«Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կորցրեց համբերությունը». Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կրկին անդրադարձավ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին:
Նա Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու ինտրիգի բացահայտումը որակեց՝ որպես տակտիկական անհաջողություն Հանրապետականի և Սերժ Սարգսյանի համար:
«Ի սկզբանե ամեն ինչ արվում էր, որ վարչապետի թեկնածուի հետ կապված ինտրիգը մինչև վերջին վայրկյանը պահվի այնպես, որ տեսականորեն հնարավոր դառնա ապրիլի 16-ին վարչապետի թեկնածու առաջադրել, իսկ 17-ին անաղմուկ նրան ընտրել: Հարց է ծագում, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կորցրեց համբերությունը և օր առաջ արեց այդ կարևոր հայտարարությունը:
2018 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը լքելու է իր այսօր ունեցած կարգավիճակը և մինչև ապրիլի 17-ը որևէ պետական կարգավիճակ և պաշտոն չի ունենալու: Միևնույն ժամանակ, ապրիլի 9-ին հրաժարական է տալու գործող կառավարությունը, և կառավարության անդամները լինելու են պաշտոնակատարներ: Սա նշանակում է, որ մենք ունենալու ենք բացառիկ մի իրավիճակ Երրորդ Հանրապետության պատմության շրջանում, երբ մի ամբողջ շաբաթ ՀՀ-ում գործող գործադիր իշխանություն չի լինելու: Նման իրավիճակ 3-րդ Հանրապետության պատմության մեջ չենք ունեցել»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Նա կարծում է, որ Սերժ Սարգսյանը վաղաժամ նման հայտարարությամբ հանդես եկավ, որովհետև իրավիճակի նկատմամբ հսկողությունը կորցնելու մտավախություն ունի. «Այդ մեկ շաբաթվա ընթացքում, երբ ՀՀ-ում գործադիր իշխանություն չի լինելու, եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է իր ձեռքը վերցնել ՀՀ իրեն պատկանող իշխանությունը, սրանով մենք ՀՀ-ում կունենանք բոլորովին նոր իրավիճակ և հեռանկար Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ ինտրիգ չի եղել և չկա. «Որովհետև մեր ժողովուրդը ձայն է տվել Սերժ Սարգսյանի գլխավորած ուժին»: