«Համոզված եմ՝ Արմեն Սարգսյանին հաճելի է, որ այսուհետ իր շրջապատում իրեն պետք է դիմեն՝ «միստր պրեզիդենտ»». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թեպետ Հայաստանի 4-րդ նախագահ դարձավ Արմեն Սարգսյանը, բայց առաջին դեմքը շարունակելու է մնալ Սերժ Սարգսյանը։ Հետևաբար, ըստ նրա՝ Հայաստանի պատմության մեջ դե ֆակտո նոր էջ չի բացվել։

«Այսինքն՝ ինչպես կար, այնպես էլ մնալու է, փաստացի ոչինչ չի փոխվում, ես կարծում եմ՝ երկրորդ դեմք էլ կլինի Կարեն Կարապետյանը, և այդպես շարունակ: Դե ֆակտո չորրորդ նախագահը կամ այսուհետ՝ նախագահները, հատկապես՝ այն օրենքներով, որ ընդունվեցին խորհրդարանում, ես որևէ կոպիտ բան չեմ ուզում ասել, բայց փաստացի որևէ ֆունկցիա չեն ունենալու, այսինքն՝ դա զուտ սիմվոլ է լինելու»,- ասաց նա:

Նա նկատեց՝ աշխարհի յուրաքանչյուր կետում եթե հարցնեն՝ ով է Գերմանիայի կանցլերը, կասեն՝ Մերկելը, բայց եթե հարցնեն՝ ով է նախագահը, կդժվարանան պատասխանել։ Նույնը, ըստ նրա՝ լինելու է ՀՀ նախագահի դեպքում, որին շատերը չեն ճանաչելու, որը որևէ ֆունկցիա չի ունենալու.

«Նա ունի իր լուրջ ու լայն շրջապատը, ինչ-որ բաներ է խոստանում։ Տա Աստված, որ նա կարողանա ինչ-որ բան անել, ներդրումներ բերել, տա Աստված՝ ես սխալվեմ, որ նա ոչինչ չի անելու, բայց կարծում եմ՝ դա սիմվոլիկ պաշտոն է, որը ոչ մի հարց՝ ներքին կամ արտաքին, չի լուծելու: Գուցե արտաքին քաղաքականության մեջ նա օգտագործի կապերը, և ապագա վարչապետին կամ վարչապետներին այդ կապերը պետք գան, գուցե, մնացած առումով՝ ոչինչ չի լինելու»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է  Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին, քաղտեխնոլոգը նշեց, որ, եթե դիտարկվի այն տեսակետից, որ այդ տասնամյակը սկսվել է մարտի 1-ով, վերջացել երդմնակալության արարողությունով, կարելի է ասել՝ վատ սկսվել է, լավ ավարտվել, բայց կան հարցեր, որոնք, նրա խոսքով՝ միանշանակ գնահատել հնարավոր չէ:

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ կան բավական շատ բացթողումներ, կան և ձեռքբերումներ»,- ասաց նա՝ առանձնացնելով քաղաքական դաշտում գրանցված շատ լուրջ հետընթացը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի, այն փոշիացած է գրեթե իսպառ, չկան այն կուսակցությունները, որոնք պայքարում են գաղափարի համար, ընտրողի համար, որը կար 90-ականներից, սակայն գնալով պակասեց:

«Անգամ Դաշնակցությունը, որը միշտ համարվել է գաղափարական կուսակցություն, որն անձակենտրոն չի եղել, անգամ նա այսօր չունի այն խարիզման, կուսակցական այն ձևաչափը, որն ունեցել է հարյուր տարուց ավելի, մնացածի մասին ընդհանրապես չեմ խոսում, անիմաստ է»,- նկատեց նա։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ամենամեծ ձեռքբերումը Քոչարյանը համարում է այն է, որ վերացավ, օրինակ, հայաստանցի-ղարաբաղցի խնդիրը, որը վերջին մի քանի օրերին ինչ-որ ձևով փորձեցին նորից ներարկել, բայց չստացվեց:

Բացթողումներից առանձնացրեց այն, որ ավելի խորացավ մենաշնորհը տնտեսության մեջ: Ըստ քաղտեխնոլոգի՝ կոռուպցիան, օրինակ, շատ տեսանելի հատվածներում՝ կադաստրում, ռեգիստրում, այնտեղ, որտեղ մտավ մեկ պատուհան, կարծես վերացել է, բայց այդ երևույթը չի վերացել, որովհետև այն վերաճել է այլ՝ «ատկատների» ձևաչափի:

«Ես հույս ունեմ, որ այդ ձևաչափը, այնուամենայնիվ, մի փոքր փոխվելու է, քանի որ Հայաստանում չկա մեխանիզմ, ամեն ինչ կախված է անձերից՝ պետությունը, համակարգերը. մեխանիզմը չի աշխատում, աշխատում են անձինք, ես կարծում եմ՝ անձանց փոփոխություններ լինելու են, որի մասին Սերժ Սարգսյանը շատ է ակնարկել, բայց վերջերս ավելի հստակ ասվեց, որ գնալու է սերնդափոխություն՝ արդեն փաստացի։ Միայն իշխանության մասին չեմ խոսում, ընդդիմությունում ևս 88-ից ի վեր բան չի փոխվում: Հույս ունեմ, որ հիմա ինչ-որ բաներ կփոխվեն, սակայն մյուս կողմից էլ՝ կա մեկ այլ վտանգ՝ կան երիտասարդներ, որոնց ամբիցիաներն իրենց հնարավորություններից շատ են»։

Ըստ բանախոսի՝ երիտասարդները պիտի հասկանան, որ գալիս են աշխատելու և գիտելիքները ներդնելու, ոչ թե մյուսներին ապացուցելու, որ իրենք իշխանություն ունեն. «Կասկադում մի կաֆե կար, անունը «Կակադու» էր, կողքը ուրիշ բացեցին, անունը դրեցին՝ «Ինադու», մեզ մոտ ամեն ինչ արվում է ոչ թե՝ հանուն, այլ՝ «ինադու»: Աշխատանքային պրոցեսից այդ ինադուն պետք է հանել, վերացնել, այդ դեպքում կարող է՝ հանուն ինչ-որ բան ստացվի»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞վ կարելի էր շահագրգռել Արմեն Սարգսյանին, որը համաձայնեց ստանձնել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնը, Քոչարյանը պատասխանեց՝ մարդիկ, ովքեր ունեն լուրջ անցյալ, լուրջ հնարավորություններ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ զուտ անձնական կապերի առումով, այնուամենայնիվ, նրանց համար կարգավիճակի հարցն ինչ-որ պահի շատ կարևոր է. «Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանին հաճելի է, որ այսուհետ իր շրջապատում իրեն պետք է դիմեն՝ «միստր պրեզիդենտ»։

Անդրադառնալով «Ելք» դաշինքի պայքարին՝ բանախոսը նշեց, որ այնտեղ լուրջ տեխնոլոգներ են աշխատում իրականում, քայլարշավի տեխնոլոգիան ժամանակին օգտագործվել է դեռ Մարտին Լյութեր Կինգի կողմից, երբ նա քայլարշավ է սկսել երկրի խորքից՝ մայրաքաղաք, վերջինս, շատ ավելի ուշ, բայց հասել է իր նպատակին, այս տեխնոլոգիան Սերբիայում էլ է օգտագործվել:

«Տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն աշխատեց ուսանողության վրա, հիմա էլ բան չի փոխվում, բոլորն աշխատում են ուսանողության վրա, որովհետև դա ամենառոմանտիկ, ամենաէնտուզիաստ խումբն է: Հիմա էլ դասադուլի կոչեր են անում, դա էլ ճիշտ տեխնոլոգիա է, կստացվի՞, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել, բայց, որ աշխատում են բավական գրագետ, դա փաստ է»,- եզրափակեց բանախոսը։

Տեսանյութեր

Լրահոս