
«Ձեզ թվում է, որ այն, ինչ նրանք արեցին, խորհրդարանին վայել պահվա՞ծք է». Գագիկ Մինասյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը հիմարություն և անպարկեշտ պահվածք է որակում խորհրդարանի նիստերի դահլիճում «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիան:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ խորհրդարանն ունի իր գործելաոճը, և ցանկացած պատգամավոր, ով հարգում է իրեն, պետք է հարգի իր գործընկերներին:
«Ձեզ թվում է, որ այն, ինչ նրանք արեցին, խորհրդարանին վայել պահվա՞ծք է: Իհարկե, դա անվայել պահվածք է: Խորհրդարանում խոսում են, ելույթներ են ունենում: Խորհրդարանում վառվող սարք օգտագործելը հիմարություն է»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը՝ Գագիկ Մինասյանն ասաց, թե այն, ինչ է արվում օրենքի սահմաններում ցանկացած քաղաքական ուժի կողմից, ողջունելի է: