«Հայաստանի Հանրապետությունը Նովգորոդի «վեչեն» չի, որտեղ հրապարակում հավաքվեն, ով բարձր գոռա, այդ օրն իշխանություն նա լինի»

Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

Պարոն Շարմազանով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ,
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հոդվածում նշել է, որ ընդդիմությունը պետք է գնա իշխանությանը վերահսկելու ճանապարհով և օգտագործի Սահմանադրությամբ տրված հնարավորությունները, թվարկել է մի շարք պաշտոններ` ԱԺ 2 մշտական հանձնաժողովների նախագահների, ՍԴի ապագա անդամ, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքներ, և այլն, որ իշխանությունը պետք է զիջի ընդդիմությանը: Սա կարելի՞ է համարել իշխանությանն ուղղված համագործակցության ուղերձ, և արդյո՞ք իշխանությունը պատրաստ է քննարկել այդ պաշտոնները «Ելքին» հատկացնելու հնարավորությունը:

– Քաղաքական գործընթացները պատվերով համերգ չեն, որ ընդդիմության որ գործիչն ինչ ցանկանա՝ հաջորդ օրն իշխանությունը զիջի: Իշխանությունը նրա համար չէ, որ կամ զիջի, կամ փոխզիջի, կամ նվեր տա: Իշխանությունն ու ընդդիմությունը ձևավորվում են ընտրությունների միջոցով: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում, Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական օրենքի փոփոխության արդյունքում մենք խորհրդարանական ընդդիմությանը բավականին լուրջ լիազորություններ տվել ենք:

Ընդդիմությունն ունի Ազգային ժողովի նախագահի տեղակալի իրավունք, ունի 3 մշտական հանձնաժողովներում նախագահներ, հարցապնդում անելու իրավունք, լսումներ հրավիրելու իրավունք, ունի իր հարցն արտահերթ քննարկման իրավունք և մի շարք այլ իրավունքներ, այդ թվում՝ նաև ընդդիմության յուրաքանչյուր խմբակցության ղեկավար Ազգային ժողովի ղեկավար կազմի` ԱԺ խորհրդի անդամ է:

Եթե Էդմոն Մարուքյանը կարծում է, որ մենք հատուկ «Ելք» խմբակցության համար պետք է Ազգային ժողովի կանոնակարգում կամ Սահմանադրությունում հատուկ կետ մտցնենք, ապա, կարծում եմ, որ ինքն օբյեկտիվ չէ: Մենք ընդդիմությանն իրավունքներ տվել ենք, և թող ընդդիմությունն իրենք իրենց մեջ բանակցեն: Օրենքում գրված չէ` «Ելքի՞ն» ենք տալիս այդ պաշտոնները, թե՞ «Ծառուկյան» դաշինքին: Կրկնում եմ` ընդդիմությունը՝ ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, ունի լուրջ իրավունքներ և պաշտոններ:

Եվ մեր խնդիրը չէ՝ դա «Ելքի՞ն» է բաժին հասել, թե՞ «Ծառուկյան» դաշինքին: Իշխանությունը չպետք է նստի ու միջնորդ հանդիսանա երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև: Օրենքով սահմանված կարգով՝ սահմանադրական բարեփոխումներից հետո ընդդիմությանը տրվել են լուրջ լծակներ: Ապագայում, եթե կարևոր հարց կլինի, նստենք, քննարկենք, բայց այսօր փաստենք, որ իշխանությունների բարեփոխումների արդյունքում ընդդիմության իրավունքներն առնվազն կրկնապատկվել են խորհրդարանում:

Նախորդ գումարման ընդդիմությունը չուներ խորհրդարանի փոխնախագահ, չուներ հարցապնդում անելու իրավունք: Այսօր ունեն: Հիմա, եթե «Ելքին» բաժին չի հասել, «Ծառուկյան» դաշինքին է հասել, Հանրապետականի մեղքը ո՞րն է:

– Բայց «Ելքին» հասանելիք տասներորդ մշտական հանձնաժողովը կրճատեցիք:

– Նախ` մենք 12-ից հանձնաժողովները դարձրել ենք 9: Եվ այստեղ «Ելքին» բաժին հասնել-չհասնելը երկրորդական է եղել: Էական չի եղել՝ դա «Ելքի՞ն» է հասնում, թե՞ ոչ, ըստ նպատակահարմարության՝ մենք դա արել ենք: Բայց եկեք արձանագրենք, որ ընդդիմությունը խորհրդարանում ունի լուրջ լծակներ:

– Ձեր կարծիքով` քաղաքական այլընտրանքների առկայություն այսօր կա՞, թե՞ ամեն դեպքում իշխանության մենախոսություն է:

– Դուք՝ որպես ԱԺ-ի նիստերը լուսաբանող լրագրող, կարող եք ասել` կա՞ երկխոսություն, թե՞ ոչ: Իհա՛րկե կա: Եթե մենախոսություն լիներ՝ մարտի 1-ի լսումներ կլինեի՞ն, Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու լսումներ կլինեի՞ն, գնաճի մասին քննարկումներ կլինեի՞ն, դեղերի հետ կապված լսումներ կլինեի՞ն: Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել: Եվ պետք չէ, որ մեր ընդդիմադիր գործընկերները նսեմացնեն իրենց իսկ արած արդյունավետ աշխատանքը: Կարծում եմ, որ թե՛ «Ծառուկյան» դաշինքը, թե՛ «Ելք» խմբակցությունը, այդ թվում նաև՝ «Լուսավոր Հայաստանը», այս մեկ տարվա ընթացքում բավականին արդյունավետ խորհրդարանական օրակարգ են ձևավորել:

Անկախ նրանից՝ ՀՀԿ-ին դա դուր է գալիս, դուր չի գալիս, բայց խորհրդարանում բերել են նոր խոսք, նոր գործելաոճ, նոր օրակարգային հարցեր, որոնք, հարցապնդման կամ լսումներ հրավիրելու իրավունք չունենալու դեպքում՝ միգուցե նաև չքննարկվեին: Եվ այդ առումով կխնդրեի, որ իմ գործընկեր Էդմոն Մարուքյանը չնսեմացնի իր իսկ խմբակցության իրականացրած աշխատանքը: Միգուցե ընդդիմությունը պետք է նաև այլ իրավունքներ ունենա, բայց դրանք ոտքի վրա հընթացս քննարկելու հարցեր չեն:

Ընդդիմությունն այսօր կարո՞ղ է մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին խորհրդարանում, ինչպես Է. Մարուքյանն է ասում:

– Ի՞նչ է նշանակում՝ մարտահրավերներ նետել Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, որ առհասարակ անձնավորված մարտահրավերները պարտության են մատնված: Մենք անձերի դեմ չպետք է պայքարենք: Ո՛չ Շարմազանովը պետք է պայքարի Մարուքյանի կամ Փաշինյանի դեմ, ո՛չ էլ Փաշինյանը կամ Մարուքյանը պետք է պայքարեն Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Շարմազանովի կամ մեկ այլ հանրապետականի դեմ:

Մենք պետք է ունենանք գաղափարների պայքար, բախումներ, բազմակարծություն, միգուցե նաև՝ խիստ քննադատություն, բայց այդ ամենը պետք է լինի ծրագրային և չպետք է լինի անձնավորված: Ժողովրդավարական, խորհրդարանական երկրներում անձնավորված պայքարը դա ոչ ժողովրդավարական ճանապարհ է: Եվ իմ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին: Կա ինստիտուցիոնալ իշխանություն, կա ինստիտուցիոնալ ընդդիմություն, որն օգտվում է իր սահմանադրական իրավունքներից, իշխանությունը՝ իր: Եվ պայքարը պետք է լինի գաղափարական:

Պարոն Շարմազանով, թեև հանրապետականները պնդում են, որ դեռ որոշումը կայացված չէ, սակայն գործընթացները, այդ թվում` Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ամեն ինչ տանում է նրան, որ վարչապետի թեկնածուն Ս.Սարգսյանն է լինելու: Ձեր կարծիքով` ժողովուրդը կարո՞ղ է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ կամ ազդել այդ որոշման վրա։ 

– Նախ` Հանրապետականն այս պահին ինստիտուցիոնալ ո՛չ քննարկում, ո՛չ էլ որոշում չի կայացրել: Առանձին-առանձին, գործընկերներով, միգուցե առանձին քննարկումներ եղել են, բայց բոլորս միասին՝ պաշտոնական քննարկում չի եղել, որոշման չենք հանգել: Շատերս ունենք մեր կարծիքը, որ արտահայտում ենք մամուլի միջոցով: Երկրորդ` այս ընթացքում ով չալարեց, ժողովրդի անունը տվեց: Կներեք, բայց ժողովուրդն է մեզ ընտրել, ժողովուրդն է մեզ տվել սահմանադրական իրավունք` ձևավորել կառավարություն:

Սա ոչ թե Հանրապետականի, Շարմազանովի, կամ Պողոս Պողոսյանի ցանկությամբ է, այլ հենց ժողովրդի, ՀՀ ընտրողների մեծամասնության որոշումն է եղել: Ապրիլի 2-ին ժողովուրդը մեր կուսակցությանը տվել է սահմանադրական իրավունք՝ մինչև 2022 թ. կառավարել: Եվ իմ համար առնվազն ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական առումով հասկանալի չէ` ժողովուրդը թույլ կտա կամ չի տա: Թույլ տվողը ժողովուրդն է, և ժողովուրդն իր կամքն արտահայտում է ընտրությունների միջոցով:

Հայաստանի Հանրապետությունը Նովգորոդի Վեչեն (պետական կառավարման յուրօրինակ ձև.-  Գ.Խ.) չի, որտեղ հրապարակում հավաքվեն, ով բարձր գոռա՝ այդ օրն իշխանություն նա լինի: Հակառակ դեպքում ընտրություններն ինչի՞ համար են կազմակերպվում, եթե պետք է ամեն օր, ով շատ մարդ հավաքի փողոցում՝ նա էլ որոշի:

Օրինակ` այսօր առավոտյան Շարմազանովն է շատ մարդ բերում, ինքն է որոշում, երկրորդ օրն  Աշոտյանն է շատ մարդ բերում, ինքն է որոշում, երրորդ օրը Փաշինյանն է շատ մարդ հրապարակում հավաքում, ինքն է որոշում: Ո՞րն է ընտրությունների իմաստը: Ընտրությունները նրա համար են, որպեսզի ժողովուրդը գա և իր կամարտահայտությունն առաջիկա 4-5 տարվա համար որոշի: Ինչն էլ արել է ապրիլի 2-ին մեր ընտրողը:

Մենք չենք ասում, որ 100% Հանրապետականին են ձայն տվել, քավ լիցի, բայց ապրիլի 2-ի ընտրությունները որևէ մեկը, այդ թվում` նշված կուսակցություններ, չեն վիճարկել, էլ չեմ ասում՝ միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

Եվ կրկնում եմ ` դա մեր սահմանադրական իրավունքն է՝ ժողովրդի կողմից տրված` ձևավորել կառավարություն: Իսկ մնացած բոլոր օրակարգերը` թույլ չտալ և այլն, դրանք կեղծ, արհեստական օրակարգեր են, որովհետև հակասում են Սահմանադրությանը:

Տեսանյութեր

Լրահոս