Ի՞նչ է կատարվում մարզերի դպրոցներում. Հերթական ահազանգը Արմավիրի մարզի Դողս գյուղի դպրոցի մասին
Արմավիրի մարզի Դողս գյուղի նախկին բնակչուհուց ստացել եմ մի նամակ, որը թե՛ հպարտության զգացում, թե՛ զայրույթի ալիք է բարձրացրել մեջս: Հպարտ եմ զգում նամակագրի քաղաքացիական կերպարի ու պատասխանատվության շատ բարձր զգացման, մեր հասարակության մեջ այսպիսի ՔԱՂԱՔԱՑԻ ունենալու համար, սակայն ինձ զայրացրել է Դողս գյուղի դպրոցի մասին իր նկարագրածը: Աննշան փոփոխությամբ հրապարակում եմ այդ նամակը, որով հերթական անգամ ուզում եմ հրավիրել Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյանի ուշադրությունը նամակում նկարագրված վիճակի վրա: Հատկապես աշխատավարձերի ու դպրոցում դասապրոցեսի կազմակերպման գործընթացի վրա: Հուսամ, այս նամակը կսթափեցնի թե՛ մարզպետին, թե՛ տնօրենին ու ինչպես ես եմ այս նամակը հրապարակավ ներկայացնում, այնպես էլ կունենանք հրապարակային պատասխան:
«Ծնունդով Արմավիրի մարզի Դողս գյուղից եմ։ Շատ եմ մտահոգվում գյուղիս ու դպրոցիս մասին, դրա համար էլ Ձեզ եմ գրում։ Մեր դպրոցի 23 տարվա տնօրենն այդ տարիների ընթացքում դպրոցը ճզմելուց և երեխաներին դեգռադացնելուց բացի ոչինչ չի արել։ Ունենալով հայավարի ասած այսպես կոչված լավ թիկունք, 23 տարի շարունակ ինչ֊ինչ ձևերով մնալով պաշտոնում ոչինչ չի արել դպրոցի առաջխաղացման, երեխաների զարգացման, դասապրոցեսի ճիշտ կազմակերպման համար։ Ավելացնեմ, որ դպրոցում ահավոր է կազմակերպվում դասապրոցեսը։ Ով երբ ուզի, ոնց ուզի վիճակ է։
Նաև աշխատավարձերից անհասկանալի պահումներ է անում` ստորագրել տալով մեկ գումարի դիմաց, բայց լրիվ այլ գումար տալով։ Այսքան ժամանակ ոչ ոք ձայն չի հանել աշխատանքը չկորցնելու և այդ չեղած գումարից էլ չզրկվելու պատճառով, բայց այլևս հերիք է։ Ժամանակն է պատասխան տան երեխաների ապագան փչացնելու և հայրենիքի “հերն անիծելու” իրենց “սուրբ” գործի համար։»
Հ.Գ. Արմավիրի մարզի Դողս գյուղի դպրոցի տնօրեն Գոհար Ավետիսյանին խորհուրդ չէի տա զբաղվել նամակի հեղինակի շատ տարածված փնտրտուքով ու դպրոցի մանկավարժներին, երեխաներին ահաբեկելով: Դա իր համար շատ ավելի վտանգավոր ու անհեռանկարային կլինի: Խոստանում եմ:
Անահիտ Բախշյան
Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ
16.03.2018թ.