«Որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին». Արմեն Սարգսյան

Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին: Այս մասին այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանը:

«Եվ այսօր, որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար.

Երեկ, այսօր և վաղը:

Փա՛ռք ու պատի՛վ մեր ժողովրդին և նրա հերոսներին:

Փա՛ռք Հայոց հաղթական բանակին:

Թանկագին բարեկամներ,

Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության և հերոսության շնորհիվ` ու, շատ հաճախ, նաև նրա մեծ զրկանքների գնով, վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է Հանրապետության երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

Ժամանակն, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր իսկ կարելի է ամենայն անաչառությամբ և վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով և համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր: Երկիր, որն, իրավամբ վայելում է համաշխարհային հանրության հարգանքը և վստահելի գործընկերոջ համբավը: Հակառակ դեռևս առկա խնդիրներին, սա պատմական շատ կարևոր ձեռքբերում է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս