«ՌԴ-ն հետևություններ արել է». Դավիթ Բաբայանը՝ Կոնստանտին Կոսաչովի հայտարարության մասին
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը երեկ ՀՀ ԱԺ-ում խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ասել է, թե ՌԴ-ն հետևություններ է արել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, և այժմ նույն մասշտաբի զենք չի վաճառում Ադրբեջանին, ինչ մինչև այդ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով Կ. Կոսաչովի այս հայտարարության մասին, կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն այն երկիրն է, որին նույնիսկ պարսատիկ չի կարելի վաճառել.
«Հենց այս փիլիսոփայությամբ պետք է առաջնորդվենք: Կամաց-կամաց նաև Ռուսաստանն է վերանայում այս հարցը: Հույս ունենք, որ կգա պահ, որ այդ երկրին ընդհանրապես զենք չեն մատակարարի, որովհետև այդ նույն զենքը նույն Ադրբեջանն օգտագործելու է նույն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի դեմ: Արդեն իսկ օգտագործում է: Տենդենցը խոստումնալից է, և կարծում ենք՝ պահ կգա, որ ընդհանրապես կդադարեցվի Ադրբեջանին որևէ զենքի մատակարարումը»:
Հարցին՝ ի՞նչ եք կարծում, Հայաստանի կողմից չպե՞տք է նման պահանջ դրվի, թե՞ ուղղակի հայտարարությունների մակարդակով այդ խնդիրը բարձրացնելը բավարար է, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Եթե որևէ մեկը գտնում է, որ ՀՀ-ն քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ, չարաչար սխալվում է: Այստեղ բղավելը, գոռգոռալը, հիստերիայի մեջ ընկնելը չի նշանակում, որ այդ մարդիկ ավելի հայրենասեր են: Հայրենասիրության չափման միավորը բղավելը չէ: Դա դիտարկել՝ որպես պատեհ առիթ, որպեսզի ՌԴ-ի հետ կապերը վատթարացվեն, ճիշտ չէ:
Պետք է պարզապես հասկանալ, որ իրենք էլ ունեն իրենց ազգային շահերը: Պետք է այնպես անել, որ Ադրբեջանին, որը ահաբեկչական երկիր է, որևէ մեկը զենք չմատակարարի, ու սա ոչ միայն ՌԴ-ին է վերաբերում: Պետք է անենք այնպես, որ ոչ մի երկիր Ադրբեջանին զենք չմատակարարի»:
Հարցին էլ՝ Կ. Կոսաչովի այս հայտարարությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ ՌԴ-ն իսկապես հետևություններ է արել, թե՞ սա արվեց Հայաստանում տրամադրությունների վրա ազդելու համար. Դ. Բաբայանն այսպես պատասխանեց.
«Չէ, դա տրամադրությունների վրա ազդելու խնդիր չէ: Կարծում եմ՝ հետևություններ արվել են: ՌԴ-ն հետևություններ արել է և՛ ապրիլյան պատերազմից հետո, և՛ հիմա: Օրինակ, մենք գիտենք, որ, եթե այստեղ բռնկվի երկարատև լայնածավալ պատերազմ, կամա թե ակամա, ուզած թե չուզած, այդ երկրներն էլ են դառնալու պատերազմի մասնակիցներ: Իհարկե, պետք է հարաբերությունները խորացնենք և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ: Ես կարծում եմ՝ մենք իրավունք չունենք էքպերիմենտներ անել, վտանգել հայ ժողովրդի ապագան ինչ-ինչ ծայրահեղ, աննորմալ գաղափարների պատճառով»: