Բաժիններ՝

Դեղերի մասին օրենքը կարող է բերել դեղերի ստվերային շրջանառության

«Մի քանի օր առաջ մի կին եկավ դեղատուն` շատ ուժեղ գլխացավով, խնդրեց, որ «սոլպադեին» (Solpadeine) տամ, իսկ այդ դեղն իր մեջ կոդեին է պարունակում: Ես բացատրեցի, որ իրավունք չունեմ վաճառել, բայց աչքերից զգում եմ, որ շատ վատ է իրեն զգում: Խեղճ կինն ասում է, որ մյուս դեղերն իրեն չեն օգնում՝ խնդրելով անպայման այդ դեղը տալ: Ո՞նց բացատրեմ այդ կնոջը, որ նոր օրենքով` առանց դեղատոմսի, եթե անգամ նրա սիրտն էլ վատ լիներ, ես իրավունք չունեմ իրեն որևէ հաբ տալ՝ այդ վիճակից դուրս հանելու համար»,- ասում է մեր զրուցակիցը՝ Գայանեն, ով ավելի քան 7 տարի աշխատում է երևանյան դեղատներից մեկում:

Գայանեի կարծիքով՝ դեղագետն այս դեպքում ընդամենը դեղավաճառ է դառնում. «Այս ամենն ավելի շատ առևտրի է նմանվում: Իրենք էլ չեն հասկանում՝ ինչ օրենք են ընդունում, մարդիկ էլ պատրաստ չեն: Նման չքավոր երկրում, երբ մարդիկ գալիս, միայն այդ օրվա համար` հատիկով դեղ են գնում, ինչպե՞ս կարելի է այս ձևով աշխատել: Բժիշկների համար էլ են խնդիրներ առաջանում: Բժիշկը քիմիական բաղադրությունը գրելու համար պետք է փնտրի այն համացանցում, ինչն անտեղի ժամանակի կորուստ է»,- ասաց Գայանեն՝ անդրադառնալով «Դեղերի մասին» օրենքի փոփոխություններին:

Հաշվի առնելով հասարակության շրջանում տարածված դժգոհությունները, որոշվել է ծրագիրն իրականացնել փուլ առ փուլ: Մարտի 6-ին կայացած ՀՀ կառավարության նիստում սահմանվել է դեղերի դեղատոմսով բացթողնման հստակ ժամանակացույցը:

Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ժամանակացույցն այսպիսին է.

Կարդացեք նաև

2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսով բաց են թողնվելու հակավարակային դեղերը (hակաբակտերիային, hակասնկային, hակամիկրոբակտերիային, hակավիրուսային, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր);

2018 թվականի հուլիսի 1-ից՝ ներարկման համար նախատեսված դեղերը;

2018 թվականի հոկտեմբերի 1-ից՝ բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են՝ որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր:

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի», հիմնադիր, «ՄԵԴԼԱՅՆ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ, բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը նշում է, որ օրենքում կան թերացումներ, որոնք պետք է շտկվեն, այլապես օրենքը չի գործի.

«Դեղատոմս հասկացությունը շատ վաղուց կա, ինչին ես, որպես առողջապահության կազմակերպիչ, կողմ եմ: Կներեք, բայց նախարարության գործառույթները մեր առօրյա աշխատանքի հետ քիչ կապ ունեն: Նախարարությունը կարող է ռազմավարություն մշակել ապագայի համար, բայց հիվանդը բժշկի մոտ է գալիս: Պետք է հաշվի առնել նաև առողջապահական այլ խնդիրներ և հետո միայն օրենքը կիրառել: Օրենքում ասվում է, որ բժիշկը դեղատոմսում պետք է նշի քիմիական բաղադրությունը, և պատճառաբանվում է նրանով, որ չուղղորդի հիվանդին կոնկրետ դեղ գնելու: Բայց աշխարհում գոյություն ունի օրիգինալ դեղամիջոց հասկացությունը: Երբ որևէ ընկերություն ստանում է միանձնյա արտադրման իրավունք` 8 տարով, 10 տարով և այլն, ընդ որում՝ տարբեր երկրներում, տարբեր քանակությամբ, ինչից հետո այդ պատենտը կարող են ստեղծել այլ ընկերություններ` նույն ազդող նյութով, բայց այլ անվան տակ: Բնականաբար, օրիգինալ դեղն ավելի արդյունավետ է ու անվտանգ, դրանով էլ պայմանավորված է բարձր գինը, բայց դեղատան աշխատողը կարող է առաջարկել նույն ազդող նյութով, ավելի մատչելի դեղ, որը, հնարավոր է՝ կողմնակի երևույթներ առաջացնի:

Նման պարագայում հիվանդը բժշկին է մեղադրելու: Քիմիական բաղադրության դեպքում այլ խնդիր էլ կա, օրինակ` կան դեղեր, որոնց բաղադրությունը 6-7 բառից է կազմված, իսկ դեղատոմսի տարողունակությունը շատ փոքր է: Նաև կա սահմանափակում երկու դեղ գրելու:

Եթե բժիշկը պետք է ընտրի հիվանդի բուժման միջոցը, ապա ինչո՞ւ են բժշկին սահմանափակում՝ նշել այն դեղի անվանումը, որը նպատակահարմար է գտնում: Կարգավորված չէ նաև հետվիրահատական նշանակումների հարցը: Օրինակ, վիրահատությունից հետո բժիշկը պետք է հետվիրահատական նշանակումներ դուրս գրի: Այս դեպքում հիվանդության պատմագիրը փակ է դառնում, բայց դեղատոմսի վրա պետք է պարտադիր նշվի հիվանդության պատմագրի համարը, հիմա փակ հիվանդության պատմագրով բժիշկն ինչպե՞ս նշանակի»:

Կառավարության որոշմամբ՝ հանրապետությունում կգործարկվի նաև էլեկտրոնային դեղատոմսի գաղափարը: Նախատեսվում է, որ այն թույլ կտա առավել հարմար ու արդյունավետ իրագործել դեղերի ձեռքբերումը: Դեղատնից դեղատոմսով դեղ ձեռք բերելու իրավունք կունենա հիվանդը կամ իր կողմից լիազորված անձը: Գևորգ Գրիգորյանի խոսքով` դեղերի դուրսգրման էլեկտրոնային եղանակի դեպքում որոշակի թանկացումներ կլինեն.

«Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում սպասարկման վճար է սահմանված` 30 դրամ: Բնականաբար, եթե մեկ դեղատոմսի արժեքը 30 դրամ է` դեղերն էլ կթանկանան, քանի որ ոչ մի տնտեսվարող սուբյեկտ չի ցանկանա այդ 30 դրամն ամեն հիվանդի համար վճարել: Օրենքի բացերից մեկն էլ այն է, որ նշված չէ, թե բժիշկն իրավունք ունի՞ ինքն իրեն դեղ նշանակել, թե՞ ոչ, կամ եթե ունի, ի՞նչ քանակությամբ: Արդյո՞ք անսահմանափակ դեղեր կարող է բժիշկը դուրս գրել, ինչը կարող է բերել դեղերի ստվերային շրջանառության: Այսինքն՝ մենք ստեղծում ենք բարենպաստ պայմաններ օրենքի խախտման համար: Օրենքն ասում է, որ դեղատնից իրավունք ունի ձեռք բերել հիվանդը կամ իր կողմից լիազորված անձը: Հիմա չկա անասնաբույժների համար նախատեսված դեղատոմս, այս դեպքում ինչպե՞ս պետք է լինի` շո՞ւնը պետք է գնա դեղատուն, թե՞ տիրոջը լիազորի»,- մեզ հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց Գևորգ Գրիգորյանը:

Շուշան Ստեփանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս