«Թուրքիայից բխող ռիսկերից պաշտպանվելու տարբերակները շատ են». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ես մեծ կարևորություն եմ տալիս Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին, և հատկապես, բոլոր այն ռազմական զորավարժություններին, որոնք անց են կացվում Ադրբեջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այդ զորավարժությունները կապում են Ադրբեջանի ընտրությունների հետ, բայց ըստ նրա՝ դրա պատճառն ավելի խորքային է. «Զորավարժություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարը գնաց և Թուրքիային զեկուցեց դրա արդյունքների մասին։ Թուրքիան և Ադրբեջանը շատ հստակ բարձրաձայնում են ռազմական համագործակցության մասին, և, եթե հեռվից ես դրան նայում, տեսարանն այն է, որ թուրքական զինված ուժերը հաջող գործողություններ են իրականացնում Սիրիայի տարածքում, Իրաքում, Թուրքիայի արևելյան շրջաններում, և նաև ուժ են ցույց տալիս Հարավային  Կովկասում։ Թուրքիայի գործոնն ավելի ազդեցիկ է դառնում մեր և հարակից տարածաշրջաններում»։

Քաղաքագետը նկատեց՝ Թուրքիան ամեն ինչ անում է, որ Ադրբեջանն ավելի ակտիվ դերակատարում ունենա միջտարածաշրջանային տարբեր նախագծերում՝ լինի  դա տնտեսական, քաղաքական թե ռազմական համագործակցության։

Թուրքիայից բխող ռիսկերից պաշտպանվելու տարբերակները, ըստ քաղաքագետի՝ շատ են. «Հայկական կողմը տարիների ընթացքում մեխանիզմներ է մշակել, առաջին հերթին՝ դա տարածաշրջանային անվտանգության այն համակարգն է, որին միացել է, խոսքը ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական համագործակցության մասին է: Դրա շրջանակներում Ռուսաստանը ռազմական աջակցություն է ցուցաբերում հենց Թուրքիայից բխող հնարավոր ագրեսիան կանխելու հարցում։

Բացի դրանից՝ Հայկական հարցը, որպես Թուրքիայի ագրեսիվությունը զսպող մեխանիզմ, աշխատող է, և, եթե Թուրքիան ցանկանում է հարաբերություններ պահպանել Արևմուտքի հետ, նա ստիպված է ետ մնալ ագրեսիվ քաղաքականության ավելի խորացումից, որովհետև արժեհամակարգային տիրույթում են հարցեր դիտարկվել, և Ցեղասպանության ճանաչման հարցն ամեն անգամ ակտիվանում է հենց այն պահին, երբ Թուրքիան ակտիվացնում է իր քաղաքականությունը կամ Եվրոպայի դեմ, կամ մեր տարածաշրջանում։ Այսինքն՝ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը շահագրգռված չեն տեսնել Թուրքիայի մեծ ազդեցություն մեր տարածաշրջանում»։

Քաղաքագետը մատնանշեց պաշտպանության հաջորդ մեխանիզմը, որ կարելի է կիրառել, այն է՝ ցույց տալ աշխարհին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ թուրքական գործոնը Կովկասում ուժեղանում է, Ադրբեջանը ներկայացնել՝ որպես Թուրքիայի շարունակություն մեր տարածաշրջանում, հասկացնել, որ, եթե բուն միջամտության հնարավորությունից Թուրքիան զրկված է, օրինակ, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ապա Ադրբեջանի միջոցով Թուրքիան շատ ակտիվ գործում է.

«Պետք է ցույց տալ, որ այս փուլում գործ ունենք ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտության, այլ Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության ակտիվացման հետ, որն արվում է Ադրբեջանի միջոցով: Այս թեզը հասկանալի և ընկալելի կլինի, կստիպի միջազգային հանրությանը՝ Թուրքիայի ակտիվությունը զսպելու նոր մեխանիզմներ մշակել։ Դա դժվար կլինի, որովհետև Թուրքիան սկսել է պայմանավորվել և իր շահն առաջ տանել»։

Տեսանյութեր

Լրահոս