«Երբ լուրջ մի գերատեսչություն նման նախաձեռնությամբ փորձ է անում հաճոյանալու որևէ մեկին, ապա իրական այլասերվածությունն առաջին հերթին հենց սա է դառնում». Ռուբեն Բաբայան
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը՝ որպես նախաձեռնություն, հանրության դատին է ներկայացրել սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության նոր ռազմավարություն, որը պայմանավորել է երկրի առջև ծառացած արդի մարտահրավերներով, որոնք են՝ օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդը, հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, անկարգապահությունն ու անդաստիարակությունը, թունամոլությունը և այլասերվածությունը, և այլն:
Ըստ նախարարության առաջ քաշած նախագծի՝ ռազմավարության իրավական կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն նորարարությունն ու չափավոր պահպանողականությունը:
Նախատեսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչների, ծրագրերի ու դասագրքերի արդիականացում: Առարկայի գործնական պարապմունքներին կմասնակցի նաև մանկավարժական անձնակազմը: Ռազմավարությունը նախատեսում է նաև եկեղեցիներում բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ «Եկեղեցի և ընտանիք», «Հայ ընտանիքը՝ որպես հոգևոր ազգային արժեքների պահապան և ժառանգորդ» խորագրերով զրույց-քննարկումների իրականացում՝ հոգևոր հովիվների մասնակցությամբ:
Նախագիծը դեռևս քննարկման փուլում է, որին կողմ կամ դեմ կարելի է քվեարկել e-draft.am կայքում:
Թե ինչպիսի՞ն պետք է լինի աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, կամ թե որքանո՞վ է անհրաժեշտ նմանօրինակ ռեֆորմը հայկական դպրոցների համար, հետաքրքրվեցինք Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանից:
«Ես մի բառ կասեմ միայն՝ միջնադար, ուրիշ բառ չեմ գտնում ասելու: Ընդհանրապես ինձ թվում է՝ մենք ապրում ենք մի կարգախոսի ներքո, որ կոչվում է՝ հետ դեպի միջնադարյան պայծառ ապագա»,- մեզ հետ զրույցում հստակեցրեց Ռ. Բաբայանը:
168.am-ի այն դիտարկմանը, որ այս պահի դրությամբ ԿԳՆ-ի առաջ քաշած վերոհիշյալ ռեֆորմը դեռևս նախագծային փուլում է, Ռ. Բաբայանը նկատեց՝ մեծ աղմուկ պետք է բարձրացնել, որպեսզի այն իրականություն չդառնա.
«Իսկ ուրիշ ի՞նչ կարելի է անել նման դեպքերում՝ կամ վերադառնալ հին աստվածներին և հավատալ, որ եթե, օրինակ, ամպրոպ է, ուրեմն սա նշանակում է, որ աստվածներից մեկը մեզ վրա բարկացել է, եթե ձյունը փչացրել է բերքը, ուրեմն նշանակում է, որ մենք լավ չենք աղոթել պտղաբերության աստծուն:
Մարդկությունը սրանից մի քանի հարյուրամյակ առաջ է անցել, բայց մենք ուզում ենք վերադառնալ միջնադա՞ր: Դե եկեք հետ վերադառնանք, դրա համար էլ ասում եմ՝ գնում ենք հետ դեպի միջնադարյան պայծառ ապագա»:
Հարցին՝ մի՞թե մեր դպրոցներում այլասերվածությունը կամ անդաստիարակությունն ու թունամոլությունը (տոքսիկամանիա), ինչպես նշված է վերոհիշյալ ռեֆորմում, այնպիսի չափերի է հասել, որ դրանց դեմ պայքարի համար երկրի կրթական գլխավոր գերատեսչությունը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, մեր զրուցակիցը պատասխանում է.
«Նման դեպքերի համար կան կոնկրետ քրեական հոդվածներ՝ պեդոֆիլիայի, անչափահասներին խաղամոլության կամ հարբեցողության մեջ ներքաշելու պարագաներում, և այլն: Նույնը նաև վերաբերում է այլասերվածությանը, որ նշված էր այդ տեքստում:
Եթե կան այլասերվածության դեպքեր, ապա դրանց դեմ պետք է պայքարել և դատապարտել օրենքով նախատեսված դրույթների համաձայն: Իսկ երբ մենք հենց այնպես, աբստրակտ կերպով խոսում ենք այլասերվածության մասին, ապա չեմ կարող չհիշել, երբ սրանից 25 տարի առաջ երիտասարդ տղա լինելով՝ ես Երևանում մորուքով էի ման գալիս, ինձ ասում էին, որ ես այլասերված եմ, կամ 2000 թվականին, երբ ես լինելով առաջիններից մեկը՝ ամռան տապին շորտ հագա, ինձ կրկին մեղադրեցին այլասերվածության մեջ:
Իսկ ընդհանուր առմամբ ինձ թվում է, որ այդ նախաձեռնությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է որևէ մեկին դուր գալու կամ հաճոյանալու համար, իսկ երբ մի լուրջ գերատեսչություն նման նախաձեռնությամբ փորձ է անում հաճոյանալու որևէ մեկին, ապա իրական այլասերվածությունն առաջին հերթին հենց սա է դառնում, այնպես որ, նրանք թող մտածեն իրենց այլասերվածության մասին»: