Բաժիններ՝

Փնտրվում է քավության նոխազ. ո՞ւմ համար է ղողանջում զանգը

ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Մշակույթի և ֆինանսների նախարարություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է՝ «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են՝ որպես ամբողջությամբ կատարված, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում Մշակույթի նախարարությունից ստացված դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վերոհիշյալ չարաշահումների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած տեղեկատվության մեջ մասնավորապես նշվում է. «Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը զերծ մնաց անուններ հնչեցնելուց, փոխարենը հստակեցրեց՝ հայտարարությունը ՀՀ Ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում նշված ֆինանսական խախտումների վերաաբերյալ է, որի քննությունը, որպես այդպիսին, ուղարկվել է քննչական կոմիտե՝ պարզելու համար համգամանքներն ու մեղավորներին: Խնդիրը վերաբերում է 2014-2016թթ.-ին վերականգնված թվով 6-7 պատմամշակութային հուշարձանններին:

Ըստ Պարոն Աբրոյանի՝ խիստ խնդրահարույց է նաև Արդվվի եկեղեցու զանգակատան վերին հատվածի՝ երկրորդ հարկաբաժնի քանդման փաստը, որը, սակայն, այս պահին ներառված չէ վերոհիշյալ չարաշահումների ցանկում: Պարզվում է՝ հեղինակը ներկայացրել է նախագիծ, որն ունեցել է բավականաչափ թերություններ: Այս մասին ինքը՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը տեղեկացրել է թե՛ հուշարձանի վերականգնման ճարտարապետին, թե՛ բարերարին, թե՛ թեմի հոգևոր առաջնորդին, թե՛ վերականգնումը ստանձնած շինարարական ընկերության ղեկավարին, թե՛ տարածքային աշխատակիցներին, սակայն շրջանցելով ոլորտի պատասխանատու պաշտոնյայի նկատառումները, օրենքի խախտումներով վերականգնման անվան տակ սկսվել է պատմամշակութային հուշարձանի զանգաշտարակի վերին հատվածի քանդումը:

168.am-ի այն նկատառմանը, թե մենք ունենք հստակ տեղեկություն այն մասին, որ ՀՀ Մշակույթի նախարարության կողմից, այնուամենայնիվ, եղել է հուշարձանի վերականգնման թույլտվություն, մեր զրուցակից Արմեն Աբրոյանը նկատում է՝ ինքն անձամբ պաշտոնապես որևէ թույլտվություն չի տեսել, և, եթե նույնիսկ նման թույլտվություն եղել է, ապա դրանից առաջ պահանջ է դրվել նախագծային փոփոխությունների, որը ներկայացվել է վերոհիշյալ հուշարձանի քանդումից մի քանի օր անց միայն:

Նմանօրինակ աշխատաոճը բոլորովին խորթ ձեռագիր չէ ոլորտի համակարգող փոխնախարար Արև Սամուելյանի համար, ում ավելի քան տասը տարի ի պաշտոնե վստահված է հենց պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտը: Հիշեցնենք, որ հուշարձանների վերանորոգման ծրագրերում Վերահսկիչ պալատի կողմից չարաշահումներ արձանագրվել էին դեռևս 2007-2008 թվականներին, երբ պարզվել էր, որ Քոբայրավանքի ու Հնեավանքի վերականգնողական աշխատանքների համար նախատեսված ընդհանուր 321 մլն դրամ գումարից անհետացել էր 57 մլն դրամ: Քոբայրավանքի վերականգնման աշխատանքների համար հետագայում՝ արդեն 2014 թվականին, պետական բյուջեից տրամադրվել էր ևս 17 մլն, իսկ 2015-ին` ևս 18 մլն դրամ:

Տեղեկացնենք, որ 2004-2016թթ. ընթացքում պետական միջոցներով վերանորոգվել են թվով 157 պատմամշակութային հուշարձաններ, այդ նպատակով ծախսվել է 4 մլրդ 630 մլն դրամ։ 2014-16 թվականների ընթացքում վերանորոգվել է 48 հուշարձան՝ ծախսելով ընդհանուր հաշվարկով պետական միջոցներից հատկացված 850 մլն դրամ։

Հատկանշական է, որ մինչ օրս պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտում արձանագրված չարաշահումների հետքերով պետական բյուջեից թալանված գումարների համար ոլորտի պատկան մարմիններից և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Մինչ Պետական շահերի պաշտպանության վարչությունում Մշակույթի նախարարությունից ստացված դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ով ի պաշտոնե ոլորտի համակարգող պատասխանատուն և առաջացած յուրաքանչյուր խնդրի դե ֆակտո մեղավորն է, ակտիվ փնտրտուքների մեջ է: Փնտրվում է քավության նոխազը: Թե ո՞ւմ համար կղողանջի զանգը՝ պարզ կդառնա առաջիկայում, քրեական գործի նախաքննության ավարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս