«Պոմպեոյի օրոք ԱՄՆ-ը կբավարարվի դիվանագիտական ներկայությամբ Ղարաբաղյան բանակցություններում». Տարասով

«Թրամփին կբավարարի շատ պասիվ ներկայությունը Հարավային Կովկասում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկությանն ու այդ պաշտոնում ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյի նշանակմանը:

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ պետքարտուղար Թիլերսոնը, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամերիկամետ արտաքին քաղաքականությանը, սկսել էր իրականացնել նախկին վարչակազմի` Օբամայի աշխատակազմի արտաքին քաղաքականությունը, որն ըստ էության արմատապես հակասում էր Թրամփի հայացքներին:

«Թրամփը նախ ծանոթ չէ Հարավային Կովկասին, այն ԱՄՆ-ից շատ հեռու է, ուստի Թրամփն այս տարածաշրջանում շահեր չի փորձում փնտրել, և ակտիվ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը վերանում է: Թրամփին կբավարարի շատ պասիվ ներկայությունը Հարավային Կովկասում՝ որպես գերտերություն, բայց կարծում եմ` Պոմպեոյի նշանակումը Հարավային Կովկասի համար նշանակում է՝ մեծ հետընթաց Հարավային Կովկաս-ԱՄՆ կապերի հարցում: Այստեղ միայն գուցե այլ վերաբերմունքի արժանանա Վրաստանը, որը որոշ ոլորտներում հատուկ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ և որդեգրել է եվրոատլանտյան ինտեգրացիայի ճանապարհը»,- ասաց Տարասովը:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, ըստ Ստանիսլավ Տարասովի, Ղարաբաղյան հակամարտության գոտում Պոմպեոն ամերիկյան քաղաքականության լուրջ փոփոխությունների չի գնա: «Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, և համապատասխան դիվանագետը կզբաղվի իր աշխատանքով, բայց հատուկ նախաձեռնություններ չեն լինի ԱՄՆ-ի կողմից, ինչպես Ուորլիքի և Հոգլանդի ժամանակ: Պոմպեոյի օրոք ԱՄՆ-ը կբավարարվի դիվանագիտական ներկայությամբ Ղարաբաղյան բանակցություններում, բայց կարգավորմանն ընդառաջ՝ դիվանագիտական նախաձեռնություններ չեն լինի»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:

Վերջինիս կարծիքով՝ Պոմպեոն հնարավորություն չունի ակտիվ և սեփական կարծիքը թելադրող պետքարտուղար լինել, քանի որ Թրամփը ցանկանում է իր մոտեցումները թելադրել, իսկ դրանց արտաքին քաղաքական շրջանակը շատ ընդարձակ չէ:

Տեսանյութեր

Լրահոս