«Գլուխը նկարել են, ըսել են՝ ճակատային մասը ջուր է հավաքված»
Արթիկի բնակչուհի Կարինե Մկրտչյանի որդուն՝ 2-ամյա Գոռ Տոնոյանին, շտապ բուժում է անհրաժեշտ: Երեխայի հոր խոսքով, իրենց երեխան թերաճ է, ցանկալի է, որ բարերարներն իրենց ֆինանսապես օգնեն, քանի որ երեխայի բուժման համար գումար է անհրաժեշտ: Ինքն էլ աղբատարի վարորդ է, մեծ գումար չի վաստակում, որպեսզի ինքնուրույն կարողանա հոգալ երեխայի բուժման ամբողջ ծախսերը:
Երեխայի հայրը՝ Արկադի Տոնոյանը, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վատառողջ երեխային հետազոտվելու նպատակով Երևան էին տեղափոխել.
«Էրեխեն ժամանակից շուտ է ծնվել, քիչմ թույլ է: Թևերը բռնած կքելցնենք: Պատճառն էն է, որ իրանք պատվաստում չեն էնե, կղրկեն հետազոտման: Մեր բժիշկը չի սե, թե ինչը հետազոտեն, կսե՝ ընդհանուր պետք է հետազոտվի: Մենք Երևանի «Արաբկիր» ԲԿ-ում ենք եղել, տեղի բժիշկները ըսել են, որ՝ դուք նախօրոք պետք է զգուշացրած լինեիք, որ մենք հերթագրեինք, ուղեգիրը պառկեցնելու համար էր: Մեր բժիշկը չէր զանգել, զգուշացրել: Մենք հասանք «Արաբկիր», հետո էլի ետ էկանք:
Մեզի սեցին, որ Գյումրիում նման մի մասնաճյուղ կա: Էրեխուն տարանք Գյումրի՝ Ավստրիական հիվանդանոց, որտեղից էլ Վերականգնողական կենտրոն ղրկեցին: Վերականգնողական կենտրոնում ուղեգիրը վերցրել են, սել են՝ թողեք, մենք ձեզի կզանգենք, ու ընտեղ սաղ վճարովի է, էդպես են ըսել:
Մեր Արթիկի բժիշկը, որ ուղեգիրը տվել է, ըսել է՝ տարեք, ընդհանուր հետազոտեք: Ես նույն հարցն իրան տվեցի՝ ի՞նչը տանինք, հետազոտենք՝ ոտքերը, ձեռքը, գլուխը, մնացած օրգանները, բայց կոնկրետ հեչ մե բանմ էլ չսեցին, այլ, որ ընդհանուր հետազոտում է պետք: Գյումրու վերականգնողական կենտրոնում ըսել են, որ մենք կզանգենք, քանի որ ուղեգիրը վերականգնողական կենտրոնն է վերցրել, բայց մինչև հմի դեռ չեն զանգել: Մե 10-15 օր եղավ, որ ընտեղ ենք գնացել, հերթագրել են, որ կանչեն: Ինչ-որ գնդակներով մերսումներ են պետք, քսուքներով: Վերականգնողական կենտրոնում տեղյակ են պահել, որ վճարովի է, բայց կոնկրետ բան չեն ըսել, թե որն է վճարովի, որն է անվճար»:
Երեխայի հոր պատմելով՝ երկար ժամանակ է, ինչ երեխան անառողջ վիճակում է գտնվում, ներկա պահին՝ փոքր-ինչ անհանգիստ. «Գիշերները լավ չի կռնա քնի, ճակատային մասը քիչմ ուռած է: Տարել, փողը տվել եմ, գլուխը նկարել են, ըսել են՝ ճակատային մասը ջուր է հավաքված»:
Երեխայի հայրը նաև նշում է, որ իրենց թաղի քույրը երեխային տեսնելու համար ընդամենը մեկ անգամ է այցելել իրենց տուն:
Արաբկիր ԲԿ-ի վերաբերյալ Ա.Տոնոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Արաբկիր ԲԿ-ում իրենց պարզաբանել են, որ Արթիկի բժշկական կենտրոնի այն բժիշկը, ով ուղեգիր է տվել, պետք է զանգահարեր իրենց, նախապես գուշացներ, որ իրենք հերթագրեին, մինչդեռ Արթիկ ԲԿ-ի ուղեգիր տված բժիշկն իրենց ոչինչ չի զգուշացրել:
«Պետք է զգուշացնեին, որ ուղեգրով հանդերձ՝ երեխային պառկեցնեին: Տարանք, իրանք էրեխուն չընդունեցին: Երևանում ըսեցին՝ 0-7 տարեկանների համար բուժումն անվճար է: Բայց ես հաստատ էլ Երևան չեմ տանի: Ճիշտ է՝ իրանք ուղեգիր կուտան, բայց ես ի վիճակի չեմ՝ ամեն անգամ էրեխուն տանիմ-բերեմ: Ես ամեն անգամ 10000-15000 դրամ պետք է տամ, որ էրեխուն Երևան տանիմ»:
Ըստ Արթիկ բժշկական կենտրոնի նյարդաբանի՝ երեխան ոչ մի պատվաստում չի ստացել, քանի որ վատառողջ է, տվյալ դեպքում երեխային պատվաստելը մեծ ռիսկերի հետ է կապված:
Երեխան ծնվել է բազմաթիվ խնդիրներով, ծննդատանը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել, որից հետո Արթիկ ԲԿ-ի կողմից հսկողության տակ է վերցվել, երեխային հսկողության տակ պահելու նպատակով նաև տնայցեր են կատարվել:
Ըստ նյարդաբանի՝ իրենք առաջարկել են նեղ մասնագիտացված հետազոտություններ անցնել Երևանում, սակայն ֆինանսական պատճառներով ծնողներն հրաժարվել են երեխայի հետազոտումն ու բուժումը Երևանում կազմակերպել:
Բժիշկը նաև շեշտում է, որ իրենց տված ուղեգիրը երեխայի անվճար հետազոտությանն ու խորհրդատվությանն է վերաբերել:
Նշվել է, որ երեխան հետազոտման և ստացիոնար բուժման կարիք ունի:
Նշենք, որ երեխայի չպատվաստվելու և վատառողջ լինելու թեման Ֆեյսբուք սոցիալական ցանցում բուռն քննարկումների առիթ դարձավ:
Հիմնական խնդիրը ծնողների սոցիալական վատ վիճակում գտնվելն է: Նրանք մշտական աշխատանք չունեն, վարձով են ապրում, ուստի նախևառաջ անհրաժեշտ է լուծել ծնողների նորմալ աշխատանք ունենալու հարցը:
Երեխայի սնվելու հարցը պետք է կարգավորվի, եթե առկա են հիվանդություններ, դրանք բուժվեն, որից հետո նոր երեխան կկարողանա պատվաստվել: Նման կարգավիճակում գտնվող ընտանիքների համար առաջին հերթին նաև պետությունն է պատասխանատու, որի պարտականությունն է մարդկանց աշխատանքով ապահովելը:
Ոլորտի մասնագետներից մեկը, ով լավատեղյակ էր վերը նշված երեխայի առողջական խնդիրներին, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ կոնկրետ այդ երեխայի դեպքում կա հակացուցում, քանի որ նա սուր ցնցումներ էլ ունի, գաղտունը չի փակվում.
«Աճը դանդաղ է, երեխան չի աճում: Նա ունի նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ, ըստ բժշկի տեղեկատվության՝ ցնցումային սինդրոմ, ուստի նրան այժմ պատվաստելը հակացուցված է, բուժում է անհրաժեշտ»:
Մեր զրուցակցի խոսքով՝ անհաս երեխաների պատվաստում իրականացվում է, դա հակացուցում չէ, սակայն, եթե դրա կողքին նա ունի լուրջ առողջական խնդիրներ, պատվաստում չի իրականացվում:
Միաժամանակ նշենք, որ ըստ doctors.am կայքում առկա տեղեկատվության, հատուկ խումբ կազմող երեխաներին պատվաստելիս պրակտիկ աշխատանքում երբեմն բժիշկները դժվար կացության առջև են կանգնում, երբ խոսքը գնում է առողջական շեղումներով երեխաներին պատվաստելու մասին։
«Սակայն ՄԱԿ-ի որոշմամբ հատկապես թուլակազմ երեխաներին է անհրաժեշտ պատվաստել, քանի որ հատկապես այդ երեխաներն են ծանր կրում ինֆեկցիաները։ Դա է պատճառը, որ վերջին տարիներին պատվաստումների հակացուցումներ հանդիսացող հիվանդությունների ցանկը խիստ պակասել է։ Այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են անհասությունը, նորածինների հեմոլիտիկ հիվանդությունը, հիպոտրոֆիան, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունները՝ առանց ցնցումային համախտանիշի (այդ թվում՝ նաև Դաունի հիվանդությունը և ֆենիլկետոնուրիան), սրտի բնածին արատները, նևրոպաթիան, հեմոֆիլիան, մարսողական օրգանների քրոնիկ հիվանդությունները, ՄԻԱՎ-ով ինֆեկցվածությունը չեն հանդիսանում հակացուցում, սակայն պահանջում են առանձնահատուկ ուշադրություն»,- նշված է մասնագիտական կայքում։
Այստեղ միաժամանակ նշված է, որ պատվաստման հակացուցման ժամկետը որոշում է բժիշկը (տեղամասի, ընտանիքի), բարդ դեպքերում պետք է խորհրդակցել կոնսուլտատիվ կենտրոնի հետ: Նաև պետք է հիշել, որ պատվաստում չանելը մեծացնում է ինֆեկցիաներով հիվանդանալու ռիսկը։
Նշենք, որ երեխայի բուժման դեպքում բուժհիմնարկներն ըստ օրենսդրության պետք է առաջնորդվեն, եթե այն անվճար է, ուրեմն անվճար պետք է լինի: Եթե դեղորայքի հետ կապված վճարովի բաներ կան, դրանք հստակ պետք է ներկայացվեն:
Հանրապետության բուժհաստատություններում 0-7 տարեկան երեխաների հետազոտումն ու բուժումը, բացառությամբ թանկարժեք վիրահատությունների և դեղերի տրամադրման, պետք է անվճար լինի: Երեխաների բուժումը կազմակերպելիս պետք է ճշտվի՝ ի՞նչ տեսակի հիվանդությունների առկայության, հետազոտությունների և բուժման մասին է խոսքը:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ կառավարության 2004 թվականի որոշման համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության, հիգիենիկ և հակահամաճարակային, այլ առողջապահական ծառայությունների մատուցման դիմաց փոխհատուցված միջոցների նպատակային օգտագործման ու բժշկական օգնության որակի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Պետության կողմից երաշխավորված և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող՝ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում են ընդգրկված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տեսակների) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում, մինչև 7 տարեկան երեխաները, հաշմանդամություն ունեցող երեխաները` մինչև 18 տարեկան, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան, բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ, մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ, և այլն:
ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի նպատակներից է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը, գերակա ուղղություններն են՝ երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարելավումը, և երեխայի առողջության պահպանման իրավունքի ապահովումը:
Հավելենք, որ 168.am-ը զրուցելու է նաև Գյումրու Արիե Կուպերստոկի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանի հետ:
Մեզ հետ տեղի ունեցած նախնական հեռախոսազրույցի ընթացքում նա բացառեց, որ երեխային վճարովի բուժեն, մինչև 1 տարեկան երեխաներին իրենք նույնիսկ չեն էլ հերթագրում, այլ անհապաղ բուժօգնություն են ցուցաբերում:
Անահիտ Սիմոնյան
Լուսանկարները՝ shamshyan.com-ի