Սուրբ Հաղորդության գավաթը
Քրիստոնեական եկեղեցու ծիսակատարության ժամանակ օգտագործվող սպասքի յուրաքանչյուր տարր ունի որոշակի իմաստ և խորհուրդ, յուրաքանչյուրն օրհնվում է հատուկ արարողությամբ և, իբրև սրբություն, երբեք չի գործածվում որևէ այլ նպատակով:
Եկեղեցական ծիսական սպասքի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Սբ Հաղորդության գավաթը կամ սկիհը: Սկիհը փոքր նստուկով, բարձր պատվանդանով և կափարիչով (մաղզմա) եկեղեցական անոթ է։ Ըստ կարգի՝ սկիհները պատրաստվում են արծաթից, գավաթը ոսկեզօծվում է ներսից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը պատմեց 1864 թ. Թալինի սկիհի մասին, որը ևս պատրաստված է եկեղեցական կարգի համաձայն. արծաթյա է, ներսից ոսկեզօծված: Սկիհի պատվանդանի հիմքում ժապավենաձև լայն գոտու վրա քանդակված են բուսական գեղեցիկ զարդանախշեր, իսկ բուն պատվանդանի վրա 13 խորանների մեջ դրվագված է Քրիստոսն իր 12 աշակերտներով: «Առաքյալները դիմահայաց են, լուսապսակով, ձեռքերում Սբ Գիրքն է: Խորանների վերջավորություններում բուսական նախշեր կան: Պատվանդանը գավաթին է միանում գնդով, որը հարդարված է հրեշտակներով, բուսական զարդաձևերով և ձևավոր ունկերով»,-ասաց նա՝ հավելելով, որ զարդահարդարումն արված է դրվագման և փորագրման եղանակով:
Գավաթի շրթեզրին մեկ տողով փորագրված է թվակիր արձանագրություն. «Ի վայիլումն տ(է)ր Պօղոս Ք(ա)հ(անայ)ի. 1864»:
Կարապետյանի խոսքով` սկիհն օգտագործվում է Սբ Պատարագի ընթացքում՝ Սբ Հաղորդության ժամանակ: Սկիհի մեջ լցնում են կարմիր անապակ գինին՝ նվիրագործելու համար: Գինին Սբ Պատարագի միջոցով սրբագործվում է և խորհրդանշում Քրիստոսի արյունը: «Սկիհը խորհրդանշում է այն գավաթը, որով Հիսուսը, օրհնելով գինին Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, տվեց առաքյալներին հաղորդվելու: Հաղորդության խորհուրդը հաստատել է Հիսուս Քրիստոսը, Երուսաղեմում գտնվող Վերնատանը՝ Վերջին ընթրիքի ժամանակ, իր խաչելության նախորդ օրը»,-նշեց նա:
Սկիհները սովորաբար հարդարվում են բուսական զարդանախշերով, վրան դրվագվում կամ փորագրվում են 12 առաքյալների պատկերները։ Հաճախ ունենում են մակագրություն («Ի վայելումն Պողոս վարդապետի», «Ի վայելումն Գրիգոր վարդապետի» և այլն), պատրաստման թվականի նշումով: