«Եթե մի քանի անգամ հասարակությունը հաջողության չի հասնում, այլևս չի կանգնի նույնպիսի ընդդիմության կողքին». Ռար
«Իշխանությունը պետք է զբաղվի երկրում առկա խնդիրներով, թեև ուժեղ ընդդիմությունն այդ գործի համար լուրջ խթան կլիներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ-ում սպասվող հնարավոր ներքաղաքական զարգացումներին:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև նորաստեղծ «Հանուն Հայաստան պետության» ճակատը ծրագրում են ակտիվ քաղաքական գործընթացներ շուրջօրյա հանրահավաքների և նստացույցերի տեսքով այն ժամանակահատվածում, երբ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի լիազորությունները, և կստեղծվի մեկ շաբաթ ժամանակ, երբ ՀՀ-ն, ըստ այդ ուժերի հաշվարկների, չի ունենա ղեկավար, որն իշխանափոխության հասնելու համար շատ նպաստավոր է լինելու: Ավելին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու, և, եթե պարզվի՝ կա ժողովուրդ, որ պատրաստ է և գնալ վերցնել էդ իշխանությունը, ինքը կգնա և կվերցնի»:
«Ապրիլի 9-17-ը կլինեն շուրջօրյա հավաքներ, երթեր, ցույցեր, քանի որ այդ մեկ շաբաթվա ընթացքում մեր երկիրը մնում է առանց իշխանության: Այդ օրերին ակտիվ գործողություններ են ծավալվելու, հավաքվելու, քննարկելու են, բացատրելու հանրությանը, որպեսզի հանրության տրամադրությունները տեսնեն և առաջ շարժվեն»,- ասել էր «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Թամար Հովհաննիսյանը:
Ալեքսանդր Ռարն ասաց, որ որքանով ծանոթ է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ՀՀ գործող նախագահը վայելում է բնակչության գոնե կեսի հավանությունը, իսկ մյուս կեսն իշխանափոխություն է ցանկանում երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով, բայց թե որ քաղաքական ուժի միջոցով՝ հայտնի չէ: Ըստ նրա, քաղաքական դաշտում իր ամուր դիրքերն է պահպանում հենց իշխող կուսակցությունը, քանի որ, ըստ էության, չկա ավելի ազդեցիկ ուժ:
«Դա պարզ դարձավ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում»,- նկատեց Ալեքսանդր Ռարը:
Նրա գնահատմամբ՝ անկախ ներքին քաղաքականությունից, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է՝ հնարավորինս անվտանգ հակամարտություն և բարդ աշխարհագրություն ունեցող երկրի համար:
«ՀՀ գործող իշխանությունները բավականին զգույշ են աշխարհաքաղաքական կենտրոնների հետ իրենց հարաբերություններում, դա, կարծում եմ, պետք է որ բավարարի թե արտաքին, և թե ներքին պահանջարկը, քանի որ հասարակությունը հասկանում է, որ երկիրը բարեփոխումների կարիք ունի, և դա կարելի է անել մերձենալով Եվրամիության հետ, բայց այս տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը դոմինանտ ազդեցություն ունի, առանց Ռուսաստանի հնարավոր չէ: Այս դրությունը ձեռնտու է Ռուսաստանին և Արևմուտքին ևս»,- ասաց Ռարը:
Գերմանացի քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանում բավականին լուրջ շարժումներ ծավալվել են վերջին մեկ տասնամյակի ընթացքում: Սակայն, նրա խոսքով, ընդդիմադիրներ գործիչներն իրենք չեն կարողացել դրական պատմություն ստեղծել այդ շարժումների համար:
«Ես պատճառներից կդժվարանամ խոսել՝ չլինելով երկրի ներսում, չհետևելով իրադարձություններին մոտիկից: Բայց եթե մի քանի անգամ հասարակությունը, որը փոփոխություն է ցանկանում և ընդդիմադիր ուժերից համարձակություն ակնկալում, հաջողության չի հասնում, այլևս չի կանգնի նույնպիսի ընդդիմության կողքին: Հայաստանում վերջին տարիներին քաղաքացիական և ապաքաղաքական շարժումներն ավելի արդյունավետ են եղել, քան քաղաքական շարժումները»,- նշեց Ալեքսանդր Ռարը:
Նրա խոսքով, բացի հասարակության շրջանում առկա դժգոհությունից, անհրաժեշտ են լիդերներ, որոնք գաղափարախոսությամբ, ավելի լավ կյանքի հեռանկարով, նոր ծրագրերով կառաջնորդեն և կոգեշնչեն հասարակությանը:
Ուստի, Ռարի կարծիքով, Հայաստանում եթե նույնիսկ լինեն բողոքի ակցիաներ, ամենայն հավանականությամբ, իշխանափոխության չեն հանգեցնի, քանի որ հասարակական լուրջ աջակցություն չեն ստանա: «Բայց ես լսել եմ, որ կան բազմաթիվ խնդիրներ, կան նաև դժգոհություններ, իշխանությունը պետք է զբաղվի այդ խնդիրներով, թեև ուժեղ ընդդիմությունն այդ գործի համար լուրջ խթան կլիներ»,- ասաց Ռարը: