
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Թայմ Սքուեր հրապարակում տեղի է ունենալու հիշատակի արարողություն

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Նյու Յորքի Թայմ Սքուեր հրապարակում տեղի է ունենալու հիշատակի արարողություն, որին մասնակցելու է նաև օպերային հայտնի երգիչ Էլի Բերբերյանը:
Միջոցառմանը մասնակցելու են նաև կոնգրեսականներ, ճանաչված գիտնականներ ու արվեստագետներ: «Թայմ Սքուերն աշխարհի բիզնես և ժամանցային գլխավոր հրապարակն է: Սա շատ կարևոր միջոցառում է իմ ազգի համար և նման մասշտաբի իրադարձությունն ուժեղացնում է հայկական գործը»,- նշել է Էլի Բերբերյանը:
Արարողության ընթացքում օպերային երգչուհին հանդես կգա «Հայեր ջան» երգով, որն ուղղված է հայերի միասնությանը: Բացի այդ, Բերբերյանը կկատարի Կոմիտասի «Հորովել»-ը:
Երգչուհին ընդգծել է Հայոց ցեղասպանության հիշատակի կարևորությունն ինչպես բարոյական, այնպես էլ պատմական մակարդակներում և հավելել, որ պետք է նոր սերնդին ուսուցանել «մեր նախնիների ուժը, ովքեր պայքարել են իրենց կրոնը պահպանելու համար»: