«Եթե Հայաստանն ունի Ռուսաստանի նման դաշնակից, ապա նրան այլևս թշնամի պետք չէ». Ռուբեն Մեհրաբյան

«Անկարայի հանդիպումը նշանավորում է մի գործընթաց, որը կարելի է նույնիսկ պատմական համարել՝ հաշվի առնելով այն ակնհայտ ձգտումը, որը դրսևորում են Մոսկվան, Անկարան և Թեհրանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերը, ըստ փորձագետի՝ տարբերվում են միմյանցից. «Այս մերձեցման ձգտումը պայմանավորված է նրանով, որ մարտավարական իմաստով այս շահերը տարածության և ժամանակի մեջ ուղղակի համընկել են։ Երեք երկրներն էլ խորը հակասություններ ունեն Արևմուտքի հետ։ Նրանք շահագրգռված են, որ Սիրիայում խնդիրները միայն երեքով լուծեն՝ թույլ չտալով չորրորդ խաղացողի առկայությունն այնտեղ։ Դա առայժմ չի ստացվում, որովհետև այնտեղ ներկա է ԱՄՆ-ը, որը քրդերի դաշնակիցն է։ Հետևաբար, մենք գործ ունենք պատային իրավիճակի հետ Սիրիայում»։

Այս բոլոր գործընթացները, ըստ Մեհրաբյանի՝ վկայում են այն մասին, որ արաբներին թույլ չեն տալիս լուծել սեփական հարցերը. «Ոչ ոք արաբներին չի հարցնում՝ իսկ դուք ի՞նչ եք ուզում։ Բոլորն ասում են, թե իրենք ինչ են ուզում»։

Նա ընդգծեց՝ գործ ունենք իրողություն ձևավորող եռանկյունու հետ, որի հետ Հայաստանը չի կարող հաշվի չնստել. «Այստեղ մեր սխալի գինը կարող է չափազանց բարձր, ճակատագրական լինել․ մենք սխալվելու իրավունք չունենք։ Այսինքն՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն, մենք չպետք է մնանք այս գործընթացի տակ։ Սա ուղղակի էքզիստենցիալ խնդիր է Հայաստանի համար»։

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մերձեցումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի հարցի վրա, նա պատասխանեց, որ որևէ ազդեցություն այս պահին չի տեսնում.

«Իհարկե, այդ կոնտեքստը մեզ համար չափազանց կարևոր է, մենք շատ ուշադիր պետք է հետևենք այդ գործընթացներին։ Ուղղակի անհրաժեշտ է Մինսկի խմբի ձևաչափի պահպանում, Իրանի հետ հարաբերությունների զարգացում, ՌԴ-ի հետ հնարավորինս հորիզոնական հարաբերությունների հաստատում, այլ ոչ թե՝ ուղղահայաց, ինչպես հիմա է։ Հայաստանը, եթե ունի Ռուսաստանի նման դաշնակից, ապա նրան թշնամի այլևս պետք չէ։ Պետք է նաև Թուրքիայի հետ քայլ առ քայլ կանխատեսելիության հուն ապահովել»։

Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի կողմից «S-400»-ների ձեռքբերումը, և, ի վերջո, Թուրքիան ինչո՞ւ է գնում այդ քայլին, ի՞նչ է ուզում դրանով ցույց տալ։

«Մենք գործ ունենք մի գործընթացի հետ, երբ բլեֆը վերածվեց իրականության։ Ինձ համար շատ բարդ է հասկանալ, թե Թուրքիայի ինչին է դա պետք։ Այնքանով, որքանով կարող էր ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին շանտաժի ենթարկել, ենթարկեց վերջացրեց։ Հիմա այս համակարգը չի ինտեգրվելու ՆԱՏՕ-ի ՀՕՊ ընդհանուր համակարգին, երկրորդ՝ 2.5 մլրդ դոլար փող պետք է ծախսի Թուրքիան սրա համար։ Երրորդ՝ սա լուրջ գործոն է՝ էապես վատթարացնելու հարաբերությունները Թուրքիայի և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների միջև։ Ելնելով այս ամենից՝ ինձ համար անհասկանալի է, թե այս ամենն ուր է տանելու»։

Տեսանյութեր

Լրահոս