Եվրոն գերազանցեց 80 ռուբլու նշագիծը
Մոսկվայի բորսայում ապրիլի 11-ի առավոտյան դոլարն ու եվրոն շարունակել են ակտիվ աճը՝ կապված ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների հետ, որոնք կապիտալի արտահոսք են առաջացրել Ռուսաստանից. դոլարի փոխարժեքը 2016 թվականի դեկտեմբերի 5-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 64 ռուբլին, եվրոն 2016 թվականի մարտի 10-ից ի վեր առաջին անգամ հաղթահարել է 80 ռուբլու նշագիծը:
Սակարկությունների առաջին րոպեներին ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը հասել է 64,7675 ռուբլու, ինչը 1,745 ռուբլով բարձր է նախորդ սակարկությունների փակման մակարդակից: Իր հերթին եվրոն հասել է 80,1475 ռուբլու՝ բարձրանալով գրեթե 2,3 ռուբլով: Երկարժույթ զամբյուղի (0,55 դոլար եւ 0,45 եվրո) արժեքն աճել է գրեթե 2 ռուբլով՝ մինչեւ 71,69 ռուբլի:
«Ինտերֆաքս»-ի փորձագետների կարծիքով՝ դոլարի եւ եվրոյի նկատմամբ ռուբլու անկումը շարունակվում է՝ կապված Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների ցուցակի ընդլայնումից հետո Ռուսաստանի շուրջ արտաքին քաղաքական իրադրության վատանալու հետ: Շուկայի մասնակիցները նաեւ երկյուղում են Սիրիայի շուրջ իրադրության սրվելուց, ինչը կարող է հանգեցնել հակառուսական նոր պատժամիջոցների, որոնք կարող են վերաբերել նաեւ պարտային արժեթղթերին, քանի որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Ռուսաստանին մեղադրել են Բաշար Ասադի ռեժիմին օժանդակելու մեջ, որը, նրանց հայտարարությունների համաձայն, մեղսակից է Դումա քաղաքի շրջանում նոր քիմիական գրոհին: