«Ես չեմ ցանկանում վատատեսական որևէ բան ասել». «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը՝ Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզի մասին

«Այս պահին կարող ենք նրանց միայն հաջողություն մաղթել իրենց բռնած գործում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ խոսելով «Ելք» դաշինքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այսօր հրապարակված ճանապարհային քարտեզի մասին:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից ուղիղ միացմամբ հայտարարել է. «Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»:

Դ. Խաժակյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր չէ՝ «Լուսավոր Հայաստանն» ինչ-որ պահից միանա այս գործընթացին: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Մենք մեր տեսակետներն արդեն հայտնել ենք, և «Քաղաքացիական պայմանագիրն» իր որոշմամբ սկսել է գործողությունները կատարել, որին մենք չենք հակադրվել ու ասել ենք, որ հաջողություն ենք մաղթում»:

Ճշտող հարցին՝ Դուք բացառո՞ւմ եք, որ կարող եք ընթացքից միանալ այս գործընթացին, Դ. Խաժակյանն այսպես պատասխանեց. «Ես ոչինչ չեմ բացառում, ես պարզապես մեր այս պահին ունեցած որոշումն եմ արձանագրում»:

Կարդացեք նաև

Հարցին՝ այս ճանապարհային քարտեզը, որը հրապարակվեց, հենց ա՞յն էր, ինչը ձեզ հետ է քննարկվել, Դ. Խաժակյանն այսպես պատասխանեց. «Մենք ընդհանուր գաղափարն ենք քննարկել, և առանձին քայլերի մասին ես տեղեկացա մամուլից, բայց ըստ էության, որևէ նոր կամ անակնկալ բան ինձ համար չկար»:

Այն հարցին էլ՝ ի՞նչ եք կարծում՝ պայքարի այն մեթոդը, որն ընտրվել է, ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել, Դ. Խաժակյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում վատատեսական որևէ բան ասել և հաջողություն եմ մաղթում: Կրկին ասում եմ, որ հրապարակվածում որևէ նոր բան չկար, և այն տեղավորվում էր արդեն քննարկվածի տրամաբանության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս