքում իրականացնել 1 միլիարդ ՀՀ դրամի ներդրում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ,
2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
- Սահմանել, որ գնորդը պետք է գույքի արժեքը վճարի Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը պետք է վճարի «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ-ն՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ներկայումս կառուցում է 11000 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտա N11/1 հասցեում, որն ամբողջությամբ ծառայելու է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող Դիջիթեյն ընկերությանը: Ընկերությունում աշխատելու է մոտ 1200 աշխատակից՝ համակարգչային ծրագրավորողներ, դիզայներներ, շուկայագետներ, հաճախորդների զանգերի սպասարկման մասնագետներ և այլն:
Ընկերությունը տեղեկացրել է նաև, որ նշված շենքի հարևանությամբ է գտնվում ՀՀ կառավարության ավտոտնտեսությունը: Ըստ նախնական հաշվարկների Դիջիթեյնի 1200 աշխատակիցների համար 250-300 մեքենայի կայանտեղի ունենալու կարիք է լինելու և քանի որ կառուցվող շենքի մերձակայքում 30-ից ավել մեքենա կայանելու ոչ մի այլ հնարավորություն չկա, ՀՀ կառավարության ավտոտնտեսության տարածքը կարող է խնդրի լավագույն լուծում դառնալ: Կայանատեղի կառուցելուց բացի պլանավորվում է նաև Արմենիա Վայն ընկերության համար լոգիստիկ կենտրոն կառուցել:
Դիջիթեյնի 1200 աշխատակիցների համար գրասենյակը գրավիչ դարձնելու համար կառուցվելու է նաև մարզասրահ և ֆուդկորտ, քանի որ տարածքում բացակայում են սննդի այլ կետեր:
«Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ-ն իր պատրաստակամությունն է հայտնել ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերել ՀՀ կառավարության ավտոտնտեսությունը՝ 600 միլիոն ՀՀ դրամով, պարտավորվելով նաև առաջիկա 3 տարում իրականացնել 1 միլիարդ ՀՀ դրամի ներդրում:
Բարձրացված խնդրի վերաբերյալ համաձայնություն ստանալու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմին, ի պատասխան որի վերջինիս կողմից Վարչությանն է տրամադրվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 11 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի ավտոտնտեսության օտարման գործընթացը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը: