 
                        «Պետք է հստակ ձևակերպել և ձևավորել այն բիզնեսմենների ժամկետները, որոնց հետ պայմանավորվել ենք». Կարեն Կարապետյան
 
                                    Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց Լիբանան կատարած այցի արդյունքները: Ըստ նրա՝ այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների, բանկային համայնքի պատասխանատուների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Ելնելով դրանից` վարչապետը հանձնարարեց արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին` մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետում կատարելու ուղղությամբ, կառավարության աշխատակազմ, հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների` օրակարգային հարցերի ձևավորման, ինչպես նաև քննարկել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ:
«Այստեղ նաև պետք է հստակ ձևակերպել և ձևավորել ժամկետները այն բիզնեսմենների, որոնց հետ պայմանավորվել ենք իրենց այցերը կազմակերպելու վերաբերյալ»,- ասաց Կ.Կարապետյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        