Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց Գևորգ Կոստանյանին. ԱԺ-ում քննարկվում է մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԱԺ-ում այս թեմայով ծավալուն քննարկումներ են ունեցել, որի ժամանակ մի շարք հարցեր են բարձրացվել:
«Լսումների ընթացքում 2008-2009 թվականների գործած ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտնեց, որ մինչև օրս անհայտ է, թե ինչի հիման վրա է 2008 թվականի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը Բաղրամյան 26-ում հայտարարել, թե ցուցարարները մեքենաների հետևից կրակում էին ոստիկանների վրա և թաքնվում էին: Դատախազության ներկայացուցիչը, որ մասնակցում էր լսումներին, Նիկոյանի այս հայտարարությունն անարձագանք թողեց:
Սրանից հետո մենք դիմեցինք գլխավոր դատախազին, որպեսզի նա Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու և այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նախաձեռնությամբ հանդես գա: Գլխավոր դատախազությունն այս նախաձեռնությունը մերժեց, իսկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայումսթ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ նախաքննության մարմնի ձեռքի տակ կան Քոչարյանի ասածները հիմնավորող տեսանյութեր:
Ուզում եմ պաշտոնապես մարտահրավեր նետել Կոստանյանի այս հայտարարությանը և պնդել, որ սա ստահոդ հայտարարություն է. չկա նման տեսագրություն և չի կարող լինել, եթե կա նման տեսագրություն, Գլխավոր դատախազությունը պետք է հրապարակի: Ես պնդում եմ, որ չկա նման տեսանյութ և չի կարող լինել: Այդ մասին փաստել է նույնիսկ Սամվել Նիկոյանը, ով այս ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարեց, որ 2008 թվականի 1-2-ին ցուցարարների հետ շփված ոչ մի ոստիկան հրազենային վնասվածք չի ստացել: Թող ապացուցեն հակառակը: Չկա նման տեսագրություն: ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է»:
Ն. Փաշինյանը նաև անդրադարձավ հայտնի 0038 գաղտնի հրամանին. «Նույն Գևորգ Կոստանյանը փորձեց տպավորություն ստեղծել, թե այս հրամանը ստորագրվել է ՀՀ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Սա նույնպես ստահոդ հայտարարություն է, որովհետև 0038 հրամանով ձևավորվել է Երևան քաղաքի կայազոր, և կայազորի պետ է նշանակվել Յուրի Խաչատուրովը, նրա համար ձևավորվել է աշխատակազմ, այդ աշխատակազմում ներգրավվել են ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաններ, և հետագայում այս կայազորի գործառույթը եղել է ՀՀ-ի սահմաններից հայ-ադրբեջանական շփման գծից զինտեխնիկա և զինվորներ տեղափոխել Երևան քաղաքի կենտրոն՝ ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու և նրանց բարձրացրած բողոքը ճնշելու համար»:
Ն. Փաշինյանը նաև նշեց, որ չի հավատում, որ նախաքննություն է ընթանում Մարտի 1-ի գործով. «Սուտ է, ոչ մի նախաքննություն էլ չի կատարվում, ոչ մի գործողություն էլ չի կատարվում: Եթե կարող են, թող ապացուցեն հակառակը»: