«Մենք պատրաստ ենք գործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր շատ հստակ և աներկբա այս պայմանն ընդունում են». Նիկոլ Փաշինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը փորձում է խախտել 2014 թվականի ապրիլի 10-ին ՀՀ քաղաքացիների հետ կնքված պայմանագիրը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Սահմանադրական փոփոխություններից առաջ ինքը պարտավորվում է, որ այլևս երբեք չի հավակնելու պետության ղեկավարի կարգավիճակին, և հիմա նա փորձում է դրժել այդ պայմանը:

Նա նշեց, որ հիմնական մարտահրավերն այն է, որ ՀՀ քաղաքացիները կարողանան կազմակերպվել և պարտադրել Սերժ Սարգսյանին, որ նա կատարի իր ստանձնած պարտավորությունը:

Հարցին՝ այլ նախաձեռնությունների, խմբերի հետ բանակցություններ վարո՞ւմ եք. Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Մենք ունենք որոշակի շփումներ որոշակի շրջանակների հետ, բայց այդ շփումների ընթացքում մենք ընդգծում ենք մեզ համար սկզբունքային նշանակություն ուենցող հարցեր, և այդ հարցերից մեկը քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդներին է վերաբերում: Մենք մերժում ենք բռնությունը ոչ միայն՝ որպես գործողություն, այլև՝ հակագործողություն, սակայն դա չի նշանակում, որ մենք այս պրոցեսը պատկերացնում ենք՝ որպես փխրուն, նրբիկ և վախվորած ինչ-որ բան:

Մենք պատրաստ ենք գործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր շատ հստակ և աներկբա այս պայմանն ընդունում են և համաձայն են ձևավորել երաշխիքներ, որ քաղաքական պրոցեսը կլինի այս պայմանների, սկզբունքների շրջանակում: Մեր հիմնական բանակցությունը ՀՀ քաղաքացիների հետ է, որովհետև քաղաքական այն պայմանը և պայմանագիրը, որ ստանձնել է Սերժ Սարգսյանը, այդ պայմանագրի մյուս կողմը ՀՀ քաղաքացիներն են: Առաջիկա պրոցեսներում ես և իմ գործընկերները գործելու ենք ոչ միայն՝ որպես քաղաքական գործիչ, այլև՝ որպես ՀՀ քաղաքացի»:

Անդրադառնալով «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ համագործակցությանը՝ Ն. Փաշինյանը կրկնեց, որ իրենք մերժում ենք բռնությունը ոչ միայն՝ որպես գործողություն, այլև՝ հակագործողություն. ««Հանուն Հայաստան պետության» ճակատից այս կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ, և քանի դեռ ճակատի անունից չկա միասնական, հստակ հայտարարություն, այս խնդիրը կմնա առկախված»:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ 2015 թվականի Ն. Փաշինյանը չմիացավ «Նոր Հայաստանի» պայքարին՝ ասելով, որ հանրությանը պարտության չի տանելու: Հարցին՝ հիմա դուք մարդկանց ո՞ւր եք տանելու. Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց.

«Կա երկու սցենար, որ Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀ վարչապետ, և մյուս սցենարն այն է, որ մեզ հաջողվում է կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը: Եթե մենք ժողովրդին ոչ մի տեղ չենք առաջնորդում և ոչ մի առաջարկ չենք անում, և ՍերԺ Սարգսյանն առանց որևէ խոչընդոտի դառնում է վարչապետ, դա արդեն ժողովրդի պարտությունն է:

Մեր գործողության բացակայությունն արդեն իսկ ժողովրդին առաջնորդում է դեպի պարտություն: Հետևաբար՝ մեր գործողությունը ստեղծում է հաղթանակի հնարավորություն: Եթե ՀՀ քաղաքացիներն օգտվեն այդ հնարավորությունից, նրանք կհաղթեն, մենք բոլորս միասին կհաղթենք»:

Հարցին էլ, թե՝ դա անձի՞, թե՞ կուսակցության, համակարգի դեմ պայքար է լինելու, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, որ ՀՀԿ-ն, բացի Սերժ Սարգսյանից՝ վարչապետի այլ թեկնածու չունի, եթե մեզ հաջողվում է այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետի թեկնածու, դա նշանակում է, որ ժողովուրդը տասնյակ-հարյուր, հազարներով արտահայտել են իրենց կամքը և քաղաքական պրոցեսները վերցրել են իրենց ձեռքը:

Եթե ՀՀ քաղաքացիները կարողացել  են այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետի թեկնածու, ապա քաղաքացիները կարող են այնպես անել, որ ՀՀԿ-ն ընդհանրապես չունենա վարչապետի թեկնածու: Այդ ժամանակ վարչապետի թեկնածուն կլինի ժողովրդի թեկնածու, ում ժողովուրդը կորոշի հրապարակում»:

Տեսանյութեր

Լրահոս