
«Գյումրու բժշկական կենտրոն»-ում ստուգվել է հակահրդեհային համակարգը

Կեմերովոյում գրանցված դժբախտ պատահարից հետո ՀՀ շատ հաստատություններ հրատապ իրականցրեցին կառույցների հակահրդեհային համակարգերի ստուգման գործընթաց: Ոչ միայն Գյումրիում, այլև ընդհանրապես Շիրակի մարզում ամենամարդաշատ ու կարևորագույն նշանակություն ունեցող կառույցում՝ «Գյումրու բժշկական կենտրոն»-ում ևս կատարվեց անհրաժեշտ ստուգողական աշխատանք:
Արդյունքում պարզ դարձավ՝ կենտրոնն ունի անհրաժեշտ ազդանշանային գործող համակարգ, տարհանման կետեր ու հրդեհաշիջման պարագաներ: Համակարգի ստուգման նպատակով թղթի այրումից առաջացած ծուխն անմիջապես գործի է դրել ազդանշանային համակարգը: Հաշվի առնելով կառույցում աշխատակիցների, ստացիոնար բուժում ստացող հիվանդների, խնամողների ու այցելուների թիվը՝ կարելի է նշել, որ օրական միջինը 1500 մարդ է լինում բուժհաստատությունում:
Քառահարկ կառույցը համալրված է անհրաժեշտ հակահրդեհային պարագաներով ու ազդանշանային համակարգով, ինչպես նաև անհրաժեշտ քանակի տեսագրող սարքերով: Անհրաժեշտության դեպքում, կենտրոնն ունի պահեստավորվող ջրի 20-տոննայանոց տարա, 24 կրակմարիչ, 24 հակահրդեհային հիդրանտ։ Կենտրոնը նաև ունի տարհանման 5 ուղի: Տարհանման ևս 2 կետ կա նաև նկուղում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, հակահրդեհային համակարգը վերահսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից, իսկ ազդանշանային համակարգը անմիջական կապ ունի ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ։
Արմենուհի Մխոյան