«Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որը ձեռնտու է Հայաստանին». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ ասաց՝ ԱՄՆ-ում կա որոշակի հույս, որ ՌԴ-ում տեղի կունենան որոշակի փոփոխություններ և ՌԴ նախագահի պաշտոնում Պուտինը չի վերընտրվի. «Սա քիչ հավանական սցենար է, քանի որ ՌԴ նախագահի վարկանիշը բարձր է, այսօր նա չունի մրցակիցներ։ ՌԴ նախագահի ընտրությունն արդեն կանխատեսելի է, և սրանից հետո չեմ պատկերացնում, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում դրական տեղաշարժ կլինի, սանկցիաների ռեժիմը շարունակելու է պահպանվել և խորանալ»

Ինչ վերաբերում է հայ ամերիկյան հարաբերություններին, նա ասաց, որ երկու կարևոր կոմպոնենտ կա՝ հայ-ամերիկյան հարաբերություններ և հայ-ռուսական հարաբերություններ. «Այն պատժամիջոցները, որ ԱՄՆ-ը կիրառում է ՌԴ-ի դեմ, դրա երկրորդային ալիքը հարվածելու է նաև Հայաստանին, Հայաստանի տնտեսությանը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու տնտեսական թիվ 1 գործընկերն է, մեր հիմնական առևտուրը ՌԴ-ի հետ է, և տնտեսական ծանր վիճակը ՌԴ-ում, բնականաբար, բացասական անդրադարձ է ունենալու նաև Հայաստանի վրա»։

Մյուս խնդիրը, ըստ Սարգսյանի՝ վերաբերում է ռուսական զենքի վաճառքին. «Ամերիկյան պատժամիջոցները, որոնք կիրառվելու են ռուսական ռազմաարդյունաբերական ոլորտի գիգանտների դեմ, նույնպես կարող են վտանգ ներկայացնել Հայաստանի համար։ Եթե Հայաստանն ընդամենը 1 հնարավոր շուկա ունի, որտեղից կարող է զենք ու զինամթերք ձեռք բերել, և դա ՌԴ-ն է, ապա Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Թուրքիայից, Իսրայելից, Սաուդյան Արաբիայից, Պակիստանից և այլ պետություններից։

Այսինքն՝ եթե այդ սանկցիաները ռուսական կազմակերպությունների դեմ կիրառվեն և կիրառվեն նաև Հայաստանի դեմ, դա կնշանակի, որ տարածաշրջանում զորքի և զինված ուժերի հավասարակշռությունը կխախտվի, ինչը շատ ծանր հետևանքներով է հղի։ Մեր հարևանները կօգտվեն իրավիճակից, եթե նման իրողության հետ բախվենք։ Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների երկրորդական ալիքը մեր նկատմամբ չի կիրառի, և հնարավոր կլինի շարունակել ՌԴ-ից ձեռք բերել ռազմական տեխնիկա՝ չնայած ամերկյան հնարավոր սանկցիաներին»։

Անդրադառնալով Արցախի հարցին՝ նա ասաց, որ ՄԽ-ն միակ ձևաչափն է, որը ձեռնտու է Հայաստանին. «Դա միակ պլատֆորմն է, որտեղ հակասություններ չկան։ Ես առիթ եմ ունեցել ամերիկացի նախկին համանախագահների հետ խոսել, նրանք ասում են, որ փայլուն հարաբերություններ են ունեցել իրենց ռուս գործընկերների հետ՝ չնայած ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշակի լարվածությանը։ Եթե ՄԽ-ն վերանա, դրա փոխարեն ոչինչ հնարավոր չի լինի հավաքել։

Այդ դեպքում Ադրբեջանը եթե փորձի խնդիրը տեղափոխել ՄԱԿ, մեզ կատարյալ ֆիասկո է սպասվում, որովհետև իսլամական կոնֆերանսի անդամ պետությունները մշտապես աջակցում են Ադրբեջանին։ Իսկ մեզ համար չափազանց բարդ է լինելու ՄԱԿ-ի բանաձևերի դեմ պայքարելը՝ Ադրբեջանի և Թուրքիայի նման թշնամիներ ունենալով։ Դրա համար ամեն կերպ պետք է աջակցենք ՄԽ-ին»։

Տեսանյութեր

Լրահոս