«Աշխարհն այնքան էլ նեղ չէ, որքան մենք կարծում ենք». Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար
«Լինել կին, նշանակում է՝ լինել երջանիկ անհատ, ով կարող է կյանքի կոչել ցանկացած նախաձեռնություն, և ում այդ ճանապարհին շատ բաներ կներվեն»,- ասում է Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Երեկ տեղի ունեցավ «ԾիւսUP» կանանց զրույցների պարբերաշարքի հերթական հանդիպումը՝ այս անգամ՝ Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ:
Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, մոդերատորի՝ «Հոդված 3» ակումբի հիմնադիր և տնօրեն Գայանե Աբրահամյանի մասնակցությամբ:
– Ֆինանսական ոլորտը, որպես կանոն, միշտ համարվել է՝ որպես խիստ ընդգծված արական իշխանության տարածք: Ինչպե՞ս եք ձեզ զգում այդ տարածքում:
– Նախ սկսեմ նրանից, թե որպես կին՝ ինչպե՞ս եմ ինձ զգում ֆինանսական աշխարհում: Կարծում եմ՝ պատասխանս ձեզ փոքր-ինչ կհիասթափեցնի, որովհետև Համաշխարհային բանկը որոշակի առումով մի քիչ շեղված է իր հիմնական ուղղությունից: Փաստացիորեն, իր ֆունկցիոնալ առումով այն ավելի շատ համաշխարհային զարգացման գործակալություն է, քան բանկ: Ինչո՞վ ենք մենք զբաղվում՝ զարգացմամբ:
Մենք օժանդակում ենք կառավարություններին իրենց տնտեսական զարգացման հարցերում՝ տրամադրելով նրանց ֆինանսական միջոցներ: Այս աշխարհում կա մեծածավալ զարգացում, և հատկապես մեր կազմակերպությունում՝ Համաշխարհային բանկի խմբում, որը գենդերային հավասարությամբ աչքի ընկնող մի կազմակերպություն է, որտեղ որպես կին՝ ես ինձ բավականին լավ եմ զգում: Երևի հաջորդ անգամ այստեղ պետք է հյուրընկալեք իմ քրոջը, ով միաժամանակ նաև Արժույթի միջազգային հիմնադրամի իմ գործընկերն է և այդ կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենը:
Ի տարբերություն ինձ, նա ավելի շատ է զբաղվում, այսպես ասած՝ կոշտ ֆինանսներով: Ես ունեմ նաև մեծ թվով ընկերներ, այդ թվում՝ նաև համալսարանական տարիներից, ովքեր լինելով կին՝ աշխատում են այս ոլորտում: Այնպես որ. կարող եմ հավաստիացնել, որ կանայք հրաշալի ֆինանսիստներ են: Կարծում եմ՝ միայն մեզանից են կախված ընկալումները՝ հաճելի՞ ոլորտ է սա կնոջ համար, թե՞ ոչ:
– Երեք բառով ինչպե՞ս ձեզ կբնութագրեք՝ որպես կին:
– Առաջին հերթին՝ ես ինձ կբնութագրեի՝ որպես էքստրավերտ, երկրորդ հերթին՝ որպես էնտուզիաստ և ջատագով, որովհետև ի սրտե հավատում եմ մարդկանց բարությանը, և երրորդը՝ ինքս ինձ կնկարագրեի՝ որպես մեկի, ով որևէ բան ձեռնարկելիս այն կիրականացնի մինչև կատարյալ հաջողության սահմանը: Եթե իմ մորը հարցնեիք, թե ինչպե՞ս նա կբնութագրեր ինձ, նա պարզապես թվարկածս երեք կետերի ճիշտ հակառակ պատկերը ձեզ կպատմեր:
Էքստրավերտի համար կասի, որ ես չափազանց շատ եմ խոսում, էնտուզիաստի պարագայում՝ կասի, որ ես շատ միամիտ եմ, և նշածս երրորդ կետի համար կասի, որ ես շատ կամակոր եմ: Այնպես որ, ես ձեզ ներկայացրեցի իմ դրական կողմերը, բայց հաշվի առեք, որ կան նաև դրանց այլ ընկալումները:
– Վերադառնանք մանկություն. ի՞նչ գործոնների ազդեցությամբ է ձևավորվել ձեր անձը:
– Մանկություն վերադառնալիս, առաջին հերթին՝ պետք է նկատեմ՝ շատ ապահով մանկություն եմ ունեցել, որն իմ կյանքի «տանիքավոր» փուլն էր: Ես հորս կողմից կիսով չափ ֆրանսիացի եմ, այդ թվում նաև՝ ազգությամբ, քաղաքացիությամբ և դաստիրակությամբ, որովհետև ծնվել, մեծացել և 22 տարի ապրել եմ Ֆրանսիայում: Մայրս խորվաթ է:
Ես բազմամշակութային ծագում ունեմ և պետք է ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում այն: Երբ փոքր կամ նույնիսկ երիտասարդ ես, առավելապես զբաղված ես ուրիշներին նմանվելու ձգտումով: Ավելի ուշ տարիքում ես հասկացա, որ տարբերվելն ու յուրահատուկ լինելն իրականում մեծ առավելություն է: Հիշում եմ՝ երբ էի առաջին անգամ ամաչում իմ ծագումից, երբ մայրս գալիս էր ինձ ֆրանսիական դպրոցից տուն տանելու: Աշխատանքից հետո նա լայն ժպիտով դիմավորում էր ինձ ու սկսում հետս խորվաթերեն խոսել: Ես սառում էի, նայում նրան ու սաստում՝ մամա, մենք Խորվաթիայում չենք, ես ֆրանսիացի եմ, և դու պետք է ամենուր և միշտ ֆրանսերեն լեզվով խոսես ինձ հետ:
Մանկությանս տարիներին յուրաքանչյուր ամառ ես անցկացնում էի Խորվաթիայում, որովհետև հայրական կողմից մենք շատ հարազատներ չունեինք: Մեծ հայրս ու մայրս խորվաթական կողմից էին, և սա կյանքիս ապրած լավագույն հատվածն էր, որովհետև ես ազատ էի և պաշտում էի իմ հարազատներին ու նրանց հետ անցկացրած այդ տարիները: Ես սիրում եմ նաև կատուներին, և, երբ սկսում եմ խոսել նրանց հետ, միայն խորվաթերեն լեզուն է մտքիս գալիս, որովհետև խորվաթերենն ինձ համար սիրո լեզու է:
Մարդիկ կարծում են, թե ֆրանսերենն է սիրո լեզուն, բայց ինձ համար դա խորվաթերենն է, որովհետև մորս լեզուն է, թեև չեմ կարող չասել, որ շատ ազդեցիկ և հզոր հայր ունեի: Իմ ապահովված մանկությունն ու երիտասարդությունն ավարտվեց շատ դաժան կերպով, բայց այստեղ ես կլռեմ…
– Արդյո՞ք ձեր կյանքը կարելի է բաժանել փուլերի, որոնք իրենց զարգացումներով նախանշել են այսօրվա ձեր ձեռքբերումները:
– Այո, հենց այդպես է: Մինչ այս պահն իմ կյանքում զարգացման երեք փուլեր են եղել: Հույս ունեմ՝ այդպիսի շատ փուլեր էլ դեռ առջևում են: Առաջին փուլը ես անվանում եմ՝ ապահովված, պաշտպանված, որ ավարտվեց իմ պատանեկան տարիներով: Երկրորդ փուլը անվանում եմ ազատ փուլ, երբ ես ինձ համար բացահայտեցի, թե ինչ է իրական ազատությունը: Գալիս է մի տարիք, երբ դու հասկանում ես, որ կյանքը կարող է հիմար և միաժամանակ դաժան լինել, որովհետև իմ պատանեկության տարիների ավարտին սկսվեց Բալկանյան պատերազմը:
Պատերազմը տարբեր ուղղություններով ծանր հարվածներ էր պատրաստել ինձ համար: Դրանցից մեկն այն էր, որ շատ ընկերներ, որոնց հետ անցկացրել էի իմ մանկությունը, չվերադարձան ճակատից: Երկրորդ հարվածը ստիպեց ինձ հասկանալ, որ մարդիկ, ովքեր ապրում են լարվածության և վտանգավոր պատերազմական իրավիճակներում, շատ դաժան և բարկացած են, նույնիսկ նրանք, ովքեր անմիջականորեն ռազմաճակատում չեն:
Ինչ-որ տարօրինակ բան կատարվեց ինձ հետ՝ ես ցանկանում էի մարդկանց իրական, ռեալ որևէ գործով օգտակար լինել, միաժամանակ՝ չէի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ: Փոխարենը՝ կամավոր կերպով և սեփական նախաձեռնությամբ սկսեցի զբաղվել անհրաժեշտ հագուստների հայթայթմամբ, մեկնեցի Խորվաթիա և փախստականների համար հատուկ կազմված փաթեթներ սկսեցի բաժանել: Ես երբևէ սրա մասին չեմ բարձրաձայնել, որովհետև համարել եմ դրանք փոքր, աննշան արված բաներ:
Այդ տարիներին ես սովորում էի Փարիզի քաղաքագիտության ինստիտուտում և հանդես էի գալիս ձախակողմյան ակտիվիստների ճամբարում: Մի օր էլ ինձ հրավիրեցին մասնակցելու քաղաքական թեմայով թոք-շոուի, որի նպատակն էր՝ բացատրել ֆրանսիացիներին, թե ինչ էր տեղի ունենում այդ տարիներին Բալկաններում՝ ինչո՞ւ են մարդիկ պատերազմում միմյանց դեմ, և ինչո՞ւ են նրանք սպանում միմյանց: Նրանք թոք-շոուին հրավիրեցին նաև սերբ բանախոսների, ովքեր, մի կողմից՝ խոսելու էին իրենց դիրքորոշումների մասին, մյուս կողմում խորվաթներն էին: Կար նաև լսարան, որտեղ հետաքրքրված մասսաները կարող էին գալ և լսել այն, ինչ կատարվում էր քննարկման ընթացքում: Ես գնացի:
Զուտ պատահականությամբ նստել էի սերբական ակտիվիստների թիկունքում, և, երբ նրանք սկսեցին խոսել՝ էկրանում ես հայտնվեցի նրանց շարքերում: Այդ թոք-շոուն հեռարձակվել էր նաև Խորվաթիայում, և դրանից հետո ես իմ հասցեին սկսեցի լսել, որ դավաճան եմ և դավաճանության գնով Միլոշևիչից կրթաթոշակ եմ ստացել, որպեսզի շարունակեմ ուսումս ԱՄՆ-ում: Իսկապես դրանից հետո ստացվեց այնպես, որ ես մեկնեցի ԱՄՆ ուսանելու:
Դրանից հետո ոստիկանները խուզարկեցին մեր տունը, որպեսզի հասկանան, թե ո՞վ ենք մենք իրականում, արդյո՞ք դավաճան ենք, ինչպես որ ենթադրում էին Խորվաթիայում: Ինչո՞ւ հիշեցի այս ամենը, որովհետև սրանք մարդու համար վճռորոշ և անցումային փուլեր են, որոնք կարող են այս կամ այն կերպ ձևավորել կյանքի հետագա ընթացքը: Այս ամենից ես քաղեցի ազատության վերաբերյալ իմ առաջին դասը՝ աշխարհն այնքան էլ նեղ չէ, որքան մենք կարծում ենք: Դրանից հետո մեկնեցի ԱՄՆ-ում ուսանելու և հետագա 15-20 տարիների ընթացքում յոթ անգամ տեղից տեղ տեղափոխվեցի, չորս աշխատանք փոխեցի:
Վերջապես՝ 1998 թվականին, աշխատանքի ընդունվեցի Համաշխարհային բանկում, և արդեն մոտ 20 տարի է՝ այստեղ եմ աշխատում, որից 15 տարին՝ ԱՄՆ-ում, մնացյալ տարիները՝ Ռուսաստանում: Այս ամենից հետո եկավ կյանքիս երրորդ փուլը, որը կանվանեմ հասունացում: Արդեն 40-ն անց ես հասկացա, որ գուցե կարևոր շատ բաների եմ հասել, բայց մոռացել եմ երեխաներ ունենալու մասին: Արդեն 44 տարեկանում զույգ երեխաներ ունեցա ՝ երկու փոքրիկ աղջնակ, ովքեր իմ օրհնությունն են, միաժամանակ ես շարունակում եմ հասունանալ: Իմ նպատակը կյանքիս հաջորդ փուլի համար, որտեղ ես դեռ մուտք չեմ գործել, լինի այն, որ կարողանամ անկեղծորեն ասել՝ ափսոսանքներ չունեմ:
– Ի՞նչ է նշանակում՝ լինել կին:
– Ես կպատասխանեմ շատ պարզ՝ լինել կին, նշանակում է՝ լինել երջանիկ անհատ, ով կարող է կյանքի կոչել ցանկացած նախաձեռնություն, և ում այդ ճանապարհին շատ բաներ կներվեն:
– Ինչպե՞ս եք տեսնում կնոջ դերն ապագայում:
– Կարծում եմ՝ որևէ սահմանում չկա: Երբ գալիս էի այստեղ, ես չէի ճանաչում ձեզ: Խոսելով ձեզ հետ՝ հայտնաբերում ես ներշնչանքի հսկայական աղբյուր, որ փոխում է իրավիճակը: Չէի ցանկանա քաղաքականացնել պատմությունը, բայց եկեք հիշենք կանանց իրավունքները՝ սկսած դեռևս 1913 թվականից, երբ Նորվեգիայում կինը քվեարկելու իրավունք ստացավ:
Վերջին երկիրը, որը կնոջն ընտրելու իրավունք ընձեռեց, Շվեյցարիան էր՝ 1971 թվականին: Իհարկե, զարմանալի է, բայց նաև իրականություն: Եթե հետհայացք նետենք կանանց իրավունքների զարգացման էվոլյուցիայի պատմությանը, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր տարի նրանց իրավունքները նկատելի աճ են գրանցում: Կարծում եմ՝ կնոջ իրավունքներին սպառնացող ամենամեծ վտանգը ֆանատիզմն ու ծայրահեղականությունն է:
Որպես տիպիկ արևմտյան կին՝ ես կարծում եմ, որ աշխարհում կանանց կարող են օգնել և ձեռք մեկնել, առաջին հերթին՝ հենց կանայք: Որպեսզի կարողանաս արդյունավետ կերպով պաշտպանել քո իրավունքները, պետք է ունենաս համոզմունք, ներքին մեծ ուժ և բավարար չափով վստահություն: Նայենք իմ երկու երեխաների օրինակով, ովքեր ծնվել են նույն օրը, նույն կրթությունն ու դաստիարակությունն են ստացել, բայց նրանցից մեկն ավելի ինքնավստահ է, քան մյուսը:
Հետևաբար, կարծում եմ՝ կա վստահության մի չափաբաժին, որ տրվում է ձեզ՝ ձեր ունեցած համոզմունքների չափով: Ավելի քան համոզված եմ, որ աշխարհը զարգանում է ճիշտ ուղով: Բոլորովին վերջերս տեղեկացա, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը ղեկավարելու է շատ հայտնի և մեծ ձեռքբերումներ գրանցած սփյուռքահայ կին: Այստեղ՝ Հայաստանում, ես շատ ազդեցիկ կանանց գիտեմ և լուրջ հույսեր ունեմ, որ առհասարակ կանանց իրավունքների զարգացման ոլորտում ձեռքբերումներն առջևում են:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում կանանց նկատմամբ առկա կարծրատիպերին, ինչպես նաև՝ ընտանիքում կանանց դերաբաշխության խնդրին:
– Ես Հայաստան եմ ժամանել սեպտեմբերին: Իհարկե, սա շատ կարճ ժամանակահատված է, որպեսզի ինքս ինձ համար վերջնական կարծիք կամ տեսակետ ձևավորեմ, այնպես որ, այդ հարցում դեռևս բացահայտման փուլում եմ: Այնուամենայնիվ, մարդկանց հետ իմ տարատեսակ շփումների արդյունքում հասկացա, որ կանայք այստեղ շատ ուժեղ են:
Սա չեմ ասում, որովհետև ցանկանում եմ հայ կանանց հաճոյախոսություն անել: Բոլորովին: Կան հարցեր, որոնց վրա մեր կազակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում: Դրանցից մեկը ծնվելու իրավունքն է: Ես գիտեմ, որ այստեղ որոշակի խնդիրներ առկա են՝ կապված սեռով պայմանավորված հղիության ընդհատման մեծ թվի հետ: Հասկանում եմ, որ ձեռնարկված քայլերի արդյունքում, փաստացիորեն, իրավիճակը դրական արդյունքներ է գրանցում:
Համենայնդեպս, չեմ կարծում, որ այս առումով իրավիճակը լուրջ պատկեր է գրանցում մայրաքաղաքում: Այնուհանդերձ, կատարվում է հնարավոր ամեն բան, որպեսզի որևէ նախապատվություն չտրվի ծնվող երեխայի սեռին՝ լինի տղա թե աղջիկ: Երբ ամուսինս իմացավ, որ մենք երկու աղջիկ ենք ունենալու, ձևացրեց, թե ճնշված է, որովհետև իտալացի է, գուցե սա ինչ-որ դեր է խաղում:
Բայց հիմա, երբ հետևում եմ, թե ինչպես է նա աղջիկների հետ ժամանակ անցկացնում, պարզապես զարմանում եմ, թե որքան ոգևորված և հպարտ է նա մեր զավակներով: Երկրորդ խնդիրը սեռով պայմանավորված բռնությունների նկատմամբ հանդուրժողականությունն է:
Համաշխարհային բանկը տարեկան դրամաշնորհային մրցույթ է անցկացնում, որը նվիրված է մեր գործընկերներից մեկի դստեր հիշատակին, ով դաժանորեն սպանվել էր ԱՄՆ-ում, և որը սեռով պայմանավորված հանցագործություն էր: Մենք դրամաշնորհներ ենք տրամադրում անհատ հետազոտողներին, հ/կ-ներին կամ կազմակերպություններին, որոնք նորամուծական եղանակներ են առաջարկում սեռով պայմանավորված բռնությունների քանակի նվազման համար:
Մենք վստահ ենք, որ արդյունավետ լուծման ուղիներ կգտնվեն: Ես ուզում եմ հնարավորինս լավ հասկանալ, թե որոնք են սեռով պայմանավորված բռնությունների իրական և հիմնական պատճառները Հայաստանում: Այս ծրագիրը հնարավորություն է նաև այն կանանց համար, ովքեր չեն վախենում համարձակ քայլերով առաջ գնալու մտքից և պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքները՝ սեռով պայմանավորված բռնության դեպքերից:
Սա լավ հնարավորություն է նաև քարտեզագրելու սեռով պայմանավորված բռությունների դեպքերն ու դրանց հաճախականությունը՝ Հայաստանի ողջ տարածքում: Հաջորդ խնդիրն աշխատուժում կանանց ներգրավվածության հարցն է:
Նկատել ենք, որ հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, քան տղամարդիկ, բայց ուսումն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորվելու պարագայում միշտ չէ, որ այս ցուցանիշը պահպանվում է: Սա ևս մի հարց է, որի պատճառները նույնպես պետք է հասկանալ:
– Որոշ պարագայում սեռով պայմանավորված դերերի բաշխում կա:
– Սա արդեն որոշակիորեն ընտանեկան բնույթի խնդիր է, երբ կինը պետք է մնա տանը, զբաղվի միայն տնային տնտեսությամբ և զավակների դաստիարակությամբ: Առհասարակ, Հայաստանում սեռով պայմանավորված խնդիրների առնչությամբ ես բազմաթիվ ու բազմատեսակ պատմություններ եմ լսում, բայց ուզում եմ նկատել, որ ցանկացած պարագայում մենք գործ ունենք սեփական ընտրության հետ: Եթե դու ցանկանում ես մնալ տանը և զբաղվել տնային տնտեսությամբ, ապա, ի վերջո, դա քո ընտրությունն է: Հակառակ պարագայում՝ միջոցներ միշտ կգտնվեն: