«Արդեն վաղուց Հայաստանում հայրենասիրությունը սկսվում և ավարտվում է բաժակաճառերի մակարդակով». Նիկոլայ Ծատուրյան
«Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» կառավարության որոշման նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, որպես նախաձեռնություն՝ հանրության դատին է ներկայացրել Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության նոր ռազմավարություն, որը պայմանավորել է երկրի առջև ծառացած արդի մարտահրավերներով, որոնք են՝ օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդը, հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, անկարգապահությունն ու անդաստիարակությունը, թունամոլությունը և այլասերվածությունը, և այլն:
Ըստ նախարարության առաջ քաշած նախագծի՝ ռազմավարության իրավական կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն նորարարությունն ու չափավոր պահպանողականությունը: Նախատեսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչների, ծրագրերի ու դասագրքերի արդիականացում:
Առարկայի գործնական պարապմունքներին կմասնակցի նաև մանկավարժական անձնակազմը: Ռազմավարությունը նախատեսում է նաև եկեղեցիներում բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ «Եկեղեցի և ընտանիք», «Հայ ընտանիքը՝ որպես հոգևոր ազգային արժեքների պահապան և ժառանգորդ» խորագրերով զրույց-քննարկումների իրականացում՝ հոգևոր հովիվների մասնակցությամբ:
Նախագիծը դեռևս քննարկման փուլում է, որին կողմ կամ դեմ կարելի է քվեարկել e-draft.am կայքում:
Խնդրի առնչությամբ 168.am-ը լսեց բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի կարծիքը.
«Արդեն վաղուց Հայաստանում հայրենասիրությունը սկսվում և ավարտվում է բաժակաճառերի մակարդակով: Ինչ վերաբերում է «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության նոր ռազմավարությանը», ինչպես դուք նշեցիք, ապա պետք է ասեմ, որ առաջին անգամ ձեզանից եմ լսում նման բան: Ի՞նչ է նշանակում՝ այլասերվածություն դպրոցներում…
Ես չեմ կարծում, որ մեր դպրոցները նման խնդրի առաջ են կանգնած: Նորից եմ կրկնում, առանձնապես լավ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում դպրոցներում այս առումով, բայց ինքս երկու դպրոցահասակ թոռ ունեմ: Այստեղ երևի պետք է հատուկ նշել ընտանիքների դերը, թե ինչ ընտանիքներից են դուրս գալիս այդ երեխաները: Բնական է, որ նորմալ ընտանիքում դաստիարակված երեխաները նման խնդիրների հետ ոչ կառնչվեն, ոչ էլ կստեղծեն:
Ինչ խոսք, և, ցավոք, կան նաև թափթփուկ ընտանիքներ, որտեղից համապատասխան դաստիարակությամբ դուրս եկած երեխաների վարքն արդեն քննարկման այլ խնդիր է: Այս հարցի շուրջ ավելի հստակ տեղեկություն կարող եմ հաղորդել մեր բուհի օրինակով: Իմ ղեկավարած կուրսում, օրինակ, սովորում են շատ կարգին ջահել ուսանողներ, ինչի՞ մասին է խոսքը: Ես կարող եմ միայն ենթադրել, որ նմանօրինակ նախաձեռնությունը կարող է կապված լինել Եվրամիությանն անդամակցության որոշակի բացասական հետևանքների հետ:
Մենք պատրաստվում ենք անդամակցել Եվրամիությանը, իսկ այդ անդամակցությամբ, շատ հնարավոր է, մեր երկիր ներթափանցեն ամենաայլասերված բարքեր, ինչպես, օրինակ, միասեռ կապերն ու ամուսնություններն են, և այլն:
Իզուր չէ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն իր երկրում օրենքով արգելեց նման երևույթների տարածումն ու պրոպագանդումը: Ես կարծում եմ, որ Եվրամիությանն անդամակցությամբ մենք որևէ կերպ չենք կարող խուսափել այդօրինակ երևույթներից և, հավանաբար, Կրթության նախարարության այս նախաձեռնությունը դրանց դեմն առնելու մի փորձ է: Նորից եմ կրկնում՝ ես սա միայն ենթադրում եմ, որովհետև, ըստ էության և մեծ իմաստով, քաջատեղյակ չեմ, թե ի՞նչ ռազմավարության մասին է խոսքը»: