Թուրքիան բացառել է Աֆրինը «Ասադի ռեժիմին» վերադարձնելը
Անկարան Աֆրինը Սիրիայի կառավարության վերահսկողությանը չի հանձնի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը կղեկավարի Բաշար Ասադը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
«Ասադի ռեժիմը» պետք է հեռանա: Հարկավոր է անցնել քաղաքական կարգավորման գործընթացին: Մենք Սիրիայի հողերին չենք հավակնում, բայց այդ հողերը ռեժիմին հանձնելը բացառված է: Ռեժիմն այսօր կռվում է Քրդերի ինքնապաշտպանության ուժերի դեմ, իսկ վաղը նրանց միջեւ ամեն ինչ լավ է»,-ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:
Նախարարը նշել է, որ նման իրավիճակում «չի կարելի հող հանձնել»: Նա ընդգծել է, որ Աֆրինը Սիրիայի տարածքն է, բայց Թուրքիան անհանգստանում է անվտանգության համար: Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան հուսով է, որ Թուրքիան Սիրիայի կառավարությանը կվերադարձնի վերահսկողությունը Աֆրինի նկատմամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Լավրովի առաջարկությունը: «Լավրովի մոտեցումը ճիշտ չէ: Մենք բոլորից լավ գիտենք՝ ում հանձնել Աֆրինը: Երբ ժամանակը գա, Աֆրինը կհանձնենք նրա բնակիչներին»,-ասել է Էրդողանը:
Իր հերթին Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական բանակը սիրիական Աֆրինից կհեռանա այն բանից հետո, երբ Սիրիայում ճգնաժամը կկարգավորվի քաղաքական ճանապարհով:
«Մենք այնտեղ ենք եկել ոչ որպես զավթիչներ եւ չենք պատրաստվում այնտեղ մնալ՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք Աֆրինը մաքրեցինք ահաբեկիչներից, այժմ շարունակվում են ականազերծման աշխատանքները: Սիրիայում այժմ իշխանության վակուում է, կան տարբեր ուժեր, ընդդիմություն: Մենք Աֆրինում իշխանությունը կհանձնենք տեղի բնակիչներին, որոնք իրենք կկարգավորեն իրենց կյանքը: Այժմ գլխավորը ճգնաժամից քաղաքական ելք գտնելն է, եւ հենց որ այն գտնվի, մենք կհեռանանք այնտեղից»,- ասել է Բոզդաղը լրագրողներին: