Ադրբեջանական սադրանքի արդյունքում Ստամբուլում արգելել են իրանահայ ռեժիսորի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է «Ֆիլմմոր» կանանց ֆիլմերի միջազգային փառատոնում իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Ահվալնյուզ»-ը, ֆիլմի ցուցադրության արգելը պատճառաբանվել է «արտակարգ դրության ռեժիմով ու անվտանգության նկատառումներով»:
Փառատոնի ներկայացուցիչ Մելեք Օզմանը «Բիանեթ»-ի հետ զրույցում, սակայն, խոստովանել է, որ ի սկզբանե Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը նամակ է հղել Ֆրանսիական ինստիտուտին, որտեղ որ պետք է անցկացվի փառատոնը՝ խնդրելով չեղարկել «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: «Այնուհետև նրանք դիմել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, նույնիսկ անձամբ նախարարին»,- ասել է Օզմանը:
Այնուհետև փառատոնը պաշտոնական հրահանգ է ստացել թուրքական իշխանություններից՝ արգելելու ֆիլմի ցուցադրությունը:
Ադրբեջանի իշխանությունները պնդել են, որ ֆիլմը տպավորություն ստեղծում, որ Ղարաբաղը հայկական տարածք է:
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադիի ֆիլմը պատմում է Եվա անունով կնոջ մասին, որ կարողանում է ամուսնու մահից հետո փախչել նրա ազդեցիկ բարեկամների մոտից դստեր՝ Նարեի հետ, և ապաստան է գտնում Հայաստանի՝ Ղարաբաղի գյուղերից, որտեղ էլ շարունակում է թաքնված ապրել: Նախորդ տարի ֆիլմը Հայաստանի կողմից ուղարկվել էր Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգին մասնակցելու համար, սակայն չէր ընդրկվել հիմնական ցուցակում:
https://www.youtube.com/watch?v=gvjv_AST0lA