«Ի՞նչ է, պետք է Վովա Գասպարյանին բացատրություն գրե՞նք, որ մենք որևէ ձևով ուժային պայքարի կողմնակից չենք». Պետրոս Մակեյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Որպես տեխնոլոգիական միջոց՝ քայլարշավին նորմալ եմ նայում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի և թիմի նախաձեռնած քայլարշավի մասին:
Նա հիշեցրեց, որ 2013 թվականին ինքն էլ նմանատիպ քայլարշավից օգտվել է՝ Գյումրիից Երևան է գնացել ապրիլի 9-ին ընդառաջ, երբ Ազատության հրապարակում պետք է տեղի ունենար Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությունը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ինչ-որ պահից դուք էլ միանաք այդ քայլարշավին, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ միանալու խնդիր այս պարագայում դեռևս բարձրանալ չի կարող մի պարզ պատճառով, որովհետև «Ժառանգությունը» կողմ է միասնական ճակատին, և ոչ թե՝ որևէ մեկին միանալուն, այլ՝ բոլորով միանալուն:
Եթե ցանկություն ունենայինք առանձին գործունեություն ծավալելու, մենք ինքներս կանեինք և մեր աջակցությունը չէինք հայտնի «Հանուն Հայաստան պետության» ճակատին, որն արդեն միասնական հարթակ է, և այստեղ որևէ մեկը մեկին միանալու որևէ խնդիր չկա: Աջակցում ենք նաև «Մերժի՛ր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությանը, այնպես որ, թե ի՞նչ կլինի, չեմ կարող ասել»:
Նույն ճակատի նախաձեռնող խմբի անդամ Պետրոս Մակեյանն էլ ասաց, որ «Քաղաքացիական պայմանագրի» քայլարշավը նորմալ է գնահատում. «Ժողովրդին տեղից շարժելու համար քայլեր պետք է արվեն, հիմա իրենք գտել են այդ քայլը, մենք մեր քայլերն ենք անում, նստացույցը շարունակվում է, ապրիլի 9-ին նորից հանրահավաքն անելու ենք: Սերտ համագործակցում ենք «Մերժի՛ր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության հետ: Անձամբ իմ կարծիքն այն է, որ առանց համագործակցության՝ որևէ հաջողության հասնել հնարավոր չէ: Կապ չունի՝ մենք ինչ-որ պահից կմիանա՞նք քայլարշավին, թե՞ ոչ, Ազատության հրապարակում ժողովուրդը պետք է տեսնի համագործակցող ուժեր»:
Հիշեցնենք, որ Ն Փաշինյանը հայտարարել է, որ իրենք մերժում ենք բռնությունը ոչ միայն՝ որպես գործողություն, այլև՝ հակագործողություն: ««Հանուն Հայաստան պետության» ճակատից այս կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ, և քանի դեռ ճակատի անունից չկա միասնական, հստակ հայտարարություն, այս խնդիրը կմնա առկախված»,- հայտարարել է Ն. Փաշինյանը:
Խոսելով Ն. Փաշինյանի այս հայտարարության մասին՝ Պ. Մակեյանն ասաց. «Մեր վերջին հանրահավաքին մենք ճակատի պաշտոնական դիրքորոշումն արտահայտել ենք, Արմեն Մարտիրոսյանն այդ մասին հրապարակել է: Դրանից հետո նորից շարունակելն արդեն լուրջ չէ, կամ էլ՝ շահարկում են, կամ չգիտեմ՝ ինչ է: Մենք ճակատի դիրքորոշումը հստակ ասել ենք, և նոր բան ասելու իմաստ չկա: Ի՞նչ է, պետք է Վովա Գասպարյանին բացատրություն գրե՞նք, որ մենք որևէ ձևով ուժային պայքարի կողմնակից չենք, և պետք է պայքարը տանենք խաղաղ, առանց բռնությունների: Դա՞ է մնում»:
Հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է պատճառը, որ ձեզ չեն հավատում, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Դա իրենց պետք է հարցնել, մենք ճակատի պաշտոնական դիրքորոշումը հրապարակել ենք: Հավատալ-չհավատալը քաղաքական կատեգորիա չէ: Ուրեմն՝ իրենցից պետք է հարցնեք, թե ինչո՞ւ ինչ-որ վերապահումներ ունեն կամ առկախ են թողնում: Ես ենթադրում եմ, թե ինչու, բայց չեմ հրապարակի, կարող եք իրենցից իմանալ»: