
ԱՄՆ-ը պատրաստվում է հարված հասցնել Սիրիային

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի առնվազն մեկ հրթիռային էսկադրային ականակիր է ուղեւորվել Սիրիայի ափեր ապրիլի 9-ին Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունից հետո, որը նվիրված էր Սիրիայի Դումա քաղաքում տեղ գտած քիմիական գրոհին: Այդ մասին, իր կայքում հայտնել է The Wall Street Journal թերթը:
Նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին անցկացրել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է ուժի հնարավոր կիրառումը Դամասկոսի նկատմամբ, որին Վաշինգտոնը պատասխանատու է համարում Դումայում իրականացված քիմիական գրոհի համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահը երկրի զորահրամանատարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը ռազմական գործողությունների բազմաթիվ տարբերակներ ունի Դումա քաղաքում տեղի ունեցած քիմիական գրոհի կապակցությամբ: Թրամփի խոսքով՝ որոշումը կընդունվի առաջիկա 24-48 ժամվա ընթացքում:
«Դուք կլսեք այդ որոշման մասին,- ասել է նա լրագրողներին:- Մենք չենք կարող թույլ տալ այնպիսի չարագործություններ, որոնք մենք տեսանք, մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այս աշխարհում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: