Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Ալան Դունկան

Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկանն անդրադարձել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը և հայ-բրիտանական հարաբերություններին: «Սա շատ կարևոր օր է: Մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք Հայաստանի հետ և կարևորում ենք դրանց հետագա զարգացումը»,- ասել է Ալան Դունկանը՝ ավելացնելով, որ դրա մասին է վկայում իր ներկայությունը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Այսօր կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա երդվեց` ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում հնչեց Արմեն Սարգսյանի երդումը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնանքի խոսք հղեց, որից հետո Արմեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով:

Տեսանյութեր

Լրահոս