«Խելոք մարդ ա, որ ասել ա, ուրեմն՝ մի բան գիտի». Սեյրան Սարոյանը՝ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին
«Հայերեն չի ասե՞լ, մարդը պարզ ասել ա: Խելոք մարդ ա, որ ասել ա, ուրեմն՝ մի բան գիտի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին, որ որոշել են կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե չի ստացվո՞ւմ, որ Կարեն Կարապետյանին կանչել են, որպեսզի վարչապետ աշխատի, հիմա զրկում են այդ հնարավորությունից, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Իսկ դու ի՞նչ գիտես, որ սկզբից էլ սենց պայմանավորված չի եղել, ի՞նչ գիտես: Հիմա որ փոխվարչապետ աշխատավ, ի՞նչ ա փոխվելու, նույն բանը չի՞»:
Լրագրողի դիտարկմանն էլ, թե նույնը չի, լիազորությունների տարբերություն կա, գեներալն այսպես արձագանքեց. «Այ մարդ, դո՞ւ ես որոշում Կարեն Կարապետյանի տեղը, թե ինքը որտեղ պիտի աշխատի, կարող ա էդ մարդուն իրա աշխատանքը դուր ա գալիս, մենակ պաշտո՞նն ա կարևոր, կարևորը լավ գործ անի, ինքը իրա ծրագրերը իրականացնի: Տենո՞ւմ եք, որ հայ ազգի մեջ տենց մարդիկ էլ կան, որ պաշտոնը կարևոր չի, կարևորը ազգի համար լավ բան անելն ա, թող լավ բան անի ազգի համար»: