«Հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի». Ալեքսանդր Դուգին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է ռուս հայտնի ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հետ

– Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը, որը հաջողությամբ համագործակցում է Սիրիայի հարցի շուրջ, մոտ ապագայում կամ երկարաժամկետ հեռանկարում կարո՞ղ է փորձել նմանատիպ խնդիրներ լուծել նաեւ Հարավային Կովկասում, որպեսզի, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվի Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափի շրջանակներում:

– Նախ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խնդիրն է: Դա ոչ միայն պետությունների, այլեւ ժողովուրդների հարաբերություն է: Այստեղ Թուրքիայի մասնակցությունը պայմանական ասած՝ Ադրբեջանի կողմից, Իրանի մասնակցությունը պայմանական ասած՝ Հայաստանի կողմից եւ Ռուսաստանի մասնակցությունը եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի կողմից սկզբունքորեն կարող է աշխատել: Ինչո՞ւ ոչ:

Գլխավորը՝ որքան հնարավոր է հեռու քշել Արեւմուտքին, որը, չհասկանալով տարածաշրջանի խնդիրները եւ չկարողանալով նույնիսկ լուծել սեփական ազգային հիմնախնդիրները, մեջ է ընկնում իրենց չափանիշներով, որոնք գործուն չեն, չեն աշխատում: Իսկ եվրասիական տերությունները, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, բազմազգ պետություններ են, ունեն ազգային եւ կրոնական խմբերի միջեւ հարաբերությունների մեծ փորձ, կարող են փոխլրացնել միմյանց նման հարցերում:

Օրինակ՝ Ռուսաստանը միայն քրիստոնեական երկիր չէ: Այո, մենք ուղղափառ երկիր ենք, բայց մեր երկրում ապրում են նաեւ մեծ թվով մուսուլմաններ, ուստի չենք կարող նայել մուսուլմաններին որպես մեր թշնամիների: Թուրքիան եւ Իրանը մուսուլմանական երկրներ են, բայց Թուրքիային ազգային ընդհանրության հիման վրա կապված է ադրբեջանցիների հետ, իսկ Իրանը պատմական արմատների, հնդեվրոպական ընդհանրության հիման վրա՝ հայերի հետ, առավել եւս, որ Իրանն ունի «հարավային Ադրբեջանի» խնդիր:

Այսպիսով, այս կոնֆլիկտի, այս եռանկյունու ցանկացած կողմ ունի իր հետաքրքրություններն ու գերակայությունները, եւ դրանց գումարման եւ ուշադիր ու հանգիստ իմաստավորման դեպքում կարող ենք հասնել ղարաբաղյան խնդրի լուծմանը, մանավանդ, որ շրջանների ազատագրման ալգորիթմն արդեն մշակված է: Շատերը դա մեկնաբանում են որպես Ղարաբաղի հանձնում, բայց դա այդպես չէ: Ոչ:

Խոսքը Երեւանի եւ Բաքվի միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու մասին է: Ես հասկանում եմ, որ թե՛ Երեւանում եւ թե՛ Բաքվում «կառուցողական երկխոսություն» բառից սկսվում է ճիչ ու ոռնոց, եւ դա միանգամայն հասկանալի է: Սա շատ նուրբ խնդիր է:

Բայց ես, որպես ռուս մարդ, կարող եմ ասել, որ մենք շատ կուզենայինք, որպեսզի այդ կառուցողական երկխոսությունը, այնուամենայնիվ, սկսվի: Եվ հայկական կողմից Ադրբեջանի հինգ, ոչ թե յոթ շրջանների վերադարձը՝ որպես բարի կամքի դրսեւորում, կարող է կարեւոր եւ նույնիսկ վճռական քայլ լինել դեպի իրավիճակի դեէսկալացիա, լարվածության թուլացում: Դրանից հետո ռազմական բախման վտանգը էապես կնվազի: Հետո կսկսվի դրանից որոշ օգուտներ ստանալու գործընթացը: Ես ուշադրություն դարձրեցի այն հանգամանքի վրա, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական եւ թե՛ ռուսական մամուլում հինգ շրջանների փոխանցման նախագիծը ադեկվատ կերպով չի մեկնաբանվում:

– Բայց նման նախագիծ գոյություն չունի: Կան Մադրիդյան սկզբունքները: Ուզում եք ասել, որ նման նախագի՞ծ կա:

– Այո, հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի: Այն քննարկվել է մեր երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից: Բայց այս երեք երկրներում այն տարբեր կերպ է մեկնաբանվում: Ադրբեջանական մամուլում այն գնահատվում է որպես հաղթանակ՝ «հայերից խլենք այդ հողերը», հայկական մամուլում դա գնահատվում է որպես դավաճանություն, իսկ ռուսական մամուլը բացարձակապես անտարբեր է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս