«Նշաձողը շատ բարձր է, սակայն ծրագրերը իրագործելի են». Կարեն Կարապետյան
Այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցին:
«Չնայած մենք ունենք որոշակի ֆորս-մաժորային իրավիճակ, քանի որ Թեղուտի ձեռնարկությունը չի աշխատում, սակայն այս տարվա առաջին ամիսներին ունենք տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ, արտահանման 43 տոկոս, ներմուծման՝ 45-46 տոկոս աճ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ յուրաքանչյուր գերատեսչություն ունի տեսլական, թե ուր պիտի գնա, ինչ ուղղությամբ շարժվի: «Մենք բավականին երկար աշխատել ենք 20-30 ծրագրի վրա, որոնք վերջերս զեկուցել ենք հանրապետության նախագահին, իսկ առաջիկայում կներկայացնենք հանրային քննարկման: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները ինչ-որ առումով բավարարված կլինեն, եթե տեսնենք, թե մենք այնտեղ ինչ նշաձող ենք դրել: Շատ ամբիցիոզ և բավականին քրտնաջան աշխատանք պահանջող ծրագրեր են, այսինքն՝ նշաձողը շատ բարձր է, սակայն ծրագրերը իրագործելի են: Մենք պետք է մեր առավելագույն ուժերը ներդնենք բոլոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար»,- ասաց Կարապետյանը:
Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ մոտակա տարիներին ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ և տնտեսական աճ, որը շատ կարևոր կլինի երկարաժամկետ հեռանկարում ֆունդամենտալ բարեփոխումներ իրականացնելու համար: Կարապետյանը հաջողության հասնելու համար կարևորեց երկարաժամկետ ծրագրերի մշակումը՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է քայլեր ձեռնարկեն նման ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ՝ զերծ մնալով պոպուլիզմից: