Բաժիններ՝

«Այդ հանգամանքը տղաներին չի վախեցնում և նրանք էլ ավելի են լարել իրենց տեսողությունն ու լսողությունը»

«Դիրք։ Հակառակորդը հարձակվել է ճակատից։ Ի զեն, մարտի». սա այն ներմուծական հրամաններից է, որն ամեն օր հնչում է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում։

Այսպիսի հրամաններով դիրքի ավագը անձնակազմին մերձեցնում է հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում իր առջև դրված մարտական խնդրին։

Դիրքի ավագ սերժանտ Վիգեն Նաջարյանը, ներկայացնելով դիրքի առօրյան, նշում է, որ այստեղ ամենակարևորն առողջ մթնոլորտի ձևավորումն է և միջանձնային հարաբերությունների բարձր մակարդակը։ Ապագա տնտեսագետն արդեն 10 ամիս է դիրքի ավագ է։ Նրա խոսքով՝ այդ ամիսների ընթացքում հենց այդ գործոնների շնորհիվ է, որ դիրքում արտառոց և դժբախտ պատահարներ տեղի չեն ունեցել։ Վիգենի վստահեցմամբ՝ անցանկալի պատահարներից հնարավոր է խուսափել, եթե շարժվում ես զինվորական կարգուկանոնով։

Նրանից հետաքրքրվեցի, թե արդյոք մեծ չէ՞ պատասխանատվությունը, և ինչպե՞ս է նրան հաջողվում այն պատվով հաղթահարել։

«Դիրքի անձնակազմից յուրաքանչյուրի նկատմամբ մեծ պատասխանատվություն եմ զգում։ Այդ պատասխանատվությունից էլ բխելով՝ իմ հիմնական խնդիրն է, որպեսզի նրանք առողջ և անվնաս վերադառնան իրենց օջախներ։ Ողջ հայությունը նրանց համար բաժակ է բարձրացնում և անփորձանք զինծառայության համար կենացներ խմում։ Այդ ամենը քաջ գիտակցելով պարտավորվել եմ նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց խաղաղ ծառայության համար»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանում նշվող տոնին՝ Նովրուզին, Վիգենը նշեց, որ մինչ այս պահը սահմանագծում եղել է հանգիստ իրավիճակ, սակայն հակառակորդն անկանխատեսելի է և հնարավոր է լարվածություն հրահրի։

«Այդ հանգամանքը տղաներին չի վախեցնում և նրանք էլ ավելի են լարել իրենց տեսողությունն ու լսողությունը։ Մեզ սպասող հարազատները կարող են հանգիստ լինել, քանի որ մենք միշտ արթուն ենք և զգոն ու պատրաստ դիմակայելու ցանկացած սադրանքի»,- ընդգծեց սերժանտը։

Վերջում փորձառու ավագը ողջույններ ուղարկեց իր ընտանիքի անդամներին և հարազատներին։

Դիրքում մարտական հերթապահություն են իրականացնում տարբեր զորակոչի տղաներ։ Դիրքի ավագի օգնական շարքային Սերգեյ Մանուչարյանը շուրջ 20 ամիս է, ինչ ծառայում է Հայոց բանակում։ Նա մասնակցել է 2017 թվականի փետրվարի 25-ին հակառակորդի կողմից դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման փորձի կանխմանը հաջորդող դիրքերի ուժեղացման գործողություններին։ Սերգեյը վերհիշեց այդ օրերը, թե ինչպես են խուսափել հակառակորդի գնդակոծություններից, սակայն չցանկացավ մանրամասներ ներկայացնել։

«Զինվորական ծառայությունն ինձ շատ բան է տվել՝ հատկապես մարտական հերթապահության ընթացքում ես ձեռք եմ բերել այնպիսի մարդկային որակներ, որոնք մինչ այդ չեմ ունեցել։ Այստեղ ձևավորված ընկերությունը մեծ արժեք է ներկայացնում, քանի որ անցնում ենք մի փորձություն, որ այլ իրավիճակում դժվար թե դրսևորվեր»,- նշեց շարքային Մանուչարյանը՝ հավելելով, որ ամեն անգամ արթուն և զգոն մնալով՝ նպաստում է մնացածի անփորձանք տուն վերադառնալուն։

Այս դիրքում հայրենիքի նկատմամբ իմ պարտքն եմ տալիս նաև ես՝ շարքային Վահե Հակոբյանս։ Կցանկանայի միայն մի հետաքրքիր խոսակցություն հիշել, որը տեղի է ունեցել իմ և ինձ հետ հերթապահություն իրականացնող ընկերոջ միջև։ Դիտակետում գտնվելիս զրուցում էինք հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի մասին և նա հանկարծակի ասաց. «Տեսնես ե՞րբ հակառակորդը դիվերսիայի փորձ կանի՝ կանխենք՝ արձակուրդ գնանք»,- արտահայտության իմաստը և հետևությունները թողնում եմ ընթերցողի վերլուծությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս